
Լիլիթ Հովհաննիսյան
«Ռադիոլուր»
Կառավարության 2021-2026 թթ. hնգամյա ծրագրում շեշտվում են զինված ուժերի բարեփոխումները, որոնց առանցքում է ժամկետային ծառայության կրճատումը։ Այս գործընթացն այժմ տեղափոխվում է օրենսդրական դաշտ․ պաշտպանության նախարարությունն օրենքի նոր նախագծով առաջարկում է կրճատել ծառայության ժամկետը՝ պայմանագրային զինծառայողների ավելացման հաշվին, ինչը, սակայն, մտահոգություններ է հարուցում․ նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը շարժվում է պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ուղղությամբ, մինչդեռ ոլորտի փորձագետները նկատում են՝ պայմանագրային լինելը դեռ չի նշանակում պրոֆեսիոնալ։
Ժամկետների կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայողների աճի
Կես տարով կրճատել ժամկետային զինվորական ծառայությունը․ կառավարությունն առաջարկում է 24-ամիսը նվազեցնել 18-ի՝ արդյունավետության բարձրացման նպատակով։ Փորձագիտական շրջանակներում, սակայն, հնչում են զգուշավոր գնահատականներ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, ով երկար տարիներ հետևել է զինված ուժերում փոփոխություններին, ասում է՝ այս առումով շատ հարցեր կան։
« Բազմիցս պետական մարմինների հարցազրույցներում նշվել է, որ ընթացքի մեջ է պրոֆեսիոնալ բանակին անցումը, բայց թե երբ կլինեն իրական քայլեր, ինչ ձևով, ինչի հաշվին պետք է կրճատվի, ինչ մարդկային ռեսուրսներ հավաքելու հաշվին, հրապարակային որևէ տեղեկատվություն չի եղել»։
Իրավապաշտպանն ընդգծում է՝ հենց կառավարության՝ «Բանակի կերպափոխման հայեցակարգում» է նշված, որ ծառայության որակը որոշվում է ոչ թե տևողությամբ, այլ պատրաստվածությամբ։ Կարևոր է, թե ինչ հմտություններ է ձեռք բերում զինվորը ծառայության ընթացքում, և որքանով են այդ գիտելիքները բավարար՝ ձևավորելու պրոֆեսիոնալ զինվորական կադր։ Հարց է՝ Զինված ուժերում ինչ որակական փոփոխությունների է հաջորդում են այս նախագիծը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում զինծառայության կրճատման առաջարկի հիմքում տեսնում է նախորդ տարիների համալիր բարեփոխումները, մասնավորապես, «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, նաև՝ սերժանտական համակարգի զարգացումը և զինծառայողների ատեստավորման ներդրումը։ Սահմանամերձ զորամասերում ներդրվել է պայմանագրային ծառայության մոդել՝ զինվորական կենսաթոշակի պահպանմամբ՝ թվարկում է Խաչատրյանը՝ վստահությամբ, որ սա նպաստել է պայմանագրային ծառայության գրավչությանը և ընդլայնմանը։
«Ամենաառանցքայինը «Հայրենյաց պաշտպան» ծրագիրն է, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայության անցած ցանկացած երիտասարդ՝ 18 տարեկան, կարող է ուսումնական զորամասում 6 ամիս ծառայելուց հետո դիմում ներկայացնել և դառնալ պայմանագային ու ստանալ աշխատավարձ, մասնակցել ատեստացիա յի, բարձրացնել աշխատավարձը, բացի այդ՝ զինծառայողները նշանակվում են իրենց բնակավայրին հնարավորինս մոտ զորամասերում ծառայության 5 տարի ժամկետով, որից հետո ստանում են 5 միլիոն դրամ պարգևավճար, պատվովճար, ինչը բավականին գրավիչ է, և բազմաթիվ մեր զինակոչիկներ զինծառայողներ գնացել են այս ճանապարհով, ինչը նշանակում է, որ մենք բազմաթիվ ծառայողներ կունենանք հատկապես պայմանագրային ծառայության մեջ, երաշխավորված հինգ տարի ժամկետով»։
Պնդումներին, որ ծառայության արդյունավետությունը չափվում է ոչ թե տևողությամբ, այլ բովանդակությամբ, Խաչատրյանն արձագանքում է՝ սա արդեն բառախաղ է։
«Եթե ասում ենք պրոֆեսիոնալ բանակ, դա չի նշանակում, որ բոլոր զինծառայողները ունեն բարձր դասի հատուկ պատրաստվածություն։ Դա չի նշանակում կոնկրետ մարդու զինվորական արհեստավարժության աստիճանը։ Պրոֆեսիոնալ բանակ՝ չի նշանակում, որ բոլորը պետք է սպեցնազի պարապած զինվորներ լինեն, արհեստավարժ զինված ուժեր, բանակ՝ նշանակում է որ այդ մարդկանց արհեստը, մասնագիտությունը զինվորական լինելն է։ Այսինքն՝ իրենք զինվորական լինելու համար վարձատրվում են, իրենց մասնագիտությունը զինվորական է, անկախ նրանից՝ ինչպես են տիրապետում այդ մասնագիտությանը։ Պրոֆեսիոնալ բանակը հենց դա է նշանակում, որ բանակի մեծ մասը պետք է լինեն ծառայողներ, որոնց մասնագիտությունը, աշխատանքի բնույթը զինվորական լինելն է»։
Պատերազմի դասերը․ պայմանագրայինները պատրաստվածության խնդիրներ ունեին
«Ապրի Արմենիա» հետազոտական կենտրոնի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը հիշեցնում է 2020-ի պատերազմում արձանագրված բացթողումները հենց պայմանագրայինների պատրաստվածության առումով․ հենց այդ ընթացքում ակնհայտ դարձավ, որ պայմանագրային զինծառայողները, որոնցից շատերը ծառայում էին սահմանային դիրքերում, ցուցաբերեցին ավելի թույլ պատրաստություն, քան ժամկետայինները։
«Այն ժամանակ գլխավոր խնդիրն այն էր, որ դա բավականին նիշային աշխատանքի ձև էր, մեծ մասամբ սահմանամերձ գյուղերից տղամարդիկ էին գնում, իրենցով առանձնապես շատ չէին էլ զբաղվում, դիրքապահի կարգավիճակով ամիսը երկու շաբաթ ծառայում էին բավականին ցածր աշխատավարձով։ Ոչ իրենցից էին շատ բան ուզում, ոչ էլ իրենք էին շատ հետաքրքրված ինչ-որ աճի մեջ»։
Ռազմական վերլուծաբանը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի արդյունքում որոշակի դրական տեղաշարժ է տեսնում, ինչն, ըստ նրա, ավելի գրավիչ է դարձրել ծառայության ֆինանսական պայմանները։ Բայց ռիսկ կա՝ ասում է, եթե 1-2 տարում չհաջողվի ժամկետային ծառայողների նվազող թիվը լրացնել բավարար թվով պայմանագրայիններով, զինված ուժերում կարող է առաջանալ լուրջ պակաս։
«Պրոֆեսիոնալ զինծառայողների, պայմանագրային զինծառայողների քանակը գլխավոր ռիսկն է, եթե մենք ծառայության ժամկետը կրճատում ենք կես տարով, շատ մոտավոր հաշվարկներով, բաց աղբյուրների հիման վրա, մոտ 4-5 հազար պայմանագրային ավել զինծառայող է պետք լինելու, որ նույն քանակը կարողանանք պահել»։
Մտահոգություններին Արմեն Խաչատրյանը տեղյակ է, վստահեցնում է՝ ՊՆ-ն անհրաժեշտ հաշվարկներ արել է, ընդ որում՝ տևական ժամանակ և
«եկել է այն եզրակացության, որ հնարավոր է ժամկետը կրճատել ՝ պահպանելով նաև անհրաժեշտ զորքի քանակը, որն այսօր պետք է ունենանք։ Բացի այդ փոփոխություններ են իրականացվել զինծառայությունը բացառող հիվանդությունների ցանկում, որը նույնպես ավելացրել է զինակոչիկների թվային քանակը, կարծում եմ պաշտպանության նախարարության իրականացրած վերլուծությունները օբյեկտիվ են և ճիշտ»։
Որտե՞ղ է պրոֆեսիոնալ բանակը, երբ ծրագրերը սովետական են
Լեոնիդ Ներսիսյանը մատնանշում է ուսումնական ծրագրերի հնացած լինելը ևս։ Ներկայում ուսումնական փուլը 6 ամիս է։ Զարգացած բանակներում այդ պատրաստությունը երբեմն տևում է 3 ամիս, բայց՝ շատ ավելի ինտենսիվ մեթոդներով։ Իսկ Հայաստանում ուսումնական ծրագրերը հաճախ խորհրդային մոդելով են՝ ասում է։
«Այստեղ կարևորը ծրագրի էֆեկտիվությունն է, որը մեզ մոտ, ցավոք, մեծ մասամբ ութսունական թվականների մակարդակի է գտնվում։ Առանձնապես նորույթ շատ չի մտել այս տարիների ժամանակ, սովետական բանակի դասագրքերով է այդ ամենն արվում, որը դեռ ութսունականներին ընդունելի էր, բայց հիմա արդեն շատ երկար ժամանակ է դրանից անցել, այդ փոփոխությունները հիմա ընթացքի մեջ են, ես ինչքան հասկանում եմ։ Կարևոր է, որ արագ իմպլեմենտացվի։ Դա էլ հեշտ բան չի, բնականաբար, մի սիստեմ, որը սովոր է մի բանի, շատ արագ փոխել ուրիշ ռելսերի վրա դնել, բայց հնարավոր է»։
Խաչատրյանը, սակայն, հակադարձում է․
«Ի հեճուկս պետք է ասեմ, որ մեր բանակի ուսումնական զորամասերի համակարգում բովանդակային, կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել, այնտեղ հիմա բավականին նոր մեթոդներով են ուսուցանում մեր ուսումնական զորամասում գտնվող զինծառայողներին, շատ բան է փոխվել վերջին երեք չորս տարվա ընթացքում, իհարկե այս մասին քիչ է խոսվում, լուսաբանվում, նրանք, որոնք անցել են, տեսել են, որ ամբողջովին նոր համակարգ է գործում և նոր բովանդակություն»։
Բարեփոխո՞ւմ, թե՞ նախընտրական օրակարգ
Թեև այս նպատակը դեռ 2021-ից էր ամրագրված կառավարության հնգամյա ծրագրում, բայց օրակարգ բերվեց 2026–ի ընտրություններին ընդառաջ։ Որոշ ընդդիմադիր ուժեր սա նախընտրական քայլ են համարում։ Ներսիսյանի խոսքով՝ նման փոփոխությունները քաղաքական կայունություն են պահանջում, ինչն ապահովված չէր 2020-ից հետո՝ սահմանային իրավիճակի անկայունության ֆոնին։ Ներսիսյանը չի բացառում, որ քաղաքական հաշվարկներ կան, բայց և մատնանշում է ռիսկերը։
«2020-ի պարտությունից հետո նոր էր այդ պարտությունը շատ դժվար կլիներ մեծ քանակի պայմանագրային զինծառայող բանակ բերել»։
Ներսիսյանի կարծիքով՝ եթե 2021-ին որևէ մեկը խոսեր ժամկետի կրճատման մասին, դա պարզապես անհնարին կլիներ։ Հիմա աշխատավարձերը բարձրացել են, պայմանագրային ծառայությունն ավելի գրավիչ է դարձել, իսկ իրավիճակը՝ համեմատաբար կայուն։ Զրուցակիցս կարևորում է բարեփոխումների համալիր լինելը։ Ժամկետի կրճատումը կարող է հաջողվել, եթե միաժամանակ բարելավվի զինծառայության սոցիալական բաղադրիչը՝ աշխատավարձ, կարիերային աճ։
Ըստ Ներսիսյանի, փոփոխությունը պետք է ուղեկցվի հզոր տեղեկատվական արշավով. «Պայմանագրային բանակ ունեցող պետություններում բանակը ներկայացվում է որպես կարիերայի գրավիչ ուղի, ինչը մեզ մոտ դեռ պակասում է»։ Մյուս կողմից՝ որքան կարճ է ծառայությունը, այնքան փոքր է դրանից խուսափելու հակվածությունը։
E-draft հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագծին քվեարկողների շուրջ 80 տոկոսը կողմ է։ Հանրային քննարկումը մինչև սեպտեմբերի 26-ն է։ Առաջիկայում նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում, ինչին կհաջորդի քվեարկություն։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկել էր օրինագիծ, որի համաձայն 18-32 տարեկան քաղաքացիները կարող էին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել՝ ծառայելով 1 կամ 4 ամիս և վճարելով համապատասխանաբար 24 մլն կամ 18 մլն դրամ։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց այս նախագծին՝ մերժելով ծառայությունից գումարի դիմաց ազատման հնարավորությունը։




