
Արմավիրի մարզի Արևիկ գյուղը հայտնի է իր խաղողով, հատկապես՝ սեղանի սորտերի: Խաղողի մեծ մասն արտահանվում է, մի մասն էլ վաճառվում է տեղական շուկաներում: Արևիկում այս տարի բերքն առատ է, բայց արտահանողները ցածր գին են առաջարկում:
Արմավիրի մարզի Արևիկ գյուղում խաղող մշակում են և՛ սեփականաշնորհված հողերում, և՛ տնամերձ հողամասում: Հիմա վազերը ծանրացած են ոսկեշող ողկույզներով, որոնք սովորաբար քաղում են սուրբ Խաչի տոնից հետո: Գյուղը հայտնի է հատկապես սեղանի սորտերով։ Այս տարի բերքն առատ է ու առողջ՝ ասում է Ջավահիր Նիկոլյանը:
«Էնքան խաղող կա, հազարավոր տոննաներով: Դա շուկայում, ինչ էլ անես, չի ծախվի, որովհետև հազարավոր տոննաներ են: Դրանք գինու համար չեն, որ տանես հանձնես, այլ սեղանի սորտեր են»:

Որակյալ բերք ունենալու համար գյուղացիները մինչև այգեկութը գրեթե դուրս չեն գալիս այգիներից։ Խնամում են, հետևում որ ողկույզները չվնասվեն: Խաղողի մշակությունը մեծ ծախս ու ջանք է պահանջում: Ջավահիրը նոր քաղած խաղողի ճութը ձեռքին ցույց է տալիս ակսվող հիվանդությունը:
«Մի հատ աչքաթող արեցիր, ահա, նայիր, ողկույզն արդեն սևացել է: Արդեն հիվանդություն կգցի՝ սևը, չոռը, որդը: Եթե ուշադիր չես լինում, որդը մտնում է մեջը, ծակում, լղկացնում է: Սևի դեմ, չոռի, որդի, ամեն տեսակ հիվանդության դեմ բուժում ես: Հիմա, որ եղանակը խոնավացավ, աշնան կողմ տաք ու հովից՝ ցերեկը շոգ է, իրիկունը՝ սառը, էդ ժամանակ էլ պիտի բուժես, որ հիվանդություն չընկնի ցողունի մեջ: 15 օր աչքաթող արեցիր, ամբողջ տարվա արածդ ջուրն է լցվում»:

Գյուղացու ամբողջ մտահոգությունը հիմա արտահանումն է: Արևիկում արտահանող երկու բեռնատար կա, բայց դա շատ քիչ է՝ ասում են, շատ պետք է գան, որ կարողանան բերքի մեծ մասն իրացնեն: Անցած տարի խաղողը քիչ էր՝ գինը բարձր, այս տարի արդեն ցածր գին են առաջարկում:
«Տալիս ենք ֆուռերին, դրանք էլ իրենց գինն են դնում: Հիմա էնքան շատ է խաղողը, որ մենք չենք կարող գին որոշել, որոշողն իրենք են: Հենց հիմա, այս պահին ամենաբարձր գինը 350 դրամն է, իսկ անցած տարիներին ամենաբարձր գինը քիշմիշինը՝ 400-450 դրամ էր, իսկ իծան պտուկը՝ 200-250 դրամ»:

«Մշակել ենք, բերել, հասցրել վերջը, հիմա չի ծախվում: Մեր ուզած գինը, որ մենք մեր աշխատանքը հանենք՝ չի ծախվում: Ասում են՝ քիշմիշը 350 դրամ, դրսում լավ է ծախվում, բայց մենք էնքան ծախս ենք արել դրա վրա, որ հիմա հաշվարկում ենք, միայն մեր տանջանքն է մնում: Ոնց որ փողը բանկում դնես, ու նույնությամբ հանես, օգուտը չես տեսնում»:
Ցածր գինը երբեմն արհեստականորեն է ստեղծվում, երբ Լարսի անցակետում հերթեր են գոյանում և բերքով լի բեռնատարները Ռուսաստան ուղևորվելիս օրերով սպասում են այնտեղ: Դա էապես վնասում է գյուղացիներին:
«Ռուսաստան են տանում, էլի: Մենք էլ ինչ ճամփա ունենք, ու՞ր կարող ենք գնալ: Բերքի ժամանակ մեկ էլ տեսնում ես ճանապարհը 10 օրով, 15 -20 օրով փակում են, մեքենաները կանգնում են: Ամեն անգամ կանգնելուց 50 դրամ, 100 դրամ ապրանքի գինն էժանանում է: Տարի է եղել, որ մենք սեղանի սորտի խաղողը՝ Իծան պտուկը, 100 դրամով ենք տվել, որ գոնե գոյատևենք»:
Այգեգործները պատրաստ են ցանկացած զիջումների, միայն թե բերքը կարողանան իրացնել, քանի որ այլընտրանք չունեն: Իսկ խաղողի սեղանի սորտերից միայն օղի կարող են թորել:
«Մի հատ արկղից են 1.5 կգ տարա հանում, երբ 700 գրամ է կշռում արկղը, մի հատ փողի պոչից են պահում, մի հատ կշեռքի պոչից են պահում, գյուղացուն բան չի մնում արդեն: Դրա համար չգիտես ինչ անես, շուկա ես տանում, այդքանը չի ծախվի այնտեղ, ոչ էլ այն է ձեռք տալիս, բայց պիտի տանք: Հենց անձրևները սկսվեն, խաղողը լրիվ կնեխի»:
Ասում են՝ խաղողը դարձել է ոչ եկամտաբեր, համեմատում են այլ մշակաբույսերի հետ: Հողը դժվարությամբ մշակողները սկսել հրաժարվել դրանից ու նախընտրում են վարձու կամ արտագնա աշխատանքը:
«Իմաստ չկա գյուղում մնալ, գյուղացու օրը օր չի, դրա համար բոլորը փախնում են գյուղից: Ինչու մնան, մնան ինչ անեն: Այնտեղ էլ մի բան չի, բայց դե գնում են արտագնա աշխատանքի: Մարդ կա հողերը լրիվ թողել է, չի մշակում, որովհետև տանջվում, տանջվում է, փողը դնում հողի վրա, բայց արդյունք չկա»:
«Այնպես որ՝ ժամանակ է լինում դառը դատում ես, դատարկ նստում ես: Պոմիդորի, սմբուկի, պղպեղի նման չի, որ գոնե մի 5-6 անգամ հավաքես: Մի անգամ քաղեցիր, արդեն պրծնում է ու իր մշակությունն ու ծախսն ավելի շատ է, քան ցանկացած մշակաբույսի: Լոբին 800 դրամ է, բայց լոբու վրա այդքան ծախս չկա: Դու լոբին այդքան չես սրսկում, չես պարարտացնում, էդքան չես մշակում: Մի անգամ ջրում ես, քաղհանում ես, լավագույն դեպքում մի հատ ազոտական պարարտանյութ տալիս»:
Անձյուն ու մեղմ ձմեռը թեթևացրել է արևիկցիների գործը։ Նրանք սկսել են այգիները չթաղել, այդպիսով քչացնելով ծախսերը: Չեն թաղել, բայց լավ բերք են ստացել ու հիմա սպասում են արտահանողներին:




