ԿարևորՀասարակություն

Վերելակավար Ալբերտը, վերելակի գումարները հավաքող նրա հարսն ու նոր տանիքները․ Մեծամորում նոր ծրագրեր են իրականացվում

Մեծամորն Արմավիրի մարզի ամենամեծ խոշորացված համայնքն է՝ 31 բնակավայրով։ Այստեղ առկա տարաբնույթ խնդիրների լուծումն, ըստ պատասխանատուների, նախանշվում է առաջնահերթություններով: Մեծամոր քաղաքում հիմնականում բազմահարկ շենքեր են, առաջնային խնդիրները՝ տանիքներն ու վերելակները: Վերջին տարիներին մի քանի շենքի տանիք է փոխվել, 13 բարձրահարկի շքամուտքերում նոր վերելակներ են տեղադրվել: Հիմա քաղաքի խմելու ջրագծերն են փոխվում: Արմավիրի մարզի մեր թղթակից Սաթիկ Իսահակյանն է պատմում։

Արմավիրի մարզի ամենամեծ խոշորացված համայնքում խնդիրները շատ են, լուծումներն էլ նախանշվում են ըստ առաջնահերթությունների: Հիմնական աշխատանքները մեկնարկել են համայնքների միավորումից հետո: Մինչև այդ՝ դրանք, որպես առանձին միավորներ, սեփական եկամուտների հաշվին չէին հաջողում սեփական ծախսերը հոգալ: Բյուջեն սուղ էր, կարիքները՝ շատ:

Խոշորացումից հետո միավորված բյուջեի ծախսերի մի մասն ուղղվեց խնդիրների լուծմանը: Մեծամոր քաղաքում վերջին տարիներին շուրջ 13 վերելակ է փոխվել բարձրահարկ շենքերում՝ ասում է քաղաքի բնակիչ Ալբերտ Դանիելյանը։

«Նախկինում հին վերելակ էր, օրական փչանում էր, ժողովրդից փող էինք հավաքում, մեխանիկ չկար, սարքող էինք ճարում, գնում, մաս էինք առնում, բերում»:

Ալբերտը շենքի վերելակավարն է,  կամավոր է ստանձնել այս գործը, հետևում է վերելակի մաքրությանն ու աշխատանքին: Ասում է՝ վերելակները համայնքը փոխեց 2022թ-ին:

Միասին մտնում ենք նոր վերելակը:

«Բարձրանանք-իջնենք: Մաքրությունը մեր կողմից է, գումարն իմ հարսն է հավաքում, քանի որ «Բարեկարգում» կազմակերպությունում է աշխատում: Հատակը ծածկել ենք հաստ ստվարաթղթով, որ շուտ չփչանա: Ամեն ամիս մեկը մաքրում է: Բնակիչները պարտաճանաչ վճարում են վերելակի գումարը: Մոտ 500-600 դրամ է՝ նայած թե ինչքան հոսանք է ծախսվել»,- պատմում է նա:

Մեծամոր քաղաքում բնակիչներին անհանգստացնում են բազմահարկ շենքերի վնասված տանիքները, որոնցից տուժում են տանիքի տակ ապրողները: Բնակիչներից մեկը նկատել է՝ խնդիրը սկսել են լուծել:

«24, 25 շենքերի տանիքներն այս տարի սարքեցին: Ժողովուրդը լացում էր այդ խնդրից: Ես էլ եմ այնտեղ ապրել՝ 26-ում: Ամենավերջին շենքերն են, այդտեղ փոխեցին»:

Մեծամոր քաղաքում, սակայն, բակերը դեռ անբարեկարգ են, քաղաքի ասֆալտապատումը նոր են սկսել: Կենտրոնական փողոցում հիմա տեխնիկա է աշխատում, ճանապարհի մի կողմը քանդում են:

«Էս փոսերը․․․ խմելու ջրագծերն են փոխում, կապրոնե նոր խողովակներ են դնում: Սրանք 20 տարի առաջ էին դրել, հիմա փոխում են: Ասֆալտապատումը քաղաքում մի քանի տարի առաջ ՀԱԷԿ տանող ճանապարհին է արվել»,- ասում է Ալբերտ Դանիելյանը։

Բնակիչների համար աչք շոյող առաջին հատվածը կանաչ տարածքներն են ու մաքրությունը: Մեծամորի մշակույթի տան դիմացի այգին բարեկարգվել է ու զբոսանքի վայր դարձել:

Բնակիչներն են ներկայացնում.
«Ուղղակի մի քիչ մաքրություն է, աղբարկղերն են փոխվել, հավաքարարները պարտաճանաչ աշխատում են: Առաջ մի երկու ժամ աշխատում, գնում էին, հիմա ողջ օրն աշխատում են: Այստեղ բակային հատվածները հավաքարարներն են մաքրում, իսկ ծառերն ու խոտերը բնակիչներն են ջրում»:

 «Միշտ մաքուր վիճակում է, սրտացավ են բոլոր հավաքարարները: Հետո շատ գեղեցիկ այգի են սարքել՝ նստարաններով: Հանգստյան վայրի նման է, զբոսնում ենք առավոտյան ու երեկոյան: Ճեմուղիները սալիկապատել են: Շատ գոհ ենք այգեպանից՝ Հրանտից: Գիշեր-ցերեկ  հսկում է. որ երեխաները, թափառող շները չկեղտոտեն կանաչ տարածքը»:

Բնակիչները, սակայն, նկատում են նաև չբարեկարգված բակերը, որոնք անհարմարություններ են առաջացնում տեղաշարժի համար: Նորընտիր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանն ասում է, որ ջրագծերը փոխելուց հետո ասֆալտապատելու են ճանապարհները:

«Մեծամոր քաղաքում ջրագծերը բավականին վատ վիճակում են, չկա նորմալ ջրամատակարարման ցանց: Մենք պիտի ասֆալտապատման աշխատանքներ անեինք, դրա համար ճիշտ համարեցինք տակի կոմունիկացիան, համակարգերն անպայման փոխվեն, որ շատ երկար ժամանակ ծառայի մեր բնակիչներին, խնդիրներ էլ չառաջանան՝ ջրագծի վթար, քանդման աշխատանքներ»,- ասում է համայնքի ղեկավարը:

Քաղաքում հիմա ասֆալտապատվում են համայնքապետարանի դիմացի տարածքն ու մի քանի փողոց: Էդգար Հովհաննիսյանն ասում է, որ սուբվենցիոն ծրագրով իրենց մասնաբաժինը 45 տոկոսն է:

«Մեկ միլիարդ 260 մլն դրամի մասին է խոսքը․ սա՝ ասֆալտապատման ծրագրի մասով: Ասֆալտապատվում են Մարտին Միքայելյան, Հովհ. Թումանյան, Վ. Տերյան և Կոմիտաս փողոցները: 45 տոկոս մասնակցություն ունի համայնքը, 55 տոկոս՝ կառավարությունը: Քանի որ Մեծամոր քաղաքի հետ մենք ներկայացրել էինք նաև սահմանամերձ բնակավայրերը, կառավարության որոշմամբ՝ տոկոսային հարաբերությունը փոխվում է»:

Այս աշխատանքներն իրականացվում են 2024 թ սուբվենցիայով, իսկ 2025թ նախատեսված ծրագրերը կյանքի կկոչվեն արդեն հաջորդ տարի։     

Կարդացեք նաև

Back to top button