
Գլենդեյլի Միացյալ դպրոցական շրջանում արդեն մի քանի տարի երկլեզու ուսուցման շրջանակներում սովորում են արեւելահայերեն։ Այժմ քննարկվում է արեւմտահայերենի ուսուցման հնարավորությունը։
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի` ANCA-ի Գլենդեյլի մասնաճյուղը սա գնահատել է «լեզվի զարգացման և համայնքային ինքնության համար շրջադարձային պահ»։
Գլենդեյլի քաղաքապետարանը համայնքի կարծիքը պարզելու համար հարցում է սկսել։ ANCA-ն բնակիչներին կոչ է անում մասնակցել և իրենց աջակցությունը ցույց տալ այս ծրագրին։
«Մենք երկար պայքարեցինք, որպեսզի հայերենի ծրագրերը տեղ գտնեն Գլենդեյլի դպրոցներում, և տարիներ շարունակ արեւելահայերենը զարգանում է։ Բայց արեւմտահայերենը վտանգված է ամբողջ աշխարհում»,- ասել է ANCA Glendale-ի նախագահ Լուսին Պետրոսյանը։
Գլենդեյլի քաղաքապետարանի քարտուղար դոկտոր Սյուզի Աբաջյանը շեշտել է համայնքի մասնակցության հրատապությունը․ «Նման հարցումները գուցե փոքր թվան, բայց հաճախ վճռորոշ են լինում։ Յուրաքանչյուր պատասխան ցույց է տալիս որոշում կայացնողներին, որ համայնքը լուրջ է տրամադրված այս լեզուն պահպանելու գործում»- ասել է նա։




