ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Չարենցը»՝ վանաձորյան բեմում․ բացվել է քաղաքի թատրոնի 94-րդ թատերաշրջանը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բացվել է 94-րդ թատերաշրջանը։ Նոր թատերաշրջանը նվիրված է թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին։ Մեկնարկը տրվել է Վալերի Փիլոյանի «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հիման վրա բեմադրված «Չարենց» ներկայացման առաջնախաղով։

Նա գալարվում էր ցավից, անկարողությունից, ճնշվածությունից, հայրենիքը կորցնելու վտանգից։ Ելք էր փնտրում, բայց չէր գտնում։ Նա չէր կարողանում հավատալ այն ամենին, ինչ կատարվում էր շուրջը։ Նրա մտքում իրեն ծաղրում էին Մուղդուսիները, Բերիաներն ու հայր Ստալինը։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում պրեմիերա էր։ Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը Վալերի Փիլոյանի «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հիման վրա բեմադրել էր «Չարենց» ներկայացումը։


Սա մտովի յուրահատուկ ճանապարհորդություն էր՝ Երկիր Նաիրից մինչև 1937 թվական, մինչև պոետի կյանքի ողբերգական ավարտը։ Այդ ճանապարհին բեմում կանգնած էին ոչ միայն Չարենցը, այլև իր ժամանակի մտավորականները՝ Բակունցը, Աղասի Խանջյանը, Մահարին, Թոթովենցը։ Մի  ողջ դարաշրջանի քրոնիկոն։

Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը փաստավավերագրությունը շաղախել էր թատերական արտահայտչաձևերով՝ հանդիսատեսին դա ներկայացնելով գեղարվեստական ձևաչափով։

«Չարենցի ժամանակաշրջանը հնարավորություն է տալիս այսօր էլ բարձրաձայնելու այն հարցերը, որոնք շարունակում են հնչել մեր իրականության մեջ»,– ասում է նա։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանի խոսքով՝

«Հատկապես հասարակության որոշ շերտեր պետք է ավելի շատ իմանան Չարենցի մասին։ Թող թվա, թե դա այսօրվա թեմա չէ, բայց վստահ եմ՝ հայ ժողովրդի համար Չարենցը երբեք չի կարող չլինել արդիական»։

Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ընդգծում է՝ թեմայի ընտրությունը եղել է գիտակցված և պատասխանատվորեն։

«Վալերի Փիլոյանի պիեսից Դավիթը ստեղծել է իր ներկայացումը՝ առանձնակի ասելիքով և ժամանակին համահունչ։ Այս ներկայացումն, ըստ բեմադրիչների, փորձում է տալ ապագայի դռներ բացելու բանալիներ՝ թույլ տալով մտածել՝ որտեղ սխալվեցինք, ինչու չկարողացանք ժամանակին ճիշտ արժևորել հանճարին։

Չարենցին մարմնավորող դերասան Համլետ Ղազարյանն անկեղծանում է՝ դերի վրա աշխատելիս նորովի է բացահայտել պոետին։

«Միշտ երազել եմ Չարենցին մարմնավորել։ Ռեժիսորի հետ շատ խորը վերլուծություն ենք արել, և կենսագրությունից հետաքրքիր դրվագներ ներառել ներկայացման մեջ։ Ինձ համար սա նախախնամություն է»։

Ներկայացման այսպես ասած «կարմիր թելը» հավաքականության գաղափարն էր, ինչը բեմին շարունակ ծաղրի էր ենթարկվում Մուղդուսիի կողմից։ Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ցավով նշում է․

«Այսօր էլ հավաքական ուժ չունենք։ Ամեն մեկն իր համար է ապրում։ Բայց մենք ելքեր ենք առաջարկում, թող հանդիսատեսը գտնի իր պատասխանը։ Պատահական չէ, որ վերջաբանը պատգամի պես հնչեց՝ մենք պետք է կարողանանք լինել հավաքական ուժ, իմանանք՝ ովքեր ենք, ինչ ենք ու ինչ ենք դառնալու»։

Չարենցի կերպարը մարմնավորող դերասանն էլ  ցավալի է համարում, որ իրադարձություններից հարյուր տարի անց էլ ներկայացման ասելիքը շարունակում է ուղիղ կապ ունենալ մեր օրերի հետ։ «Եվ դա է մեր ողբերգությունը»՝ ասում է։

Դավիթ Հարությունյանը  ներկայացումներում   շոշափում է թեմաներ, որոնք առնչվում են հայի ինքնությանը, միասնականությանը, հողի ու արժեհամակարգի պահպանմանը։

 «Որպես ռեժիսորի՝ ինձ հետաքրքրում է, թե այսօր ժողովրդի հետ ինչ ունեմ կիսելու։ Ես չեմ կարող «Չարենցը» հատուկ այնպես բեմադրել, որ, օրինակ, աջ ձեռքով ձախ ականջը բռնես և մոդայիկ թվաս, ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում»։

«Չարենց» ներկայացումը ոչ միայն հանճարեղ պոետի կյանքի պատմությունն է ողբերգական շրջադարձերով, այլև հայ ժողովրդի հավաքական հիշողության ու ինքնության որոնումների հայելին՝ ասում են բեմադրիչները։ Իսկ արվեստի միջոցով հնչեցված պատգամը՝ լինել միասնական, մնում է նույնքան արդիական, որքան Չարենցի խոսքը։

Կարդացեք նաև

Back to top button