ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Ռուբիոն Երուսաղեմում է․ լրատվամիջոցները հռետորական հարց են հնչեցնում՝ պահպանվո՞ւմ է արդյոք Լացի պատի խորհուրդը  

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկօրյա այցով Իսրայելում է։ Այցի հիմնական նպատակը Գազայի ապագան և այնտեղ պահվող իսրայելցի 48 պատանդների ազատման հարցի քննարկումն է։ Ռուբիոն կրկին քննադատել է Իսրայելի հարձակումը Կատարի վրա և փոխանցել  այդ հարցում ԱՄՆ նախագահի դժգոհությունը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել են լրագրողների հետ։ Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել իր գոյությունը որպես զինված կառույց, քանի որ խարխլում է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի անվտանգությունը։

Ներկայացնենք ԱՄՆ պետքարտուղարի ասուլիսի կարևոր շեշտադրումներից մի քանիսը։ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Իսրայելին։ Գազայի ժողովուրդն ավելի լավ ապագայի է արժանի առանց ՀԱՄԱՍ-ի։ Գազայում խաղաղություն հնարավոր չէ, մինչև գերիները չազատվեն, և ՀԱՄԱՍ-ը չվերացվի։ ՀԱՄԱՍ-ի վերացումը կպահանջի կոնկրետ ռազմական գործողություն։ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է Կատարի վրա Իսրայելի հարձակումից հետո ստեղծված իրավիճակը տարածաշրջանում։

Մինչև ասուլիսը՝ Երուսաղեմի սրտում, Լացի պատ կոչվող սրբավայրի քարերին հենված, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լուռ աղոթել են։ Նրանք, ըստ ավանդության, գրություններ են տեղադրել քարերի մեջ, ապա շրջել են ստորգետնյա թունելներով՝ ծանոթանալով Երկրորդ տաճարի մնացորդներին։

Նեթանյահուն առիթն օգտագործելով ասել է, որ ԱՄՆ–Իսրայելի դաշինքը երբեք այսքան ամուր չի եղել․ «Այն նույնքան ամուր է, որքան այն քարերը, որոնց մենք դիպանք»,– ասել է Իսրայելի վարչապետը:

Միջազգային լրատվամիջոցները հարցնում են՝ արդյոք Լացի պատը՝ որպես հավատի ու խաղաղության ապավեն, պահպանում է իր նշանակությունը, երբ մի քանի կիլոմետր այն կողմ Գազայի բնակիչները սովամահ են լինում, և ապրում են չդադարող կրակահերթերի ներքո:

Մարկո Ռուբիոյի այցին զուգահեռ՝ Կատարում էլ նախատեսված է Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ Այն գումարվում է Կատարի վրա իսրայելական հարձակման հետևանքները քննարկելու համար։ Կիրակի օրը տեղի էր ունեցել արաբաիսլամական գագաթնաժողովի անդամ երկրների նախարարների նախապատրաստական հանդիպումը՝ Կատարի վարչապետ և ԱԳ նախարարի նախագահությամբ։ Մասնակիցները շեշտել են արաբական և իսլամական միասնականությունը՝ ի պատասխան իսրայելական էսկալացիայի։ Նրանք ընդգծել են դիվանագիտական համակարգված քայլերի կարևորությունը միջազգային հարթակներում։

Կատարի կարևորության մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ուղիղ տեքստով ասել է, որ Իսրայելը պետք է զգույշ լինի Կատարի հարցում: «Նրանք պետք է ինչ-որ բան անեն ՀԱՄԱՍ-ի հետ, բայց Կատարը միշտ եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը»,– ասել է Թրամփը:

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածել էր Դոհայում գտնվող մի շենքի, որտեղ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչներն են եղել։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ իրենց ղեկավարության բոլոր ավագ անդամները ողջ են մնացել հարվածից, սակայն վեց մարդ զոհվել է, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցող Խալիլ ալ Հայիի որդին։ Իսրայելական աղբյուրները հարձակումը անհաջող են համարել:  

Միաժամանակ Գազայում իրավիճակը շարունակում է սրվել․ Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 15-ի լուսաբացից ի վեր իսրայելական հարվածներից 25 պաղեստինցի է սպանվել։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են, դեղորայքի և խնամքի պարագաների պակասն աղետալի չափերի է հասնում։ Կարմիր խաչի տվյալներով՝ հրթիռակոծության ակտիվացման պատճառով շատերը լքել են քաղաքը և շարժվում են դեպի հարավ։ Միաժամանակ Իսրայելն ուժեղացրել է ռմբակոծությունը նաև Արևմտյան ափին։ Գազա քաղաքի ալ Ղաֆրի աշտարակի և հարակից վրանների բնակիչներին անհապաղ տարհանման հրաման է տրվել։

Դիվանագիտական դաշտում պատկերն այլ է: Անցած շաբաթ ՄԱԿ գլխավոր վեհաժողովը հաստատեց Նյու Յորքի հռչակագրի աջակցման բանաձևը, որը մշակված է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ։ Այն հիմնված է անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարի վրա։ Բանաձևի օգտին քվեարկել է 142 երկիր, դեմ՝ 10-ը։ Փաստաթուղթը դատապարտում է 2023 թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա, կոչ է անում ազատ արձակելու պատանդներին, պահանջում է, որ ՀԱՄԱՍ–ը դադարեցնի Գազայի կառավարումը և զենքը հանձնի պաղեստինյան ինքնավարությանը՝ միջազգային աջակցության ներքո։ Իսրայելը դեմ է փաստաթղթին, քանի որ այն իր հարևանությամբ անկախ պաղեստինյան պետություն է նախատեսում։

Տեղեկություններ կան, որ սեպտեմբերի 22-ին անկացվելիք ՄԱԿ-ի բարձր մակարդակի գագաթնաժողովին ընդառաջ՝ մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան և Բելգիան, պաշտոնապես ճանաչելու են Պաղեստին պետությունը։

Կարդացեք նաև

Back to top button