ԿարևորՀասարակություն

Բողոքների պատճառով փոխվել է ԱՊՊԱ պայմանագրում ապահովադրի գրանցման հասցեի ստուգման կարգը

ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ընթացքում ապահովադրի գրանցման հասցեի ստուգման գործընթացը վերանայվել է, հայտնում են Հայաստանի ապահովագրողների բյուրոյից։

Սկզբնական մոտեցման նպատակն էր ապահովել վավերական ու վստահելի տվյալներ՝ համադրելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Ճանապարհային ոստիկանության բազաներում առկա հասցեների տեղեկատվությունը։ Սակայն երկու բազաներում երբեմն օբյեկտիվ պատճառներով ի հայտ եկող անհամապատասխանությունը հանգեցրել է սպառողների դժգոհությանը, նշված է հաղորդագրության մեջ։

«Հիմք ընդունելով պայմանագիր կնքողների դիմում-բողոքները՝ Բյուրոյի կողմից վերանայվել է այս մոտեցումը։ Նոր կարգավորման համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար հիմք է ընդունվելու բացառապես ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բազայում առկա գրանցման հասցեն։ Միայն այն դեպքերում, երբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգը տեխնիկապես անհասանելի կլինի, ապահովագրական ընկերությունները տվյալները կստանան Ճանապարհային ոստիկանության բազայից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի ապահովագրողների բյուրոյում կարծում են, որ փոփոխությունը կնպաստի պայմանագրերի կնքման ընթացքում հնարավոր խոչընդոտների կանխմանն ու սպառողների բավարարվածության բարձրացմանը։

Կարդացեք նաև

Back to top button