ԿարևորՄշակույթ

Հայ հոգևոր երաժշտությունը՝ իտալական Պադովայում

«Միասին»  համահայկական ՀԿ-ի նախաձեռնած և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-րդ ամյակին նվիրված «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային ծրագրի հաջորդ հանգրվանը  Իտալիայի Պադովա քաղաքի Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին էր:

Իտալիայի Պադովա քաղաքի Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցում Մխիթարյան միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակներում կայացած հայ հոգեւոր երաժշտության երեկոյին ներկա են եղել Մխիթարյան հայրերը, տեղի հոգևորականներ, համայնքային ներկայացուցիչներ և բազմաթիվ իտալացի հանդիսատես։

Այս համերգը տեղի է ունեցել «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային ծրագրի շրջանակներում, որը Կոմիտաս վարդապետի ծննդյան 156-րդ ամյակին նվիրված «Միասին»  համահայկական ՀԿ-ի նախաձեռնությունն է։

Իտալական Պադովայում արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը՝ դաշնակահար Զոյա Թուխմանովա-Կարապետյանի երգեհոնի ուղեկցությամբ, հանդիսատեսին է ներկայացրեզ Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները, ինչպես նաև եվրոպական հոգևոր երաժշտություն՝ արժանանալով ջերմ ընդունելության։

«Միասին» համահայկական ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Մխիթարյան Մայրավանքի վանահայր Հայր Գևորգ վարդապետ Սարգսյանին՝ միջոցառման կազմակերպման համար, ինչպես նաև երախտիքի խոսք ասել «Իտալիա–Հայաստան ընկերություն՝ իտալա–հայկական բարեկամության համար» ասոցացիային։

Նա ընդգծել է, որ ասոցիացիան 1991 թվականից ի վեր կարևոր դեր է խաղում հայկական համայնքների կապերի պահպանման և հայ-իտալական բարեկամության ամրապնդման գործում:

Գևորգ Չիչյանը երախտագիտություն է հայտնել նաեւ Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցուն՝ համերգը հյուրընկալելու և այս նախաձեռնությանը միանալու համար։ Հատուկ ողջույնով դիմել օտարազգի հանդիսատեսին։

Սան Ֆրանչեսկո եկեղեցու հոգևոր հայր  Դոն Մասիմո Դե Ֆրանչեսկին ողջունել է այս նախաձեռնությունը և նշել, որ այն նպաստում է հոգևոր ու մշակութային արժեքների տարածմանը:

«Իտալիա–Հայաստան ընկերություն՝ իտալա–հայկական բարեկամության համար» ասոցիացիայի ներկայացուցիչ Վարդան Ջաքոմելլին իր խոսքում շնորհակալություն է հայտնել «Միասին» ՀԿ-ին՝ մշակութային երկխոսության ամրապնդմանը ուղղված նախաձեռնության համար։

Կարդացեք նաև

Back to top button