
«Հայհեղինակ»-ը պետք է հեղինակային վարձատրություն վճարողից վերածվի հեղինակային եւ հարակից իրավունքները պաշտպանող կազմակերպության, ասել է գլխավոր տնօրեն Մարինա Ավետիսյանը։
«Հայհեղինակ»-ն ստեղծվել է 2001թ․-ին հեղինակների կողմից՝ մտավոր գործունեության ոլորտում իրենց իրավունքների իրացման եւ պահպանության նպատակով:
Մարինա Ավանեսյանը նշել է, որ այդ խնդիրները լուծելու նպատակով վերջին 8-9 ամիսների ընթացքում փոխվել է կազմակերպության կանոնադրությունը, նոր կարգեր են գրվել եւ գրվում, ստեղծվել է մոտ 300 էջ իրավական ակտ, որոնք պետք է նպաստեն հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների ոլորտում` հեղինակ-օգտագործող-իրավատեր հարաբերությունների կարգավորմանը:
«2001թ-ից «Հայհեղինակ»-ն անդամակցում է Հեղինակների եւ կոմպոզիտորների ընկերությունների միջազգային կոնֆեդերացիային (CISAC), ինչը հնարավորություն է տալիս փոխադարձ հետաքրքրությունների եւ շահերի պաշտպանության պայմանագրեր կնքել` պաշտպանելով հայ հեղինակների իրավունքները արտասահանում, ինչպես նաեւ ապահովել արտասահմանյան հեղինակների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»,- ասել է նա։
Հեղինակային իրավունքի հիմնական խախտողներն այսօր չլիցենզավորված երաժշտություն օգտագործող բարերը, ռեստորանները, սրճարանները եւ այն կազմակերպություններն են, որտեղ երաժշտությունը հնչում է հրապարակային, բայց առանց թույլտվության եւ հեղինակային վարձատրության։
Խախտողների մեջ են նաեւ տարատեսակ օնյալն հարթակները, որոնք տարածում են հեղինակային ստեղծագործություններ` առանց թույլտվության:
«Նրանց բոլորի նպատակը ֆինանսական օգուտ ստանալն է՝ առանց հեղինակին վճարելու: Օրինակ, ռեստորանի սեփականատերը երբեք չի մտածում, որ ռեստորանում հնչող երաժշտության համար պետք է վճարի, ընդ որում` խոսքը շատ փոքր գումարների մասին է, որը վճարելով` դու պաշտպանում ես ստեղծագործողի հեղինակային իրավունքը»,- ասել է «Հայհեղինակ»-ի ղեկավարը։




