ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ծրագիրը գործում է, բայց վերջնական նպատակին դեռ չի հասել

Հայաստանում ավելի քան 218 հազար քաղաքացի մինչև 1 մլն դրամ վարկային պարտավորություն ունի, որը չի կարողանում մարել և դասակարգված է «սև ցուցակում»։ Նրանց վարկային ընդհանուր բեռը 168 մլրդ դրամ է։ Փետրվարի 1–ից սոցիալական աջակցության նոր ծրագիր է մեկնարկել, որով նախատեսվում է վերադարձնել եկամտային հարկը աշխատող և աշխատաշուկայում նոր հայտնված շահառուներին։ Կառավարությունը ծրագրի շարունակականությունը ապահովելու համար այսօր հերթական հատկացումն է արել։

Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը խթանող ծրագիրը կշարունակվի։ Սեպտեմբերի 9–ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 5․715 անձ, որոնցից 789–ի վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են։ Մանրամասնում է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը․

«Կատարված վերլուծությամբ պարզվել է նաև, որ շահառուներից 1532–ը կամ 27 %–ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ նոր են աշխատանք ձեռք բերել։  Հատկանշական է նաև, որ մեկ շահառուի ամսական միջին աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ,  այնինչ միջոցառման մեկնարկից առաջ ֆորմալ զբաղված պոտենցիալ շահառուների ամսական միջին աշխատավարձը կազմում է շուտ 145 հազար դրամ, այսինքն՝ դիտվել է աճ միջին թվի համեմատ 56 հազար դրամի կամ 37 տոկոսի չափով»։

Ենթադրվում է, որ աշխատողների մի մասը դուրս է եկել ստվերից։ Վարկը մարած  789 շահառուի վարկերի մարման համար արդեն հատկացվել է 156 միլիոն դրամ։ Փետրվարի 1–ից ծրագիրն աջակցում է վարկառու այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են որպես անհուսալի, միաժամանակ մայր գումարի գծով պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը: Նրանց եկամտային հարկն ուղղվում է վարկի մարմանը։

«Մենք, փաստացիորեն արդեն այս որոշմամբ, մոտ 1 միլիարդ դրամ ենք հատկացնում ծրագրին, և հատկանշական է այն, որ նախորդող 6 ամիսներին ծախսվել է 500 միլիոն դրամ։ Այս 3 ամիսներին կրկին 500 –525 միլիոն։ Այսինքն՝ նաև աճի տեմպ ենք տեսնում՝ մոտավորապես կրկնակի»։

 Նախնական գնահատումներով՝ շահառուների պոտենցիալ թիվը 218 հազար էր, ուստի դեռ ժամանակը չէ հայտարարելու, որ ծրագիրը հասել է իր նպատակներին` արձանագրում է Թորոսյանը։

Վարչապետը կարևորում է բանկային համակարգում շահառուների հետ անհատական աշխատելու մեխանիզմը։

«Բանկային համակարգում այդպիսի ազդակ մենք փոխանցե ՞լ ենք մեր գործընկերներին, որ անհատապես փորձենք աշխատել»։

ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացում է՝ համակարգն ինքնաշխատ է, քաղաքացին, ԱՍՀՆ դիմելով, բոլոր բանկերի, ինչպես նաև լուծարված կամ լուծարվող վարկային կազմակերպությունների բոլոր հաճախորդները ավտոմատ կերպով շահառու են դառնում։

«Չի կարող բանկը մերժել նման բան չի կարող լինել։ Սակայն ընդունում եմ, որ ծրագիրն ամբողջությամբ էն թափով չի իրականացվում, որ կարող էր լինել։ Մեզ ավելի խոր վերլուծություններ է երևի պետք՝ պրոակտիվ առաջարկներ բանկերից։ Բանկերին ձեռնտու է, որ սա տեղի ունենա»։

Ծրագիրը նաև տնտեսական ակտիվության առումով է կարևոր՝ արձանագրում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը սա ավելի շատ տնտեսական, քան սոցիալական ծրագիր է համարում․

«Սա մարդու համար իր տեղից ելնելու, աշխատելու մոտիվացիայի շատ լավ աղբյուր է»։

Կառավարությունում կարծում են, որ անհուսալի վարկ ունեցողները բանկերում արդեն իսկ խնդիրներ են ունեցել, տուժել են անպարտաճանաչ լինելու պատճառով, ուստի աջակցության կարիք ունեն։  

Կարդացեք նաև

Back to top button