
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության նոր համաձայնագիրը, որը Կահիրեում ստորագրել էին գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Համաձայնագրի տեքստը վերանայվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի միջուկային կոմիտեի կողմից, և ամեն ինչ, ըստ էության, հաստատվել է այս կոմիտեի կողմից», — հայտարարությունից մի հատված է մեջբերել է NourNews-ը։
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել էին Իսլամական Հանրապետության և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր օրենքը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել էր, որ նոր օրենքը պարզաբանում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակը, բայց ամբողջությամբ չի փակում փոխգործակցության ուղիները և հարցի վերաբերյալ որոշումը թողում է երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայեցողությանը։
Սեպտեմբերի 9-ին Իրանը և ԱԷՄԳ-ն Եգիպտոսում համագործակցությունը վերսկսելու մասին համաձայնագիր էին ստորագրել, որը կասեցվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հունիսյան հարձակումներից հետո: Ինչպես փաստաթղթի ստորագրումից հետո պարզաբանել էր Իրանի արտգործնախարարը, Թեհրանի և գործակալության միջև համագործակցության նոր կանոնակարգերը լիովին համապատասխանում են երկու կողմերի պահանջներին: Սակայն նաև հավելել էր՝ Իսլամական Հանրապետության դեմ թշնամական գործողությունների վերսկսման դեպքում ԱԷՄԳ-ի հետ բոլոր շփումները կդադարեցվեն:




