
«Yerevan Music Week» միջազգային երաժշտական փառատոն-համաժողովը մայրաքաղաքը կհյուրընկալի սեպտեմբերի 17-23-ը։ Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 70 երաժիշտներ և բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով ինքնատիպ հարթակ երաժշտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության համար։
Մեկշաբաթյա հագեցած ծրագրի ընթացքում նախատեսվում են շուրջ 35 միջոցառումներ, որոնց մեծ մասը կանցկացվեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հինգ համերգային սրահներում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Ներքնահարկում, Գրադարանում, «Շուշիկի» սրահում և ճեմասրահներում։
Փառատոնի շրջանակներում կկայանան կենդանի համերգներ, պանելային քննարկումներ, վարպետության դասեր և սեմինարներ, մասնագիտական նոր ծանոթությունների և համագործակցությունների հնարավորություն կստեղծվի։
«Yerevan Music Week»-ին կմասնակցեն Շվեցարիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Թուրքիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից հյուրեկ արտիստներ ու բանախոսներ՝ Երևանը դարձնելով միջազգային մշակութային յուրահատուկ կենտրոն։
Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ, որը հանդիսանում է «Yerevan Music Week 2025»-ի պաշտոնական գործընկերը։
*Yerevan Music Week-ն ընդգրկված է Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA) փառատոնների ցանկում և նրանց կողմից ստացել է EFFE Label (Remarkable Arts
Festival), որը եվրոպական տարածաշրջանի երաժշտական ասպարեզում շնորհվող որակի նշան է։
*«Yerevan Music Week»-ի փակման համերգը նվիրված է Eurpean Folk Day-ին, և սեպտեմբերի 23-ին Լյուսի Խանյանի մասնակցությամբ կայանալիք համերգը ներառված է Եվրոպական ֆոլկ օրերի միջոցառումների շարքում։




