
Մեկնարկել է Հայաստանի ամենամեծ AI միջոցառումը։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը արդեն 6-րդ անգամ կհյուրընկալի միջազագյին առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ու հայկական տեխնոլոգիական համայնքի մասնագետներին՝ քննարկելու տվյալագիտության, մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության ոլորտում աշխարհում գրանցվող առաջընթացը և այն խթանելու հնարավորությունը։
«Տարբեր խայտաբղետ ճյուղեր, ասենք՝ ձայնային AI, տեքստային AI, AI ալգորիթմների համար, AI կենսաբանության համար. շատ հետաքրքիր ելույթ է սպասվում` ինչպես են AI-ով նյութեր ստեղծում, դրա մասին է լինելու, ինչպե՞ս են կիրառում տարբեր բիզնեսներում․․․»
«YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը դեռ երկար է թվարկում այն թեմաները, որոնք քննարկվում են Հայաստանի ամենամեծ AI/ML միջոցառման՝ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովի ժամանակ։ Սա արդեն 6-րդ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը Հայաստանում է հավաքում աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին, ինժեներներին, տեխնոլոգիաներով հետաքրքրված մասնագետներին՝ արհեստական բանականության զարգացումների մասին խոսելու համար։ Հրանտ Խաչատրյանն այս միջոցառման կազմակերպիչներից է․

«Գաղափարն այն էր, որ տարվա մեջ 1-2 օր հավաքենք Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող մասնագետներին, ինժեներներին, գիտնականներին, որպեսզի նախ իրար հետ շփվեն, իրար պատմեն, թե ինչով են զբաղվում, ուր են հասել, և նաև հրավիրենք այլ երկրներից մասնագետների, որ նաև Հայաստանի համայնքը տեսնի, թե ինչ է կատարվում դրսում ու հնարավորություն ունենա անձամբ շփվելու այն մարդկանց հետ, որոնք հետաքրքիր գործեր են անում»։
Համաժողովի հայ և արտասահմանցի մասնագետ-մասնակիցները ներկայացնում են տվյալագիտության, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության ոլորտում իրականացվող ամենաարդիական հետազոտությունները։ Միջոցառման համակազմակերպիչ, նաև խոսնակ Արսեն Եղիազարյանը Հայաստանի տեխնոլոգիական ընկերություններից մեկում AI գծով տնօրենի տեղակալ է, մասնակիցներին է ներկայացնելու ԱԲ թեստավորման ոլորտում իր փորձն ու մարտահրավերները։
«Որպեսզի ստուգենք՝ արդյոք վարկածը, որն ունենք, աշխատո՞ղ վարկած է, թե՞ չէ, լավագույն ձևը ԱԲ թեստավորումն է։ Ի՞նչ է այն․ մենք մեր բոլոր օգտատերերին բաժանում ենք 2 խմբի։ Մի խմբի համար միացնում ենք նոր ֆունկցիոնալությունը, իսկ մյուսի համար չենք միացնում։ 2 խմբերը տարբերվում են այդ մի կոմպոնենտով։ Հետևաբար ցանկացած էֆեկտ, որ մենք կտեսնենք թեստը սկսելուց հետո, կարող ենք վերագրել հենց էդ ֆունկցիոնալությանը։ Դրա միջոցով կարողանում ենք հաստատել կամ ժխտել վարկածը։ Իսկ վարկածը կարա լինի, օրինակ այն, որ եթե մենք փոխենք մեր վեբսայթի դիզայնը, ապա, դա ավելի շատ դուր կգա օգտատերերին, որը, ի վերջո, կբերի բիզնեսի եկամտի աճին։ Ընդհանուր առմամբ հենց դրանից եմ խոսելու՝ ինչպե՞ս են ստուգում վարկածները պլատֆորմներում, դրա մաթեմատիկան, տվյալագիտական հատվածի մասին»։
Սա միայն մեկ ուղղությունն է։ Երկու օրերի ընթացքում մի տանիքի տակ հավաքված մասնագետները քննարկելու են աշխարհում նորարարական զարգացումները և այն աշխատանքը, որը դրվում է դրանց հիմքում։ Սա փորձի ու գիտելիքի փոխանակման լուրջ հնարավորություն է՝ ասում է լեզվաբանական տվյակագետ Սպարտակ Բուրգդարյանը և «Ռադիոլուր»-ին պատմում՝ ինչ նոր հնարավորություն ստեղծելու ուղղությամբ են աշխատում այս պահին․

«Աշխատում ենք հայերեն արհեստական լեզվաբանական մեծ մոդելների ստեղծման վրա, ինչպիսիք են հայտնի ChatGPT-ն, որպեսզի ունենանք լրիվ անվճար ու ազատ հայերեն լեզվաբանական մոդել, որը շատ տարբեր կիրառություններ ունի։ Մեծ ընկերությունները բերում են նաև շատ անվտանգային ռիսկեր․ շատ կազմակերպություններ չեն կարողանում ChatGPT-ից օգտվել, որովհետև երբեմն տվյալները չեն կարող լքել երկիրը։ Օրինակ՝ բանկային ոլորտում գործ ունենք մարդկանց անձնական ու ֆինանսական տվյալների հետ։ Բնականաբար, մարդը չի ուզի, որ իր տվյալները լքեն երկիրը, ու ունենալով հայկական՝ մեր սեփական մոդելը՝ նման խնդիրներ չենք ունենա»։
Միջազգային խոսնակներն աճող հետաքրքրություն են ցուցաբերում միջոցառման նկատմամբ՝ ասում է Հրանտ Խաչատրյանը, նրանք տալիս ու վերցնում են գիտելիք, որը նպաստում է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին։ Նրա խոսքով՝ սա նաև մասնագիտական հմտությունները փորձության ենթարկելու լավ հարթակ է։
«Ավելի կարևոր է, թե ինչ են սովորում, ինչ են ստանում, ինչ են իրենց հետ տանում, որովհետև երբեմն լինում է խնդիր, որ մեր մասնագետները բավականաչափ ուժեղ չեն լինում եկած ուժեղ հյուրերի տված գիտելիքը ստանալու հարցում, երբեմն շատ բարդ են լինում ելույթները, ու դժվար է լինում շատ բան մարսել։ Ընդ որում՝ շատ դժվար է չափել, դա շատ ինտուիտիվ ենք գնահատում, ու էս տարի երևի ամենակարևոր բանը, որ ուզում եմ ուշադիր լինել, դա է։ Հետաքրքիր ելույթներ ունենք, նոր բնույթի հետազոտություններ, որոնց մասին պատմվելու է։ Օրինակ՝ ո՞նց են արհեստական բանականությունը օգտագործում համակարգչային գիտությունների նոր մեթոդներ ստեղծելու համար․ սա մի երևույթ է, որը 2 տարի առաջ ընդհանրապես չկար, անցած տարի սկսվեց, ու էս տարի արդեն ինչ-որ պրոգրես կա։ Այ թե էս գաղափարները ինչպես են մարսվում, ինչպես են ազդում մեր լոկալ համայնքի վրա, որ մենք ևս սկսենք մտածել էդ ուղղություններով, հասկանանք, թե մենք ինչ կարող ենք անել էդ տիպի խնդիրների հետ։ Սա պետք է լինի ամենամեծ ազդեցությունը»։
«Դատաֆեստ Երևան»-ը շուրջ 1000 այցելու է ունենում՝ ամեն տարի գրավելով ավելի մեծ հետաքրքրություն թե ներքին, թե արտաքին տեխնոլոգիական միջավայրից։ Այս տարի ելույթներով են հանդես գալու ներկայացուցիչներ Meta-ից, GoogleDeepMind-ից, Լոնդոնի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտից, JetBrains-ից, Picsart-ից և այլ առաջատար կազմակերպություններից։




