ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Անկարայից նախանշում են հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման ժամկետը, Մեղրիում՝ սպասում քաղաքաշինական փաստաթղթերի 

Առաջին անգամ Երևան ժամանած՝ հայ-թուրքական հարցերով թուրք բանագնաց Սերդար Քըլըչի հետ բանակցություններից հետո Հայաստանի արտաքին գերատեսչությունն ամփոփել է այցի արդյունքները։  Ըստ ԱԳՆ հայտարարության՝ կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ առաջ մղելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորումը։ Սրան զուգահեռ՝ այս հանդիպումից ժամեր անց այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջնական կարգավորման փուլ կմտնեն, երբ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը և նշել, որ Անկարան սպասում է այդ իրադարձությանը 2026-ի առաջին կիսամյակում։ Միաժամանակ Միացյալ Նահանգները հայտարարել է Սյունիքով անցնելիք «Թրամփի ուղու» ենթակառուցվածքների կառուցման նպատակով Հայաստանին տրամադրվելիք առաջին մեծ ֆինանասական ներդրման մասին։

Հայ-թուրքական երևանյան բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են արագացնել սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելը, թեև  3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու  հստակ ժամկետներ այդպես էլ դեռ չեն նախաշնվում՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։ Թուրքական կողմը, ըստ Պետրոսյանի,  սակայն, չի շտապում Հայաստանի հետ  պայմանավորվածությունները կատարել երկու պատճառով

«Առաջին՝ քանի որ մենք դեռևս ակնկալում ենք բանակցային նոր շրջափուլ  Հայաստանի և Ադրբեջանի միջև, արդեն նաև՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև՝  «Թրամփի ուղու» կարգավորումների մասով և այլ իրավական, տնտեսական, քաղաքական դետալների մասով, ուստի թուրքական կողմը չի շտապում և, իմ ենթադրմամբ, փորձ է արվելու կարգավորման այս գործընթացը և կոնկրետ պայմանավորվածությունները  օգտագործել որպես լծակ՝ ազդելու պրոցեսի վրա, ընդ որում՝ և՛ Հայաստանի հետ հարաբերություններում, և՛ նաև Միացյալ Նահանգների հետ շփումներում»։

Մյուս պատճառը, փորձագետի դիտարկմամբ, այն է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմամբ․

«Իհարկե, ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը, որն էլ հավելյալ հնարավորություն է տալիս Թուրքիային՝ պատճառաբանելու, հիմնավորելու իր նման վարքագիծը նրանով, որ քանի դեռ Ադրբեջան- Հայաստան հարաբերությունները վերջնականապես կարգավորված չեն, ապա Թուրքիան միայն վերջնական կարգավորումից հետո է գնալու կարգավորման»։

Ուշագրավ է, որ հայ-թուրքական հարցերով հատուկ բանագնացների երևանյան հանդիպումից ժամեր անց՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրեն, Թուրքիան նույնպես կսկսի ձեռնարկել քայլեր՝ կարգավորելու իր հարաբերությունները Հայաստանի հետ։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովի ընթացքում նշել է, որ Վաշինգտոնում վերջնական ստորագրությունները դեռ չեն դրվել, և որ Անկարան ակնկալում է  խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն 2026-ի առաջին կեսին։

Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի նման խոսույթն ավելի շուտ իրավիճակային հայտարարություն է՝ գործընթացով հետաքրքրված միջազգային և հատկապես արևմտյան խաղացողների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ակնկալիքները փարատելու համար․

«Պայմանական ինչ-որ ժամկետ է նշվում, իհարկե, խիստ հակասական և վիճելի է 2026-ի առաջին կիսամյակը։ Այսինքն՝ սա, այսպես ասենք, գործընթացին հույս ներշնչելու համար է զգայուն դերակատարների շրջանում առ այն, որ թուրքական կողմը պլանավորում է, այնուամենայնիվ, կարգավորում է իր հաշվարկները»։

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան բանակցություններից հետո Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ նախապայմանը, ըստ Պետրոսյանի, մնում է Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը։ Այդ երկրի կարծիքով՝ Հայաստանի մայր օրենքը ենթադրում է ինչ-ինչ տարածքային  պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանը դժվար թե խորհրդարանական ընտրություններին զուգահեռ սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնի․

«Ավելի կանխատեսելի է, որ սահմանադրության փոփոխությունները կարող են 2026-ից հետո, խորհրդարանական ընտրություններից հետո լինել, երբ իշխանության կառուցվածքն արդեն իսկ պարզ կլինի»։

Փորձագետի խոսքով՝ այս փուլում Ադրբեջանի համար ավելի կարևոր է տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, հատկապես, որ Միացյալ Նահանգները խոստումներից ու հայտարարություններից գործնական քայլերի է անցել։ Այսպես, սեպտեմբերի 11-ին Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհեն և հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հաջորդած հաղորդագրության մեջ ուշագրավ նորություն կա․

«ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլարի աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է՝ ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Թեև ամերիկացի պաշտոնյան չի հստակեցրել, թե խոստացվող գումարը Սյունիքով անցնելիք «Թրամփի ուղու» որ ենթակառուցվածքների վրա կներդրվի, սոցիալական կայքերում հանրային ու քաղաքական որոշ գործիչներ արդեն հաշվարկներ են անում։
Մեղրիի համայնքապետի տեղակալ Բագրատ Զաքարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ իրականացվելիք աշխատանքները պետք է ուղղվեն Մեղրիի 45 կմ երկաթգծի վերականգնմանը, բայց այս նպատակով համայնքում դեռ նախապատրաստական աշխատանքներ չեն մեկնարկել․

«Համայնքի պատրաստակամությունը պետք է սկսվի պետության կառավարման պատրաստակամությունից, համապատասխան փաստաթղթեր ուսումնասիրելուց՝ հասկանալու, թե որտեղո՞վ է անցնելու, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ, այսինքն՝ պետք է քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան լինի, բայց նման փաստաթուղթ դեռ համայնքը չի ստացել ուսումնասիրության համար»։

Զաքարյանի խոսքով՝ թեև թունելներն ու ճանապարհը կան, անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ստուգել դրանց սեյսմակայունությունը և այլ տեխնիկական չափանիշները․

«Նախկինում գործած երկաթգիծն ամբողջությամբ քանդվել է, բավականին լուրջ շինարարական աշխատանք է պահանջվում, հատկապես, եթե  պետք է կառուցվի նոր չափանիշներով, արդի չափանիշներով նորը․ ծավալուն ու մեծ աշխատանք է պետք, որ իրականացվի երկաթգծի մասով»։

Ակնկալվում է, որ ենթակառուցվածքներին առնչվող հարցերը կքննարկվեն ու փոքր-ինչ կորոշակիանան Միացյալ Նահանգներից  սպասվող այցերի ընթացքում։ Իսկ այդ քննարկումներն, ըստ ամենայնի, արդեն սկսվել են․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհեն Հայաստանում հանդիպել է արտաքին և ներքին գործերի նախարարներին, քննարկել ինչպես «Թրամփի ուղուն» վերաբող, այնպես էլ՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության զարգացման  հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button