ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ի՞նչ է փոխվել Հայաստանի ֆինանսական կյանքում օգոստոսի 8–ից հետո․ արդյունքներն ամբողջական կլինեն այս եռամսյակն ամփոփելիս

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել պետական բյուջեի 2025 թ․ առաջին կեսի ցուցանիշները։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են առաջին կիսամյակի ծրագրի 85,2 %-ը: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ պետական բյուջեի ծախսերն աճել են 19,4 %-ով կամ 234 մլրդ դրամով։ Դա պայմանավորված է մեծ մասամբ կապիտալ ծախսերի, սոցիալական նպաստների և կենսաթոշակների աճով: Իրավաբանական անձանց կապիտալի մեջ կատարված ներդրումներից հունվար-հունիս ամիսների ընթացքում ստացվել են 13,7 մլրդ դրամի շահաբաժիններ՝ ծրագրված 71 մլն դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ դրամի դիմաց: Մուտքերի նման աճը պայմանավորված է գլխավորապես Զանգեզուրի պղձնամոլիբդենային կոմբինատին և «Վիվա Արմենիա» ընկերությանը պետական մասնակցության դիմաց համապատասխանաբար ավելի քան 11 մլրդ և 2 մլրդ դրամ շահաբաժիններով։

Ի՞նչ փոխվեց Հայաստանի ֆինանսական կյանքում օգոստոսի 8–ից հետո։ Ֆինանսների նախարարն ընդգծում է՝ արդյունքները նկատելի կլինեն երրորդ եռամսյակը վերլուծելիս։ Բայց և նշում է, որ շուկաներն արագ են արձագանքել։ Այս պահին հստակ է, որ Հայաստանի պարտքն ավելացել է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Գրիգորյանն է հիշեցնում․

«Պարոն Հովհաննիսյան, ճիշտն ասած, ինձ հետաքրքրում է՝ անցած տարվա նույն այս ժամանակահատվածի համեմատ՝ արտաքին պարտքը աճե՞լ է, թե՞ ոչ, և եթե աճել է, ինչի՞ հաշվին և, եթե չի աճել, խնդրում եմ հստակեցնել։ Լիագումար նիստերի դահլիճում տարբեր ձևերով մանիպուլացնելու են, թվեր են ասելու, որ ոնց կարդում ես էդ թվերը, ոչ մի տեղ չես գտնում»։

Նախարարի ներկայացրած թվերը վիճակագրության մեջ արտացոլված են։ Վահե Հովհաննիսյանը 2024 թ․ դեկտեմբերը այս տարվա առաջին կեսի հետ է համեմատում․

«Եթե դոլարով նայենք, մոտ 1 մլրդ դոլարով պարտքը ավելացել է։ Սա պայմանվորված է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկմամբ, որը տեղի ունեցավ այս տարվա մարտին։ Օգոտսոսի 8–ից հետո երկրորդային շուկայում եկամտաբերությունը նվազում է»։

Իսկ սա  նշանակում է, որ ներդրողները համեմատաբար ավելի մեծ վստահություն ունեն պետության կամ ընկերության ֆինանսական կայունության նկատմամբ։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հետաքրքրվում է․

«Խնդրում եմ, նշեք, ինչպե՞ս եք դա պարզել, քանի որ տոկոսադրույքի անկում կա ամբողջ աշխարհում։ Դրա հետ կապված մենք հիմա ինչքա՞ն պարտատոմս ունենք։ Կես միլիոն վաճառքը ոչինչ չի նշանակում․ հանգիստ կարելի է կազմակերպել այս հայտարարության համար։ Գործարքների ծավալը օգոստոսի 8–ից հետո որքա ՞ն է»։

Նախարարի տեղեկացմամբ՝ խնայողական պարտատոմսերի տոկոսադրույքը 9,27 է։ Այն սովորաբար կայուն է, բայց փոխվում է ավանդների տոկոսադրույքներով պայմանավորված։ Խնայողական պարտատոմսերը գլխավորապես ֆիզիկական անձանց համար են, որպեսզի նրանք կարողանան իրենց խնայողությունները պահել։ Հայաստանն այս պահին թողարկված երեք եվրոբոնդ ունի՝  ասում է Վահե Հովհաննիսյանը․

«Մեկը մարվելու է 2029–ին, մյուսը՝ 2031–ին, 2035 թ կմարվի այս տարվա թողարկածը։ Ընդհանուր ծավալը մոտ 2 մլրդ է։ Բոլորի հետ կապված ունեցել ենք նվազումներ։ Տոկոսադրույքը կարող է նվազել, բայց մենք ռիսկի հավելավճարի մասին ենք խոսում»։

Ռիսկի հավելավճարն այն լրացուցիչ եկամուտն է, որը ներդրողներն ակնկալում են որպես փոխհատուցում վտանգի դիմաց: Այն ցույց է տալիս, թե որքան ավելի շահույթ է պահանջվում ռիսկային ներդրումներից:

Իսկ Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կեսին կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ կամ 13 մլրդ 852 մլն դոլար: Ֆինանսների նախարարն ընդգծում է․

«Պետական պարտքը 2025 թ առաջին կեսին աճել է 4,5 %–ով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7,9 %–ով: Դրամային և արտարժութային ցուցանիշների փոփոխությունների տարբերությունը պայմանավորված է պարտքի փոխարկման համար կիրառված՝ 2024 թ վերջի և 2025 թ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տարբերվող արժեքներով՝ համապատասխանաբար 396,6 և 384,3 դրամ»։

Կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 4,8 %–ով, իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2,2 %–ով: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է, որ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկի ցուցանիշներն իրենց ուղենիշների մեջ են: Միջին կշռված տոկոսադրույքը 2025-ի առաջին կեսին 2024-ի վերջի համեմատ մնացել է նույն մակարդակի վրա՝ 7,2 %: 

2024 թ․ հունվար-հունիս ամիսների համեմատ՝ կառավարության պարտքի սպասարկման ծախսերն աճել են 10,4 %-ով կամ 15,9 մլրդ դրամով: Աճն արձանագրվել է ներքին տոկոսավճարներում՝ մեծ մասամբ շրջանառության մեջ գտնվող գանձապետական պարտատոմսերի ծավալների աճով պայմանավորված:

Բյուջեի կատարողականի ապահովման հարցում կարևոր դեր ունեն տնտեսական ցուցանիշները։ Իսկ ՀՀ–ում, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, տնտեսական ցուցանիշները բարձր են։ Բայց որոշ ճյուղերում գրանցվել է անկում։ Կիսամյակային տվյալներով՝ արտահանումը նվազել է շուրջ 52 %–ով։ Այստեղ էական դեր է խաղացել վերարտահանման նվազումը։ Նախարարի խոսքով՝ տեղական ապրանքների արտահանումն ավելացել է շուրջ 10,5 %–ով։

«Հունվար-հունիս ամիսներին ապրանքների ներմուծումը նվազել է 38,6 %–ով, որը նույնպես պայմանավորվել է վերարտահանման կտրուկ նվազմամբ»։

ՊԵԿ նախագահը հիշեցնում է արտահանման խնդիրների մասին։ Էդուարդ Հակոբյանը վտսահեցնում է՝ արտահանողներին 24/7 ռեժիմով սպասարկում են։

«Վրաստանի ու ՌԴ էկոնոմիայի նախարարության գործընկերների հետ օպերատիվ կապի մեջ ենք, որպեսզի լոգիստիկ խնդիրնեը հնարավորինս շուտ լուծվեն։ Փաստ է, որ հայկական ապրանքների արտահանումն աճում է։ Պետք չէ խոսել ամբողջ թվերի մասին․ պետք է խոսել հայկական ապրանքների, ոչ թե վերարտահանումների նվազման մասին»։

Իսկ բյուջեի կապիտալի ծախսերն ավելացել են՝ կիսամյակային տվյալներով։ Եկամուտների կատարողականը բարձր է։ 2024 թ․ առաջին կեսի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտներն աճել են 15,2 %‑ով կամ 189,4 մլրդ դրամով։ Դա պայմանավորված է մեծ մասամբ հարկային և այլ եկամուտների աճով:  Հարկային եկամուտների և պետական տուրքերի ավելի քան 30 %‑ն ապահովվել  են  ավելացված արժեքի հարկի հաշվին:  Նախորդ տարվա առաջին կեսի համեմատ ավելացել են թե՛ ՀՀ ներմուծվող, թե՛ հանրապետությունում արտադրվող ենթակցիզային ապրանքների գծով հարկային մուտքերը:

Կարդացեք նաև

Back to top button