
Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետը և դեսպանը քննարկել են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզի կրթության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումները։
Զրույցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձել է քայլարշավային տուրիզմի և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկայում կազմակերպվող այցերին, հանդիպումներին և քննարկումներին, ֆրանսիական փորձը մեր երկիր, մասնավորապես Գեղարքունիքի մարզ ներդնելու հնարավորություններին։
Մարզպետը խոսել է մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք մեծապես նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանն ու առաջընթացին։
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական երկու երկրների միջև ձևավորված տևական համագործակցությունը, վստահեցրել է, որ ֆրանսիական կողմը կշարունակի մնալ իր սկզբունքներին հավատարիմ և նոր գաղափարների ներդրմամբ համագործակցային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում՝ տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապի խորացմանը և փոխադարձ շփումներին։
Հանդիպան ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական ու մշակութային համագործակցությանը վերաբերող հեռանկարային այլ հարցեր։




