ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՔՊ-ն հռչակում է չորրորդ հանրապետության հաստատումն ու այդ ծրագրով գնում 2026–ի ընտրություններին

Իշխող քաղաքական ուժն այսօր ներկայացրել է ծրագրային այն թեզերը, որոնցով պայքարելու է 5–ամյա կառավարման հերթական մանդատը ստանալու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին փաստաթուղթ է ընդունվել, որը  հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք: Այդ նպատակով ՔՊ-ն, ինչպես փաստաղթում է ձևակերպված, 2026թ. խորհրդարանական հերթական ընտրություններում ՀՀ կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձևավորելով սահմանադրության մեծամասնություն: Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովն առանձնացել է մի շարք փոփոխություններով․ ոչ միայն հռչակագիր, ալև նոր ծրագիր ու կանոնադրություն, նաև՝ վարչության փոփոխված ու ընդլայնված կազմ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ է վերաբերվում այն հեռանկարին, երբ կգա աշխատասենյակներում իր լուսանկարը փոխելու ժամանակը, բայց համոզված է, որ 2026–ը դեռ այդ ժամկետը չէ։ Հակառակ տարբեր սոցհարցումների հրապարակվող տվյալներին, որոնք վկայում են կուսակցության և իր վարկանիշի նվազման մասին, Փաշինյանը լավատես է և ակնկալում է ընտրողների այնքան ձայն, որը սահմանադրական մեծամասնություն ձևավորելու հնարավորություն կտա։ Ընդդիմադիր թևի ճնշումների պատճառով չի պատրաստվում հեռանալ և ստացած մանդատը թեկուզ հետագայում արտապատվիրակել իր թիմից որևէ այլ գործչի, թեև նշում է, որ իր ղեկավարած թիմում կա վարչապետի 5–6 հավանական թեկնածու։

«Ժողովրդից ստացած մանդատը ես անտեր չեմ թողի։ Նույնիսկ չեմ կարող արտապատվիրակել շատ վստահելի մարդկանց, իմ թիմակիցներին։ Կարտապատվիրակեմ այն ժամանակ, երբ դրա համար լինի քաղաքական նախապայման։ Բայց, կներեք, ես չեմ արտապատվիրակողը, ժողովուրդն է և կուսակցությունը։ Դրա համար կլինեն անհրաժեշտ քաղաքական իրադարձություններ կամ քաղաքական զարգացումներ, և երբ գա այդ լուսանկարը փոխելու ժամանակը, այդ լուսանկարն էլ կփոխվի։ Լուսանկարը շատ հեշտ փոխելի է, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Ես շատ լավատես եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որովհետև իմ ներշնչանքի աղբյուրը ոչ թե սոցիոլոգիական հարցումներն են, այլ ժողովուրդը, ում հետ, համարում եմ, ես և մեր քաղաքական թիմը ունենք օրգանական կապ։ Մենք պորտալարով ենք կապված մեր ժողովրդի հետ և զգում ենք նրա զայրույթն էլ, հիասթափությունն էլ, նրա պատգամներն էլ և այդպես շարունակ»։

Նոր հռչակագիր, նոր կանոնադրություն և կուսակցության նոր ծրագիր․ այս ամենի հիմքում, Փաշինյանն ասում է, դրվել են ժողովրդից ստացված պատգամներն ու ցանկությունները։ Խաղաղությունը և իրական Հայաստանի գաղափարախոսությունը համարում է այդ պատգամների իրագործում։

Նոր հռչակագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք, համագումարի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ ներկայացնելով 9 դրույթները, որոնք սահմանում են ՀՀ-ի՝ որպես պետության շարժվելու ուղղությունը։ Միաձայն ընդունված փաստաթուղթը փաստում է, որ ՀՀ-ն 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրով ճանաչված հստակ սահմաններով և սկզբունքներով որդեգրելու է բոլոր հարևանների հետ խաղաղություն եւ բարիդրացիություն հաստատելու մոտեցումը, ակտիվացնելու է Եվրոպական Միությանն անդամագրվելուն ուղղված ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։ Նոր հռչակագրի երկրորդ կետում հստակ ասվում է․

«Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց»։

Սահմանադրությունը փոխելու մոտավոր ժամկետը այսպիսով հստակացվեց՝ 2026–ի հունիսից հետո։ Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, բացառում է, որ երկրի Մայր օրենքում, ինչպես հռչակագրում կամ կուսակցության ծրագրում ամրագրիվի իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

«Որպես այդպիսին, որպես հղում, որպես հիշատակում, ես չեմ կարծում, թե պատեհ է Սահմանադրության մեջ այդպիսի բան գրելը։ Բայց ինքը որպես ենթատեքստ այդ ամեն ինչի, որպես գաղափարական հիմնավորում, գաղափարական հենք պարզ է, որ այդ գաղափարախոսության վրա է հիմնված լինելու, բայց ոչ թե հենց գրվելու է այդ տեքստը, ուղղակի այդ կոնտեքստի վրա, բայց որ հղում լինի դրա վրա։ Ոչ, ես դա ճիշտ չեմ համարում։ Ոչ թե կարծում եմ, համոզված եմ՝ նման բան չի լինի, որովհետև այնուամենայնիվ, Սահմանադրությունը մի քիչ ավելի լայն և ավելի այլ դաշտի փաստաթուղթ է»։   

Արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղությանը կխանգարի իրավիճակը, եթե ասենք՝ ժողովուրդը քվեարկությամբ չընդունի կառավարության առաջարկած նոր Սահմանադրությունը։ Փաշինյանը չի էլ փորձում հարցը դիտարկել այս տեսանկյունից․

«Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի։ Ինչո՞ւ եմ կարծում, որովհետև այս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս ՀՀ-ն սնուցող մայրերի»։

Փաշինյանը վկայակոչում է նախորդ 1 տարին ու  7 ամիսները՝ հայտարարելով, որ այդ ընթացքում հայ–ադրբեջանական սահմանին զինծառայող չի զոհվել և չի վիրավորվել։

Համաժողովի ժամանակ մեկ ժամից ավելի տևած ելույթի ընթացքում վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ խոնարհվեց և ծնկի եկավ՝ հայ ժողովրդի և բոլոր ժամակների նահատակների հիշատակի առաջ։ Համարում է, որ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ  Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառելի միջոցն է և նրանց զոհողություններին մատուցված ամենաարժեքավոր տուրքը․

Կուսակցության նոր ծրագրով Քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է որեգրել մի ռազմավարություն, որի միջոցով ԼՂ–ից բռնի տեղահանվածները կունենան ոչ թե փախստականի, այլ ՀՀ հպարտ քաղաքացու կարգավիճակ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն ունի «բնաբան» մինչև բուն տեքստին անցնելը։

«Բնաբանը և նախաբանը նորություն են, հետևյալն է` Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է։ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։ Այս գաղափարախոսության իրագործումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական և պատմական առաքելությունն է։ Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է` միջազգայնորեն ճանաչված 29 743 կմ² տարածքով»։

ՔՊ–ի նիստը դեռ չավարտված, Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները սկսեցին արձագանքել իշխող կուսակցության համաժողովի ընթացքում հնչած թեզերին և սահմանված նպատակներին։ Արձագանքները սուր են, տեղ-տեղ՝ տարակուսանքով ու մտահոգությամբ, որ ՀՀ անկախության հռչակագրի, պետականության ​​հիմքերի վերանայումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Մինչդեռ իշխող քաղական ուժը համոզված է հակառակում՝ այդ փոփոխություններին գնում է ժամանակակից աշխարհում Հայաստանի հարատևությունն ապահովելու համար։

Կարդացեք նաև

Back to top button