
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի գործով վճիռը՝ արձանագրելով մի շարք խախտումներ։ Վճռով հաստատվել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։ Իսկ հայաստանյան դատարաններում Մարտի 1–ին առնչվող քրեական գործերը դեռ քննվում են։ Թեմային Հայաստանի վարչապետն անդրադարձել է կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև ՔՊ–ին ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերին։
Մարտի 1-ի իրադարձություններից 17,5 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է այդ իրադարձություններին առնչվող ամենաառանցքային գործերից մեկով վճիռը: Դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է 2008-ի մարտի 1-ին զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և, որ պետությունն է պատասխանատու զոհերի մեծ մասի մահվան համար:
2008 թ․ նախագահական ընտրություններից հետո հանրության մի մասը բողոքի տևական ակցիաներով և հանրահավաքներով վիճարկում էր պաշտոնական արդյունքները։ Մարտի 1-ի վաղ առավոտյան իրավապահներն ուժային գործողություններ կատարեցին Ազատության հրապարակում, նույն օրը՝ ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում ընդդիմադիրների և իրավապահների բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց:
Ըստ ՄԻԵԴ–ի որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։
Մասնավորապես՝ արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն անցկացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցելու դատարանի հետ։
Ըստ որոշման՝ զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից՝ դատարանը որոշել է դիմումատուներին հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։
Հայաստանի վարչապետը կարծում է, որ ՄԻԵԴ–ն արձանագրել է ակնհայտը։ Թեև Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Մարտի 1–ի դեպքերը բացահայտված են, քրեական գործի հատորները գրեթե բոլոր հարցերի պատասխանները տվել են, բայց վերջնական վճիռներ մեղավորների մասով չկան։
«Հույս ունեմ, որ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևը, նախ արդյունավետ դատավարության և ապահովելու համար, որ «Մարտի 1»–ի ոճրագործներից որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի։ Ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կամ վճիռը լեգիտիմ առիթ է, որ մենք մի հատ էլ նայենք` լավ, ինչքա՞ն կարող է ձգվել այս ամեն ինչը, ինչքա՞ն կարող է այդ դատավարությունը շարունակվի, այդպես լղոզված։ Մեղավորները նրանք են, ովքեր դատարանում դատվում են։ Պարզ չի՞, ովքեր են։ Բա ես էլ եմ ասում, որ վճիռներ չկան, բա այդքան որ խոսում եմ մեր դատական համակարգի պրոբլեմների մասին, այդ թվում այդ պատճառով եմ խոսում»։
Վարչապետն անդրադառնում է նաև վերջին օրերին շրջանառվող միջադեպերին՝ տարբեր պաշտոնայների մասնակցությամբ։ Խոսքը երկու տարբեր, բայց ընդհանրություններ ունեցող երկու դեպքերի մասին է՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկի՝ լրագրողին ահաբեկելու ու բռնության ենթարկելու և Կադաստի կոմիտեի նախկին աշխատակցի ամուսնուն կառույցի ղեկավարի իմացությամբ ծեծելու և մարմնական վնասվածքներ հասցնելու։
«Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և դրանում որևէ կասկած չկա։ Այդ հարցերը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և ինձ հայտնի չի փաստ, որ կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Չի կարելի քրեական դատավարության հետ կապված հարցերը ձևակերպել այնպես, որ 100–ավոր մետրերի ամպլիտուդ ունենան։ Հատկապես քրեական իրավունքի առանձնահատկությունն այն է, որ դա պետք է լինի ճշգրիտ։ Ինչ վերաբերվում է «պադյեզդներում» ծեծելու դեպքերին, էլի ասում եմ` բացառված է, որ որևէ մեկը պատասխանատվությունից խուսափի։ Չի լինելու այդպիսի բան։ Բայց էլի եմ ասում, այն չի, որ ամբիոնից ամբաստանյալը վեր կացավ, իր դատախազի մասին բան ասեց, մենք պիտի գնանք այդ դատախազին ձերբակալենք։ Ամբաստանյալը թող դեռ իր հարցերը լուծի, մենք մնացած հարցերը կլուծենք»։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Կադաստրի կոմիտեի նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղի ունեցած միջադեպը, որն առնչվում է իր նախկին աշխատակցին աշխատանքից հեռացնելուն, բայց Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Մելքոնյանի հնչեցրած վարկածից տարբերվող այլ վարկած է ներկայացրել․
«Մամուլից տեղեկացված եմ, որ առկա է քրեական վարույթ ու բողոքի հիման վրա նշվում է իրենց կողմից, որ ինձ հայհոյանքներ են ուղարկել։ Ես կուզեի ուշադրություն դարձվեր այդ հատվածի վրա։ Հայհոյանքներով SMS եմ ստացել, բայց դա բացարձակապես կապ չունի։ Ես ժխտում եմ ընդհանրապես իմ և գլխավոր քարտուղարի, և մերձավորների մասնակցությունը։ Հետևաբար ես վստահ եմ, որ իրավապահ համակարգը կտան համապատասխան մեկնաբանություններ յուրաքանչյուր պարագայում Կադաստրի կոմիտեում որևէ աշխատակցի հանդեպ, երբ որևէ գործողություն է տեղի ունենում, դա տեղի ունենում բացառապես օրենքի սահմանումում։ Ո՞րն է այդ տրամաբանությունը։ Առկա է քաղծառայության արձանագրված դեպք, առկա է զեկուցագիր, որով վարվել է ծառայողական քննություն և ծառայողական քննության արդյունքում կայացվել է համապատասխան որոշումներ և ոչ մեկ ծառայողական քննություն։ Այսինքն հենց այնպես որևէ մեկը չունի լիազորություն որևէ քաղծառայողի ասել` պետք է ազատվեք աշխատանքից»։
Իշխող կուսակցությանը և կառավարության անդամներին վերաբերող խոսակցությունների մի մասն էլ առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա համագումարին և սպասվող փոփոխություններին։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ ՔՊ–ում արշալույսները խաղաղ չեն, ու հնարավոր են կադրային լուրջ, օրինակ՝ փոխվարչապետների, փոփոխություններ։
«Կառավարությունում, մասնավորապես, փոխվարչապետերի մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային, մեր քննարկումները տեղի են ունենում միշտ բուռն, միշտ սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում լինում է նաև, ցավոք սրտի, բոլորիս հետ լինում է, ինձ հետ էլ է պատահել և նույնիսկ վերջերս, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր անցնում ենք և բոլոր էդ դեպքերում վրա է հասնում կարգապահական գործընթացները»։
Կուսակցական քննարկումներից հետո կարգապահական վերջին գործընթացներում շրջանառվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Հայկ Սարգսյանի անունները։ Կուսակցությունը խիստ նկատողություն է հայտնել պատգամավոր Սարգսյանին։
Հայաստանի վարչապետը ներքաղաքական մեկ այլ, նոր մեղադրանքի է նաև պատասխանել՝ անդրադառնալով իր՝ գործակալ լինելու մասին լուրերին։
«Ուրեմն դրան սպառիչ պատասխան թող տան այն իշխանությունները, որոնց պայմաններում ես գործել եմ գործնականում 20 տարի Հայաստանի Հանրապետությունում, եթե ոչ ավելի, ապրել եմ, ըստ էության, ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո։ Հետին թվով հիմա ցնդաբանություններ են հորինվում իշխանությանը վարկաբեկելու համար։ Եթե այդ տվյալները որևէ նշույլ անգամ գոյություն ունենային, հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, այդ իշխանությունը այդ ժամանակ պետք է դներ սեղանին, ասեր` ժողովուրդ ջան, տեսեք այս ինչ է կատարվում։ Հիմա գնացել են, մտել դիվանների տակ, դիվանի տակից ուղերձներ են հղում` հույս ունենալով, որ դա իրենց թույլ կտա դիվանի տակից դուրս գալ։ Թույլ չի տալու, իրենց տեղը այլևս բազմոցի հարմարավետ տակն է և այլ կերպ չի լինելու»։
Նիկոլ Փաշինյանը համոզված է և հավաստիացնում է, որ թե՛ պետությունը, թե՛ իշխող կուսակցությունը բնականոն ընթացքի մեջ են՝ զերծ արտառոց և բացասական իրավիճակներից։




