
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ խորհրդարանում այսօր լսումներ են անցկացվել «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը և երեխայի իրավունքների պաշտպանության պետական քաղաքականությունը» թեմայով:
Մեծահասակները երեխաների աչքերում պետք է տեսնեն ոչ թե անօգնականություն ու վախ, այլ անվերջ հնարավորություններ՝ ԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող լսումների ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը վստահեցրեց, որ պետական և կառավարական մարմինները երեխայի իրավունքների պաշտպանությունը մշտապես պահում են իրենց ուշադրության կենտրոնում։
«Մեր ամենամեծ պարտքը մեր երեխաների առաջ ոչ թե թանկարժեք նվերներն են, այլ այն միջավայրը, որ մենք նրանց կժառանգենք»։
«Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է դեռևս 1996 թ․։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը նշեց, որ հետագա տարիներին օրենքը առանձին փոփոխությունների է ենթարկվել, սակայն այսօր արդեն չի ապահովում ոլորտում առկա խնդիրների համապարփակ և համակարգային կարգավորումը։
«Հենց այդ պատճառով էլ մշակվել է օրենսդրական նոր փաթեթ, որը հնարավորություն կտա երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտ ներդնելու համակարգային լուծումներ»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, սակայն, հիշեցրեց, որ արդեն որոշ բարեփոխումներ են կատարվել։
«Շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե հինգ անգամ կրճատվել է՝ 2014 թ․ 2․000 երեխաներից հասնելով մոտ 400-ի 2024 թ․ վերջի դրությամբ։ Կարևորելով խնամատարության ինստիտուտի դերը՝ 2018–2025 թթ․ գրանցվել է խնամատար ընտանիքներում խնամքի կազմակերպման ծավալների կտրուկ աճ։ Ըստ այս պահի տվյալների՝ խնամատարության հանձնված երեխաների թիվը հասնում է 188-ի, իսկ ընտանեկան կազմի թվաքանակը՝ 108-ի»։
Արսեն Թորոսյանը կարծում է, որ օրենսդրական փաթեթի ընդունումն անհրաժեշտ է նաև երեխայի՝ ընտանեկան միջավայրում ապրելու համար։
«Մենք պարտավոր ենք ապահովել, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում մեծանա միջավայրում, որտեղ սերն ու պաշտպանությունը գերակշռեն անտարբերության ու վտանգի նկատմամբ։ Չմոռանանք, որ երեխաների անվտանգությունը և լիարժեք զարգացումը հնարավոր չեն առանց խաղաղության»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ ընդգծեց առկա խնդիրներն ու մարտահրավերները, որոնք, ըստ նրա, բազմաթիվ են Հայաստանում։ Պաշտպանը խոսեց մասնավորապես երեխայի նկատմամբ բռնության դեպքերին պատշաճ արձագանքման մեխանիզմների անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ սխալ պատկերացում կա, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը քիչ են Հայաստանում։ Իրականում դրանք շատ են թե՛ ընտանիքում, թե՛ հաստատություններում՝ ասաց Մանասյանը։ Եվ խոսքը ոչ միայն ֆիզիկական բռնության մասին է, այլև հոգեբանական, տնտեսական և սեռական։
«Ցավալի մի փաստ, որ այդպիսի դրսևորումների պարագայում կա՛մ ճանաչելի չեն այդ բռնության ձևերը, կա՛մ ճանաչելի լինելու պարագայում շատերը նույնիսկ չեն էլ բարձրաձայնում դրա մասին»։
Մանասյանն ասաց, որ պետական մարմիններն ու մասնագիտական համայնքները հաճախ չեն ճանաչում բռնության տարբեր ձևերը։ Սեռական բռնության դեպքերում էլ մարդիկ խարան են համարում բարձրաձայնելը։ Որպես հետևանք խնդիրները մնում են չլուծված։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաճյանը նույնպես անդրադարձավ այս թեմային՝ չհերքելով, որ դպրոցներում էլ են արձանագրվում բռնության ու ստորացման դեպքեր։
«Բնականաբար, բռնությունը և բուլինգը պետք է բացառել դպրոցում, և դրան հասնելու համար մեծածավալ աշխատանք պետք է կատարվի։ Այս ուսումնական տարին մենք հռչակել ենք անվտանգ և ապահով կրթական տարի, և ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալի միջոցառումներ են պլանավորված ու դպրոցներում պետք է կատարվի այնպիսի աշխատանք, որ թե՛ կարողությունների զարգացման, թե՛ ընթացակարգերի հայտնաբերման ուղղորդումների ձևաչափով կարողանանք ուսումնական հաստատություններում էապես նվազեցնել բռնության ու բուլինգի դրսևորումները»։
Խորհրդարանական լսումներին մասնակցող մասնագետները եզրակացնում են, որ երեխայի իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլև լայնածավալ միջոցառումներ, պետական և հասարակական կառույցների սերտ համագործակցություն, ինչպես նաև առողջ և ապահով միջավայր յուրաքանչյուր երեխայի համար:




