Լեհաստանի երկինքը սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը վերածվել է ռազմական գործողությունների գոտու․ օդ են բարձրացել կործանիչներ, ՀՕՊ համակարգերը բերվել են լիակատար մարտական պատրաստության։ Պատճառն տասնյակ ԱԹՍ-ներով օդային սահմանի խախտումն է եղել, ինչի հանգամանքները դեռ պարզվում են։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը միջադեպը որակել է «ագրեսիայի ակտ»՝ նկատելով, որ սա առաջին դեպքն է, երբ անօդաչու թռչող սարքեր խոցվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։ Միջազգային լրատվամիջոցները չեն շտապում պնդել, թե որ երկրի կողմից են ուղղվել ԱԹՍ-ները, սակայն բոլոր ակնարկները ռուսական կողմին են հասցեագրվում։
Լեհաստանի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, իսկ երկրի վարչապետը՝ շտապել օդային տարածքի խախտման մասին տեղակացնել ՆԱՏՕ-ի ղեկավարին: Պաշտոնական Վարշավան հայտարարել է՝ վտանգ ներկայացնող բոլոր թռչող սարքերը ոչնչացվել են, իրավիճակը լիովին վերահսկվում է, տուժածներ չկան։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը միջադեպը որակել է «մասշտաբային սադրանք», իսկ երկրի նախագահը՝ միջադեպը համարել աննախադեպ Հյուսիս Ատլանտյան դաշինքի պատմության մեջ:
Աննախադեպ միջադեպ
Վարշավան հայտարարում է, որ Լեհաստանի օդային տարածքը խախտել է 19 անօդաչու թռչող սարք, որոնք և խոցվել են ՀՕՊ համակարգերով։ Ուկրաինայի պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ են անօդաչու սարքեր հատել Լեհաստանի սահմանը, ընդ որում՝ Բելառուսի տարածքից՝ ընդգծել է Տուսկը Սեյմում։
2022-ից սկսած՝ Լեհաստանը մի քանի անգամ հայտնել է իր օդային տարածք հրթիռների կարճատև ներթափանցման և անօդաչու սարքերի բեկորների հայտնաբերման մասին։ Դրանք գնահատվել են որպես փոքր խախտում՝ առանց խոցման անհրաժեշտության։ Սեպտեմբերի 10-ի միջադեպը առանձնանում է նրանով, որ լեհական զինված ուժերն առաջին անգամ խոցել են օդային թիրախներ ՆԱՏՕ-ի երկրի տարածքում։ Այս փաստի վրա հատուկ ուշադրություն է հրավիրել Լեհաստանի վարչապետ Տուսկը։
Մինսկը արձագանքում է
Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն պարզաբանում է ներկայացրել՝ խոսելով տեխնիկական խափանումների հետևանքով «ուղղությունը շեղած» սարքերի մասին: Գնդապետ-գեներալը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ փոխադարձ հարվածների ընթացքում որոշ անօդաչու սարքեր խոցվել են հենց Մինսկի կողմից, ինչի մասին Լեհաստանն ու Լիտվան տեղեկացվել են։ Մուրավեյկոն, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրից են ուղղվել ԱԹՍ-ները։
Միջազգային լրատվամիջոցները ևս դեռ խուսափում են տեղեկություններ հրապարակել, թե ո՞ր երկրից են սարքերը հատել Լեհաստանի տարածքը՝ միջադեպը ներկայացնելիս կիրառելով «անհայտ ծագման ԱԹՍ-ներ» ձևակերպումը, մինչդեռ Վարշավան պնդում է, որ դրոնները ռուսական են եղել:
Լեհաստանի զինված ուժերը հայտարարել են, որ ԱԹՍ-ների խոցման օպերացիան ավարտվել է առավոտյան 7:30-ին, իսկ բեկորների որոնումը շարունակվում է։ Լյուբլինի իշխանությունները տեղեկացրել են, որ ոստիկանությունը գտել է լեհական զինված ուժերի խոցած մեկ ԱԹՍ, իսկ քաղաքներից մեկում ԱԹՍ-ի բեկորները վնասել են բնակելի տան տանիքը և մեքենա:
ԱԹՍ-ները չեզոքացնելու գիշերային գործողությանը, ըստ ԶԼՄ-ների, մասնակցել են լեհական F-16 կործանիչ, հոլանդական F-35, իտալական AWACS հետախուզական ինքնաթիռներ և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող օդային լիցքավորման ինքնաթիռներ։
Միջազգային արձագանք
Միջադեպը լայն արձագանք է գտել Եվրոպայում՝ միջազգային հարթակներում։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն անօդաչու թռչող սարքերով Լեհաստանի օդային տարածքի խախտումը պատահական չի համարում։ X սոցիալական հարթակում Կալլասը գրել է․ մեջբերում․
«Պատերազմի սկզբից ի վեր՝ Լեհաստանում մենք տեսանք եվրոպական օդային տարածքի ամենալուրջ խախտումը Ռուսաստանի կողմից, և հիմքեր կան ենթադրելու, որ սա միտումնավոր էր, ոչ թե պատահական»։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Լեհաստանի արտգործնախարարի հետ, և որ ԵՄ-ն լիակատար աջակցություն է հայտնում Լեհաստանին։
ՆԱՏՕ-ի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ կառույցը Լեհաստանի տարածք անօդաչու թռչող սարքերի ներխուժումը չի համարում հարձակում։ Լրատվամիջոցի գրել է 6-10 անօդաչու թռչող սարքերի դիտավորյալ ներխուժման մասին՝ դրանք հստակ ներկայացնելով ռուսական:
ՆԱՏՕ-ն իր հերթին հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է իրավիճակին և սերտ կապի մեջ է լեհական իշխանությունների հետ։ «Դաշնակիցների անվտանգությունն անխախտ է», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ Եվրոպական ԶԼՄ-ները Լեհաստանի օդային տարածքի խախտումը դիտարկում են որպես ոչ միայն Վարշավայի, այլև ողջ դաշինքի անվտանգության փորձություն։
Ինչ է ենթադրում Ալյանսի կանոնադրությանը նման դեպքերում
Ըստ հրապարակումների՝ այսօրինակ դեպքերում պետք են գործեն Դաշինքի կանոնադրության 4-րդ և 5-րդ հոդվածները: Առաջինը նախատեսում է, որ անդամ պետությունները պետք է խորհրդակցեն միմյանց հետ, եթե որևէ կողմ համարի, որ իր տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը վտանգված են: Այս հոդվածը հնարավորություն է տալիս անդամ երկրներին՝ համատեղ գնահատել իրավիճակը և որոշել անհրաժեշտ գործողությունները, սակայն չի պարտադրում անմիջական ռազմական միջամտություն: Այսինքն՝ Հոդված 4-ը միայն խորհրդակցությունների մեխանիզմ է ենթադրում, սակայն կարող է նախապատրաստական փուլ լինել՝ որոշելու 5-րդ հոդվածը կիրառելու հարցը։ Այս մի հոդվածն արդեն սահմանում է հավաքական պաշտպանության դրույթ, սակայն կարող է կիրառվել միայն իրական զինված հարձակման դեպքում:
Այս միջադեպը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների և Ուկրաինային ռազմական աջակցության նոր հարցեր է բերել միջազգային օրակարգ։
Ռուսական ԶԼՄ-ների արձագանքը
Ռուսական ԶԼՄ-ներն անդրադառնում են միջադեպին, սակայն հստակ տեղեկություններ չեն հաղորդում։ Նշում են, որ անօդաչու սարքերը հատել են Լեհաստանի օդային սահմանն այն ժամանակ, երբ Ուկրաինայում հայտարարված է եղել օդային տագնապ: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպացի լիդերները կրկին պետք է մեկնեն ԱՄՆ՝ Թրամփի հետ երկրորդ հանդիպմանը, ըստ ամենայնի, Սպիտակ տանը։ Բանակցային սեղանին, ըստ միջազգային լրատվամիջոցների, անփոփոխ հարցեր են՝ անվտանգային երաշխիքներ, զենքի տրամադրում, խաղաղապահ ուժերի ներկայություն, ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնում: Եվրոպացի լիդերներից ով կմեկնի Նահանգներ՝ դեռ հստակ տեղեկություն չկա։ ԱՄՆ նախագահի հրավերից պարզ է դառնում միայն, որ նման հանդիպում է նախատեսված։
Փորձագիտական շրջանակներում ակնկալում են, որ Վաշինգտոնի առաջիկա բանակցությունները որոշիչ կլինեն ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրոպական անվտանգության համակարգի համար։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ստեղծել անվտանգության նոր ճարտարապետություն և վարել պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որը կծառայի գերմանական և եվրոպական շահերին։




