
Երևանում երրորդ անգամ անցկացված «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը կրկին Հայաստան էր բերել տարբեր երկրների առաջատար ճարտարապետական ստուդիաների։ Մասնավորապես, այս տարի դասախոսություններով և քննարկումներով հանդես եկան 10 միջազգային ստուդիաների ներկայացուցիչներ՝ OFFICE KGDVS-ը (Բրյուսել, Բելգիա), Neri&Hu-ն (Շանհայ, Չինաստան), Studio Muoto-ն (Փարիզ, Ֆրանսիա), NOMOS-ը (Ժնև, Շվեյցարիա / Լիսաբոն, Պորտուգալիա / Մադրիդ, Իսպանիա), DF_DC-ն (Լոնդոն, Անգլիա), Förstberg Ling-ը (Մալմո, Շվեդիա), Anna & Eugeni Bach-ը (Բարսելոնա, Իսպանիա), PIOVENEFABI-ն (Միլան, Իտալիա / Բրյուսել, Բելգիա), Langarita Navarro Architects-ը (Մադրիդ, Իսպանիա) և DRDH ստուդիան (Լոնդոն, Անգլիա)։
Փառատոնային միջոցառումները տեղի ունեցան Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Առնո Բաբաջանյան համերգասրահում, Woods կենտրոնում և այլ վայրերում։
«Այս տարվա փառատոնը մեծ հաջողությամբ անցավ՝ ներգրավելով հարյուրավոր մասնակիցների և ձևավորելով կենդանի երկխոսություն միջազգային ստուդիաների և Հայաստանի ճարտարապետական համայնքի միջև։ Այս հաջողության հիման վրա մենք առավել քան երբևէ վստահ եղանք, որ «Նպատակ»-ը կարող է զարգանալ որպես կայուն հարթակ, որը միավորում է կրթությունը, փորձի փոխանակումը և նորարարական մոտեցումները», – ընդգծում են «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնի հիմնադիրները։
«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին։ Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը Հայաստանում։




