ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ֆիլմերի լեզվից մինչև դասագրքեր ու դպրոցների կառավարում․ խորհրդարանում էր  ԿԳՄՍ նախարարը

Ֆիլմերի լեզվից մինչև դասագրքեր ու դպրոցների կառավարում։ Այսօր խորհրդարանում օրենսդրական մի քանի փաթեթ է քննարկվել։ Դրանցից մեկով առաջարկվում է դպրոցների համար սահմանել մեկ լիազոր մարմին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Հայաստանի 1․400 դպրոցներից նախարարության ենթակայությամբ են գործում շուրջ 130-ը:

Թեև ԿԳՄՍ նախարարը խորհրդարանում է օրենսդրական այլ փաթեթների ներկայացման համար, բայց նրան ուղղվող հարցերը դպրոցական դասագրքերի մասին են։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի տեղեկություններով՝ ուսումնական տարին սկսվել է դասագրքերի պակասով։

«Այս տարի ևս կրթական տարին մեկնարկեց դասագրքերի բացակայությամբ, կազմակերպչական ինչ խնդիրների հետևանքով է, որ արդեն որերորդ տարին մենք սկսում ենք տարբեր առարկաների դասագրքերի բացակայությամբ և երեխաներին ուղղորդում ենք համացանց, որտեղ այնքան էլ լավ բաներ տեղի չեն ունենում»։

Նախարարը պատգամավորին հորդորում է չխեղաթյուրել փաստերը։

«Մենք չունենք նման խնդիր։ Դպրոցները դասապրոցեսը սկսվել է այնպես, ինչպես պլանավորված է։ Անհրաժեշտ դասագրքերը կան։ Բացի դրանից՝ ժամանակակից կրթությունը չի կարող կառչել միայն մեկ գրքից։ Համացանցը երեխաներին տալիս է հնարավորություն համեմատելու, խորանալու և ստանալու բազմակողմանի գիտելիքներ»,- ընդգծեց նախարարը։

Թագուհի Թովմասյանը, սակայն, վկայակոչում է ԿԳՄՍ փոխնախարարի հայտարությունները, ըստ որոնց՝ որոշ առարկաների դասագրքեր չեն   տպագրվել։

«Ես փաստեր եմ ներկայացնում Ձեր իսկ աշխատակազմից։ Հիմա պարզվում է՝ նախարարն ու տեղակալը տարբեր կարծիքներ ունեն։ Սա մոտեցում չէ, սա վերաբերմունքի խնդիր է»։

Քննարկման մյուս թեման ֆիմերի լեզուն է։ ԱԺ փոխխոսանակ Ռուբեն Ռուբինյանին հետաքրքում է, թե ինչու են Հայաստանի կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվում ռուսերեն թարգմանությամբ:

Ձայն «Հայաստանի անկախության հանրաքվեից անցել է 34 տարի, բայց բոլոր կինոթատրոններում կան ֆիլմեր, որոնք ցուցադրվում են ռուսերենով: Ինչպե՞ս պետք է այս հարցը լուծվի»:

Նախարար Անդրեասյանը հիշեցնում է, որ դեռևս 2021-ին ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը նման պահանջ նախատեսում էր 2030 թվականից։ Սակայն նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով նախատեսում է  այդ պահանջը պարտադիր դարձնել 2026 թվականից։

«Առաջարկում ենք, որ 2026 թվականի հունվարից Հայաստանում ցուցադրվող բոլոր ֆիլմերը, թե՛ կինոթատրոններում, թե՛ հեռուստատեսությամբ, ունենան հայերեն կրկնօրինակ կամ ենթագրեր։ Տեխնոլոգիական լուծումները լիովին ապահովում են այս պահանջի իրագործումը»։

Նախարարության ներկայացրած մեկ այլ նախաձեռնություն էլ առնչվում է հանրակրթության ոլորտին։ Առաջարկվում է սահմանել մեկ լիազոր մարմին՝ ԿԳՄՍ նախարարությունը, որը կկազմակերպի դպրոցների բովանդակային կառավարումը։ Վարչատնտեսական գործառույթները, սակայն, կշարունակեն կատարել մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը։

«Այս փոփոխությունը թույլ կտա բացառել քաղաքականության իրականացման ընթացքում առաջացող անհարթությունները։ Միաժամանակ նախատեսվում է լայնածավալ թվայնացում, որը կնպաստի կրթական գործընթացների արդյունավետ կառավարմանը»,- ընդգծեց Անդրեասյանը։

Ի դեպ, ծրագրվում է կրթական համակարգի մասշտաբային թվայնացում, որը հնարավորություն կտա արագացնելու և արդյունավետ դարձնելու կառավարումը։

Կարդացեք նաև

Back to top button