
Հանրային քննարկման է ներկայացվել Շիրակի մարզի մի քանի բուժհաստատությունների օպտիմալացմամբ մարզային բժշկական մեկ կենտրոն ձևավորելու նախագիծը: Առողջապահության նախարարի հիմնավորմամբ՝ խոսքը կազմակերպաիրավական խոշորացման մասին է, որից շահելու են և մարզի բնակիչները, և բուժանձնակազմերը:
Խոշորացմանը զուգահեռ Արթիկում հիվանդանոցի նոր մասնաշենք է կառուցվում, նախատեսվում է հիմնանորոգել նաև 1930 թվականին կառուցված Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի՝ պատմական ու մշակութային արժեք ունեցող շենքը։
2021-22 թվականներին Գյումրիում տեղի ունեցավ բուժհաստատությունների առաջին խոշոր միավորումը․ «Գյումրի» բժշկական կենտրոնին միացան Ինֆեկցիոն, Ուռուցքաբանական հիվանդանոցները, պաթոլոգոանատոմիական լաբորատորիան ու «Մոր և մանկան Ավստրիական» հիվանդանոցը: Արդյունքում՝ ձևավորվեց բազմապրոֆիլ բուժհաստատություն, որն այսօր սպասարկում է նաև հարակից մարզերի ու Ջավախքի բնակչությանը: Առաջիկայում բուժհաստատությունների խոշորացման նոր փուլ է սպասվում․ նախատեսվում է միավորել Գյումրիի, Ախուրյանի, Արթիկի բժշկական կենտրոններն ու Արթիկի «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ միավորումից շահելու են և մարզի բնակիչները, և բուժանձնակազմերը:
«Խոսքը կազմակերպաիրավական խոշորացման մասին է, ինչը հանգեցնում է ավելի մեծ ֆինանսական ռեսուրսների կուտակման, վարչական ծախսերի կրճատման, նաև բժշկական կենտրոնների միջև անձնակազմի ավելի ճկուն հերթափոխների կազմման: Էնպես որ, հարգելի քաղաքացիներ ,որևէ կենտրոն իր տեղից չի շարժվելու, և հակառակը ծառայությունները ընդլայնվելու են, և ըստ էության՝ կազմակերպչական, կառավարչական այս փոփոխությունները նպաստելու են միայն կենտրոնների զարգացմանը»։
Նախարարի հիմնավորմամբ՝ բարեփոխումները միտված են բուժծառայություններն ավելի որակյալ, հասանելի ու մատչելի դարձնելուն: Հենց այս մոտեցմամբ էլ նախատեսվում է հիմնանորոգել 1930 թվականին կառուցված Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի՝ պատմական ու մշակութային արժեք ներկայացնող շենքը, որտեղ առաջնային բուժսպասարկում մատուցելու համար չկան նույնիսկ նվազագույն պայմաններ: Շիրակի մարզ այցելած առողջապահության նախարարի խոսքով՝ շենքի հիմանանորոգման նախագիծն արդեն պատրաստ է:
«Նախագիծն արդեն կա։ Քանի որ շենքը մշակութային արժեք է ներկայացնում , նախագիծն անցել է այլ՝ բարդացված ընթացակարգերով, փորձաքննություններով, բայց մենք ուրախությամբ պիտի ասենք, որ գոհ ենք նախագծից, և առաջիկայում կհայտարարվի շինարարության մրցույթը»։
Նույն շենքում են նաև Գյումրիի շտապօգնության կայանն ու Արյան բանկը: Մինչև շինարարության ավարտը շտապօգնության կայանը ժամանակավորապես կտեղակայվի Գյումրիի ծննդատան մի հատվածում, իսկ թիվ 2 պոլիկլինիակային մեկ այլ տարածք կհատկացվի: Ըստ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ քննարկվում է նաև Գյումրիի Բեռլին և Առաջին պոլիկլինիկաների՝ Երկրորդի հետ միավորման հարցը:
« Նախնական քննարկումներով այդ երկու պոլիկլինիկաները շենքն ամբողջությամբ կառուցելուց հետո միանալու են երկրորդ պոլիկլինիկային: Մրցութային փուլին ենք արդեն հասել, տեխնիկական մի քանի հարցեր են մնացել»:
Անահիտ Ավանեսյանը շրջայց կատարեց նաև Գյումրիի նոր ծննդատան շենքի տարածքում, որտեղ երկարատև դադարից հետո վերսկսվել են շինաշխատանքները: Դեռ 2019 թվականին էին բարերար Սերմաքեշն ու առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել ծննդատուն կառուցելու հուշագիրը, բայց եռահարկ կառույցը դեռ շահագործման հանձնված չէ: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ խանգարել են փաստաթղթային և իրավական բացերը:
«Խնդրի առաջ ենք կանգնել թղթաբանության, որովհետև այդ ծննդատունը շինթույլտվություն չի ունեցել, ու էդտեղ խնդրի առաջ ենք կանգել: Վարչապետի այցի ժամանակ ես խնդիրը ներկայացրել էի ու խնդրել էի, որ պատուհան ունենանք, որ կարողանանք ծննդատան շենքի հարցը լուծել»։
Բազմաչարչար շենքը շինարարական մի քանի կազմակերպություն է փոխել: Հիմա նոր շինընկերություն է աշխատում: Աշխղեկ Վահագն Հայրապետյանն ասում է, որ գործ անելու փոխարեն դեռ քանդում են նախորդների շարած միջնապատերն ու տանիքը․ աշխատանքները նախագծից շեղումներով ու անորակ են կատարվել:
«Մենք մրցույթը շահել ենք 2024 թվականի դեկտեմբերի 1-ին, չենք սկսել աշխատանքները, քանի որ տանիքը, պատուհանները պատրաստ չեն եղել։ Ներքին հատվածը, սենյակները ձևափոխվում են, նախկինում շարած պատերը ապամունտաժում ենք, որ նոր նախագծով շարենք»։
Թե երբ է կավարտվի ծննդատան շենքի շինարարությունը, հստակ չէ: Բայց նախարար Անահիտ Ավանեսյանը խոստանում է ամեն ամիս այցելել Գյումրի ու անձամբ հետևել աշխատանքների ընթացքին:




