
Իսրայելի հարձակումը Կատարի մայրաքաղաք Դոհայի վրա քննադատության է արժանացել ՄԱԿ–ի ԱԽ-ում։ Տարբեր երկրների պատվիրակներ շեշտել են, որ նման հարձակումները միջնորդ երկրների վրա անվստահություն են առաջացնում միջնորդական ջանքերի նկատմամբ։ Կատարի վարչապետը Իսրայելի հարձակումն անվանել է հարված՝ խաղաղության ջանքերին։ Նա կասկած է հայտնել, որ Թել Ավիվը անկեղծ է գերիներին ազատ արձակելու իր մտադրության մեջ։ Իսրայելի ներկայացուցիչը հակադարձելով նրան, ասել է, որ իրենք ոչնչացնելու են ՀԱՄԱՍ-ի անդամներին, որտեղ էլ նրանք գտնվեն։
Ավելի ուշ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ միջազգային հանրությանը կոչ է արել Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իսրայելի՝ ՀԱՄԱՍ–ի ղեկավարությանը ոչնչացնելու նպատակով հարձակումը Կատարի մայրաքաղաք Դոհայի վրա։ Կառույցը կոչ է արել շարունակելու խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիա․
«Միակողմանի ռմբակոծությունը Կատարի ներսում, երբ ինքնիշխան պետությունը շատ ջանասիրաբար աշխատում և ռիսկի է դիմում Միացյալ Նահանգների հետ միասին խաղաղության միջնորդության համար, չի նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակներին: Միևնույն ժամանակ անտեղի է, որ որևէ անդամ օգտագործի կատարվածը՝ հարցականի տակ դնելու համար Իսրայելի հանձնառությունը իր պատանդներին տուն վերադարձնելու հարցում»:
Կատարի վարչապետ, շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլրահման ալ-Թանին սակայն կարծում է, որ Իսրայելը հետաքրքրված չէ պատանդներին ազատ արձակելով, հակառակ դեպքում չէր խաթարի այդ հարցով բանակցությունները ու չէր հարվածի Դոհային։
«Մենք լիովին հավատում ենք միջնորդությանը և վեճերի խաղաղ կարգավորմանը, և Կատարի դերը գնահատվում է ողջ աշխարհում: Սակայն մեր տարածքների վրա հարձակումը, երբ մենք զբաղված էինք բանակցություններով, բացահայտեց Իսրայելի մտադրությունը: Այն փորձում է խաթարել խաղաղության ցանկացած հեռանկար: Սա նաև ցույց է տալիս, որ այսօր Իսրայելի ղեկավարությունը չի հետաքրքրվում պատանդներով: Կատարվածը խաթարում է վստահությունը ՄԱԿ-ի նկատմամբ։ Կատարի պետությունը կշարունակի մարդասիրական ու դիվանագիտական դերակատարումը արյունահեղությունը դադարեցնելու համար։ Միևնույն ժամանակ, չենք հանդուրժի մեր ինքնիշխանության դեմ որևէ հարձակում և պատրաստ ենք արձագանքելու միջազգային իրավունքով երաշխավորված գործիքներով։ Մենք կոչ ենք անում խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Խաղաղությունը մեր մոտեցումն է, և մեզ չեն խանգարի նրանք, որոնք կոչ են անում պատերազմի և ավերածությունների»։
Ի պատասխան՝Իսրայելը պահանջել է, որ Կատարը վտարի ՀԱՄԱՍ-ի անդամներին իր տարածքից:ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի վերացնել ահաբեկչներին․
«Այս հարվածը ուղերձ է այս դահլիճում գտնվողներին, որ ահաբեկիչների համար ապաստան չկա՝ ո՛չ Գազայում, ո՛չ Թեհրանում, ո՛չ Դոհայում։ Ահաբեկիչների համար անձեռնմխելիություն չկա։ Եվ, այնուամենայնիվ, նույնիսկ այս խորհրդում, որոշ անդամներ որոշեցին ՀԱՄԱՍ–ը լեգիտիմացնել ու նույնիսկ պաշտպանել։ Իսրայելը դա թույլ չի տա։ Մենք կգործենք ահաբեկչության առաջնորդների դեմ, որտեղ էլ որ նրանք թաքնվեն»։
Իսրայելի դեսպանը նշել է, որ Դոհայի վրա հարձակումն ուղղված էր ՀԱՄԱՍ–ի առաջնորդների դեմ, որոնք օրինական քաղաքական գործիչներ, դիվանագետներ կամ ներկայացուցիչներ չեն, այլ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներ։
ԱՄՆ ներկայացուցիչը շեշտել է, որ թեև Դոհայի վրա հարձակումը չի բխում Իսրայելի և ԱՄՆ-ի՝ պատանդներին ազատ արձակելու նպատակներից, ՀԱՄԱՍ–ի վերացումը արժանի նպատակ է։ Դեսպանն ընդգծել է, որ ահաբեկիչները ապագա չպետք է ունենան Գազայում։
Ըստ միջազգային մամուլի՝ Կատարի ղեկավարությունը պահանջում է, որ Իսրայելւ վարչապետը արդարադատության առաջ կանգնի։ Իսկ Նեթանյահուն Դոհայի կենտրոնում ՀԱՄԱՍ–ի ղեկավարությանը հարվածելու օպերացիան համարում է անկախ գործողություն իր երկրի կողմից։
Տարբեր երկրների ներկայացուցիչներ դատապարտել են Իսրայելի գործողությունները Կատարի նկատմամբ։ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգ․
«Նման անազնիվ և անպատասխանատու գործողությունները, որոնք միտումնավոր խաթարում են բանակցությունները, իսկապես աղաղակող են: Չինաստանը խորապես մտահոգված է, որ այս հարձակումը կարող է ավելի սրել լարվածությունը տարածաշրջանում: Պետք է նշել, որ այս միջադեպը սերտորեն կապված է որոշ ոչ տարածաշրջանային տերությունների՝ Մերձավոր Արևելքի հարցում երկարատև անհավասարակշիռ դիրքորոշման հետ: Մենք կոչ ենք անում այս խոշոր երկրներին առաջնահերթություն տալու տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, ընդունելու արդար և պատասխանատու մոտեցում և կառուցողական աշխատելու միջազգային հանրության հետ՝ լարվածությունը մեղմելու համար»:
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամներն, ընդհանուր առմամբ, դատապարտել են իսրայելա–պաղեստինյան բանակցությունների գլխավոր միջնորդին՝ Կատարին ուղղված իսրայելական հարվածները։ Բացի այդ, Անվտանգության խորհուրդը կարևորել է իրավիճակի լիցքաթափումը և համերաշխություն հայտնել Կատարին։
Նիստից հետո ԱԽ–ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ խորհրդի անդամները շեշտել են, որ պատանդների ազատ արձակումը, ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից սպանվածների դիերի վերադաձը և Գազայի հատվածում պատերազմի ու տառապանքների դադարեցումը պետք է շարունակի լինել իրենց գլխավոր առաջնահերթությունը։




