
ՄԱԿ-ում Կիևի մշտական ներկայացուցիչը կարծում է, որ միայն ԱՄՆ–ն կարող է Ռուսաստանը վերադարձնել խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ։ Անդրեյ Մելնիկը ակնկալում է, որ Նյու Յորքում նախատեսված Զելենսկի-Թրամփ հանդիպումն էական նշանակություն կունենա խաղաղության հասնելու գործում։ Սրան զուգահեռ՝ Ուկրաինայի նախագահը շեշտում է ՌԴ–ի նկատմամբ խիստ պատժամիջոցների նոր փաթեթի գործարկման անհրաժեշտությունը։
Միայն Միացյալ Նահանգները՝ աշխարհի ամենահզոր երկիրը, և նրա նախագահ Դոնալդ Թրամփն են այժմ ունակ Ռուսաստանը վերադարձնելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների հարթակ՝ ասում է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։ Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ընդառաջ նա DW-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ միայն նախագահ Թրամփի հետ է հնարավոր դիվանագիտական նոր ուղի ընտրելը, որը միտված է վերջ տալու ռուս–ուկրաինական պատերազմին։
Մատնացույց անելով Ալյասկայում անցկացված Թրամփ-Պուտին հանդիպումը, նա նշել է, որ նախկինում ոչ ոք չէր փորձում օգտագործել Միացյալ Նահանգների բոլոր լծակներն ու գործիքները՝ ազդելու Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի վրա՝ ստիպելու համար նրան, որ նստի բանակցային սեղանի շուրջ։
Մելնիկի կարծիքով՝ ՄԱԿ ԳԱ այս նստաշրջանը կարևոր կլինի Ուկրաինայում խաղաղության գործընթացի համար։
Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն այդ գագաթնաժողովի շրջանակում։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը շատ է կարևորում այդ հանդիպումը․
«Հույս ունենք, որ Զելենսկին կհանդիպի նախագահ Թրամփի հետ՝ շարունակելու այս շատ դժվար զրույցը՝ Ուկրաինայում խաղաղության կարգավորման պայմանների մասին, որը շարունակվում է անցած ամսվանից։ Լավ զգացողություն ունեմ, որ մենք կկարողանանք գտնել շատ մեղմ միջոց՝ Ռուսաստանին հասկացնելու, որ պատրվակների և բացատրությունների հետևում թաքնվելն այլևս ելք չէ: Մենք պետք է նրանց վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ։ Եվ ցավոք, թվում է, թե Միացյալ Նահանգներն ու նախագահ Թրամփն այսօր միակն են, որ կարող են հասնել այս նպատակին»:
«Եթե ոչ Միացյալ Նահանգները, ապա ո՞վ»,— հռետորական հարց է տալիս ուկրաինացի դիվանագետը՝ ակնարկելով, որ Ուկրաինան կողջունի եվրոպացի գործընկերներին, եթե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու համար նրանք միանան Վաշինգտոնի ջանքերին:
Խոսելով ռուսական կողմից Լեհաստանի և Էստոնիայի օդային սահմանները խախտելու մասին, Մելնիկը հայտարարել է, որ Ուկրաինայի բարեկամները Լեհաստանում, ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում պետք է որոշեն, թե ինչպես արձագանքեն այդ սադրանքներին, ոչ միայն բանավոր կերպով, այլև կոնկրետ քայլերով։ Մոսկվան պետք է տեսնի, որ կա արձագանք, որ ՆԱՏՕ-ի անդամ ԵՄ երկրները կուլ չեն տվել այդ սադրանքը։
Անդրեյ Մելնիկը կարծում է, որ Լեհաստան ռուսական անօդաչու սարքերի ներխուժման նկատմամբ գործնականորեն արձագանք չի եղել։ Նրա համոզմամբ՝ դա շատ վտանգավոր սցենար է, քանի որ Ուկրաինայի եվրոպացի ընկերները պետք է պատրաստ լինեին այդպիսի գործողությունների։ Եվրոպական երկրների անհրաժեշտ արձագանքը, ըստ Մելնիկի, կլինի Ուկրաինայի երկինքը, այսպես ասած, փակելը, ինչը Կիևը խնդրել է ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։
«Օգնե՛ք մեզ, Ուկրաինայի օդային տարածքում որսացե՛ք հրթիռներ և անօդաչու սարքեր։ Ահա թե ինչ ենք մենք կոչ անում մեր գերմանացի, լեհ և եվրոպացի մյուս ընկերներին։ Լրջորեն քննարկեք այս հնարավորությունը, այլ ոչ թե արդարացումներ փնտրեք, ինչպես արել եք վերջին տարիներին և ամիսներին»,- հայտարարել է ուկրաինացի դիվանագետը։
ՄԱԿ ԳԱ նստաշրջանին ընդառաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում խոսել է Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի և Միացյալ Նահանգների նախատեսած պատժամիջոցների 19-րդ փաթեթի անհրաժեշտության մասին։
«Այս շաբաթը մեզ մոտեցրեց ռուսական ագրեսիայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերջնական մշակմանը. սպասում ենք հաստատմանը: Այդկերպ Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները կսահմանափակվեն: «Ստվերային նավատորմի» ենթակառուցվածքները կբախվեն նոր ճնշման: Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող կրիպտոարժութային սխեմաներին նույնպես կհակազդեն Եվրոպայից: Ես շնորհակալ եմ, որ Ուկրաինայի առաջարկներից շատերը հաշվի են առնվել ԵՄ պատժամիջոցների փաթեթում։ Մենք այժմ ակնկալում ենք խիստ պատժամիջոցներ նաև Միացյալ Նահանգներից։ Եվրոպան պահպանում է իր դերակատարումը»։
Զելենսկին հիշեցրել է Լեհաստանի օդային տարածքը խախտելու միջադեպի մասին և հորդորել հակազդել ռուսական մղումներին․
«Բոլորը հիմա տեսնում են Ռուսաստանի միջամտությունը Լեհաստանի, իսկ երեկ՝ Էստոնիայի դեմ։ Սրանք պատահական չեն։ Ռուսաստանը կշարունակի փորձել տարածել իր ագրեսիան և միջամտությունը։ Սա նրանց համակարգն է։ Դրան պետք է հակազդել՝ նաև համակարգայնորեն ու միասնաբար»։
Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել էր ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ նոր փաթեթը ներառում է նաև ռուսական հեղուկ գազի ներմուծման արգելք։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան էլ վստահեցրել էր, որ համակարգված և ուժեղ պատժամիջոցներով կշարունակեն առաջին հերթին թուլացնել ռուսական ռազմական մեքենան։
Նոր պատժամիջոցների փաթեթի առանցքային կետերից մեկը ռուսական գազին է վերաբերում։ ԵՄ–ն մտադիր է ռուսական գազից կախվածությունից լիովին ձերբազատվել 2027 թ․:




