ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ

ԱՄՆ-ն նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ Reuters-ի՝ ՄՔԴ պաշտոնյաներն արդեն հանդիպումներ են անցկացրել կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների հետ, քննարկել պատժամիջոցների հնարավոր հետևանքները:

Նշվում է, որ պատժամիջոցների հետևանքով դատարանը կարող է դժվարություններ ունենալ իր աշխատակիցներին վճարելու հարցում, ՄՔԴ գրասենյակներում կարող է սահմանափակվել բանկային հաշիվներին և համակարգչային ծրագրերին մուտքի հնարավորությունը:

Նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ վարչակազմը մի քանի անգամ արդեն պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ-ի դեմ: Թրամփը ՄՔԴ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ փետրվարի 6-ին հրամանագիր է ստորագրել: Ամերիկյան կառավարությունը մեղադրել էր դատարանին Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, մասնավորապես, Իսրայելի դեմ անօրինական գործողությունների մեջ:

ԱՄՆ-ն կարծում է, որ ՄՔԴ-ն չարաշահել է իր լիազորությունները՝ անհիմն ձերբակալման օրդերներ տալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար: Հրամանագիրը թույլատրում է ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել դատարանի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են ամերիկացի քաղաքացիների կամ նրանց դաշնակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետաքննություններում։

Կարդացեք նաև

Back to top button