
Հայաստանի խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։ Այն ներառում է 2 փաստաթուղթ. 2025 առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը և 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը։ Բայց քննարկումը միայն փաստաղթղթում ներառված թեմաներով չի սահմանափակվել։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրից հետո համաշխարհային շուկայում Հայաստանի ռիսկի հավելավճարի որոշակի նվազում են նկատել, բայց ներքին ֆինանսական շուկայում էական փոփոխություններ չկան, դոլարի ներհոսքը շարունակվում է։
Դրական արձագանք կա, բայց վարկանիշի փոփոխություն՝ դեռ ոչ․ Կենտրոնական բանկի նախագահն ակնկալում է, որ առաջիկայում միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանի վարկանիշը կփոխեն։ Մարտին Գալստյանը ներկայացնում է՝ ինչպես կարող են միջազգային կառուցները արձագանքել Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․
«Կարծում եմ՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պարագայում կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն թե՛ ռիսկի հավելավճարի նվազման տեսանկյունից, թե՛ ներդրումների հոսքի տեսանկյունից դեպի Հայաստան, որովհետև ամեն դեպքում դեռևս որոշակի անորոշություն պահպանվում է հետագա զարգացումների տեսանկյունից: Դրանով է նաև պայմանավորված, որ Fitch-ի կողմից եղավ ոչ թե ռեյտինգի վերանայում, այլ դրական կոնոտացիաներ»:
Այս հարցը հետաքրքրում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալին։ Բայց Բաբկեն Թունյանը ԿԲ կանխատեսումների վերաբերյալ ևս մեկ հարց ուներ․
«Հենց ԿԲ-ի կողմից հնարավո՞ր են արդյոք որոշակի վերանայումներ մակրոտնտեսական վերլուծությունների մեջ, օրինակ՝ տնտեսական աճի պոտենցիալի գնահատման առումով»։
ԿԲ նախագահը դրական պատասխան տվեց՝ այո՛, դա հնարավոր սցենար է։
Համաշխարհային շուկայում Հայաստանի ռիսկի հավելավճարի որոշակի նվազում կա՝ ասում է գլխավոր դրամատան տնօրենը և ընդգծում՝ ներքին ֆինանսական շուկայում էական փոփոխություններ չկան։ Դա բացատրվում է նրանով, որ դոլարի ներհոսքը շարունակվում է։ Մարտին Գալստյանը խորհրդարանում ներկայացնում էր Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Հայաստանում 2024 թվականի ընթացքում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտներում արձանագրված բարձր աճով։ Երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում, և տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ 2024 թվականի համար կազմելով 5.9 տոկոս։ 2025–ին մակրոտնտեսական ցուցանիշներին անդրադառնալով՝ գլխավոր դրամատան ղեկավարը ընդգծեց․
« 2025 թվականի համար 12 ամսյա գնաճը գնահատվում է 3 տոկոսի շրջակայքում։ Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նոր համակարգի ներքո մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների և հեռանկարների հետ կապված մեծ անորոշությունների պայմաններում մենք քննարկում և դիտարկում ենք քաղաքականության տարբեր սցենարներ» ։
Գնաճը 3 տոկոսի շրջակայքում է, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գները չեն նվազում՝ արձագանքում է «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։ Պատգամավորը շեշտում է՝ քաղաքացին առևտուր անելիս ամեն օր ոչ թե գնանկում, այլ գնաճ է արձանագրում․
«Բնական է, ձեզ ձեռնտու է միջին գնաճային ցուցանիշներ բերել, որովհետև, որպես կանոն, շատ ապրանքատեսակներ, որոնք մտնում են էդ զամբյուղի մեջ, միշտ ավելի ցածր աճ են ապահովում, գների, կամ նույնիսկ նվազում, որոնք առաջին անհրաժեշտության չեն, և ձեզ օգնում են միջին ցուցանիշը էսպես պահելու որոշակի կառավարելի, գոնե թվային կամ վիճակագրական ձևով»։
Այս տարվա անցած 8 ամիսներին գնաճը ձևավորվել է նպատակայինից որոշակի բարձր մակարդակում՝արձանագրում է ԿԲ նախագահը։ Օգոստոսին 3․6 տոկոս էր։ Մարտին Գալստյանը բացատրում է ՝ սա պայմանավորված է սեզոնայնությամբ, ինչպես նաև առանձին տատանողական բաղադրիչների գների աճով։ Բայց միջազգային շուկաներում արձանագրվող գնանկումը արտացոլվում է նաև Հայաստանում՝ ոչ պարենային ապրանքների մասով։
«Իմ ունեցած տեղեկատվությամբ, կարող է` ես սխալվում եմ, բայց աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ Կենտրոնական բանկը անում է քաղաքականություն` հիմնվելով կոնկրետ զամբյուղի վրա, կոնկրետ զամբյուղների գնաճերն են հաշվարկվում։ Մեզ մոտ նույնպես հաշվարկվում են։ Ապրանքների գները առանձին–առանձին են հրապարակվում, այսինքն` ցանկացած մարդ հնարավորություն ունի իմանալու, թե ինչքան է թանկացել, կարագը,
ըստ դրա կազմի իր զամբյուղը։ Հայաստանում 470 ապրանք– ծառայություն է ներառված, որի հետ մենք կապ չունենք»։
Բանկային համակարգը դիտարկվում է ընդհանուր տնտեսական զարգացման համատեքստում՝ հիշեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։
«Կենտրոնական բանկը ինչպիսի՞ գործիքներ է առաջարկում առևտրային բանկերին, որոնք այս վերջին տարիներին գերշահույթներ են ստանում։ Գերշահույթը , իհարկե , կամավոր գնահատման խնդիր է, բայց մեծ շահույթներ են ստանում, և արդյո՞ք Կենտրոնական բանկը կարող է ինչ֊–որ գործիքակազմով ուղղորդել այդ շահույթները մեր տնտեսության մեջ։ Պարզ է, որ իրենց ամենօրյա գործունեության մեջ վարկային պորտֆելների տեսքով դա ներարկվում է տնտեսություն, բայց արդյո՞ք չկան այլ գործիքակազմեր բաժնետոմսերի տեսքով տնտեսության ավելի ակտիվ մասնակցության հնարավորություն։ Ինչպե՞ս կարող է Կենտրոնական բանկը գործիքներ առաջարկել առևտրային բանկերին` տնտեսության զարգացման ընթացքը երկարատև ժամանակահատվածում ապահովելու նպատակով»։
ԿԲ–ն մեծ լծակներ չունի, բացի տոկոսադրույքից՝ արձագանքում է Մարտին Գալստյանը։ Բարձր տնտեսական աճի ու կայուն գնաճի ենք հասել։ Ավելի լավ պայմաններ ներդրումների ակտիվության համար դժվար է պատկերացնել, վստահեցնում է ԿԲ նախագահը․
«Մեր վարկային պորտֆելը բանկերի վերջին տարիների ընթացքում աճել է բավականին մեծ տեմպերով՝ էս տարվա սկզբից 20 % ավել վարկային պորտֆելի աճ ունենք, ու զուգահեռ պետք է նշեմ նաև, որ վատորակ վարկերի տեսակարար կշիռը բանկային համակարգում երևի պատմականորեն նվազագույն մակարդակի վրա է»։
Անդրադառնալով Հայաստանում վարկերի տոկոսներիբարձր լինելուն,Կենտրոնական բանկի նախագահը արձանագրում է՝ ավանդ դնելիս քաղաքացին նախընտրում է բարձր տոոկսադրույքով պահել իր միջոցները։ Բանկն էլ վարկավորում է նաև ավանդների հաշվին։ Եթե ավանդը ներդրվում է 10 տոկոսով, վարկի տոկոսադրույքը ավելի ցածր չի կարող լինել։ Մոտավորապես պարզ է արդեն, թե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացիները որքան թոշակ կարող են ստանալ։ Եթե նրանք սկսել են աշխատել, օրինակ, 20 տարեկանից, կենսաթոշակային տարիքում կստանան թոշակ, որը համապատասխան կլինի իրենց վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսին: Մարտին Գալստյանը կարծում է, որ կենսաթոշակային ֆոնդերը քաղաքացիների խնայողությունների հաշվին ռիսկային ներդրումներ են: Ուստի նրանք պետք է հիմնական ներդրումներ անեն ավելի քիչ ռիսկ պարունակող ուղղություններում։




