
Եվրահանձնաժողովը համաձայնության է եկել Ռուսաստանի դեմ նոր, 19-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ, որում արգելքներ են սահմանվել կրիպտոարժույթի, բանկային գործունեության և էներգետիկ ոլորտի համար։
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, նոր պատժամիջոցների փաթեթը արգելք է դնում ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման վրա։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը պարզաբանել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ԵՄ-ն վերջնականապես կհրաժարվի ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումից։
Կարգելվեն նաև գործարքները «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Ռոսնեֆտ»-ի հետ։
«Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում նրանց դեմ, ովքեր սնում են Ռուսաստանի պատերազմը, նավթ են գնում՝ շրջանցելով պատժամիջոցները։ Մեր թիրախում են նավթավերամշակման գործարանները, նավթաքիմիական ընկերությունները երրորդ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում»։ Ռուսաստանի նավթային եկամուտները Եվրոպայում երեք տարվա ընթացքում նվազել են 90%-ով։ Հիմա մենք վերջապես շրջում ենք այդ էջը», — ասել է ֆոն դեր Լեյենը։
Պատժամիջոցները կազդեն նաև ֆինանսական ոլորտի և, առաջին անգամ, կրիպտոարժույթի վրա։
«Մեր սահմանափակող միջոցառումները կազդեն կրիպտո հարթակների վրա և կարգելեն կրիպտոարժույթով գործարքները։ Մենք ցանկին ավելացնում ենք նաև ռուսական այլընտրանքային վճարային համակարգերի հետ կապված օտարերկրյա բանկերը։ Նաև սահմանափակում ենք հատուկ տնտեսական գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ գործարքները», — ասել է ֆոն դեր Լեյենը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվում էր, որ նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակում ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ մտցնել, սակայն ֆոն դեր Լեյենը չի նշել այդ մասին։
Սպասվում էր, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փուլի մասին կհայտարարի չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, սակայն հետո, ինչպես հաղորդել է Politico-ն, հայտարարությունը անորոշ ժամանակով հետաձգվել է։
Bloomberg-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո որոշում է կայացվել նոր պատժամիջոցների փաթեթի մասին հայտարարություն ասել այս շաբաթվա վերջին։
Երեքշաբթի Թրամփը կրկին հայտարարել էր, որ Եվրոպան, եթե ցանկանում է Ուկրաինայում պատերազմին վերջ դնել, Ռուսաստանից նավթի ներմուծումը պետք է դադարեցնի։
ԵՄ-ն կտրուկ կրճատել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը, սակայն ԵՄ երկու անդամ պետություններ՝ Հունգարիան և Սլովակիան, շարունակում են գնել ռուսական նավթը։
Ինչպես հաղորդում է Politico-ն, պատժամիջոցների մասին հայտարարությունը հետաձգվել էր, քանի որ Դոնալդ Թրամփը և ԵՄ-ն փորձել են Սլովակիային և Հունգարիային համոզել ռուսական նավթի գնումը դադարեցնել։




