
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը վարչապետ Ֆրանսուա Բայրուի ծրագրային ելույթից հետո քվեարկությամբ անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը, և այժմ նա հրաժարական կտա, հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Յաել Բրոն-Պիվեն։
«573 պատգամավորներից քվեարկել են 558-ը։ 194-ը կողմ են եղել, 364-ը՝ դեմ։ Վարչապետը պետք է կառավարության հրաժարականի դիմում ներկայացնի Հանրապետության նախագահին», — ասել է նա։
Ավելի վաղ LCI հեռուստաալիքը, հղում անելով Բայրուի շրջապատին, հաղորդել էր, որ նա մտադիր է երեքշաբթի առավոտյան հրաժարականի դիմում ներկայացնել նախագահին, եթե խորհրդարանում չստանա բավարար թվով ձայներ։ Առաջիկա ժամերին վարչապետը մտադիր է հանդիպում անցկացնել կաբինետի անդամների հետ։
Օգոստոսի 25-ին Բայրուն հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում քվեարկության կդնի կառավարության վստահության հարցը։ Նա իր որոշումը հիմնավորել է տնտեսական ճգնաժամով, մասնավորապես՝ պետական պարտքի շարունակական աճով։ Հուլիսին նա ներկայացրել էր պետական ծախսերի սահմանափակման ծրագիր, որի համաձայն՝ 2026 թվականին խնայողությունները պետք է կազմեն գրեթե 44 միլիարդ եվրո։ Նա նաև հայտարարել էր 2026 թվականին կենսաթոշակների և այլ սոցիալական նպաստների բարձրացումից հրաժարվելու մտադրության մասին՝ պետական պարտքի աճը զսպելու համար։
Երկուշաբթի օրը կայացած լսումների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են վարչապետին՝ ասելով, որ կառավարության, ինչպես նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունն է հանգեցրել ստեղծված իրավիճակին։ Սոցիալիստական կուսակցության և Ազգային միավորման ներկայացուցիչները հայտարարել են նոր կառավարություն ձևավորելու իրենց պատրաստակամության մասին, մինչդեռ «Անհնազանդ Ֆրանսիա»-ի պատգամավորները պահանջել են երկրի նախագահի հրաժարականը և մտադիր են համապատասխան ընթացակարգը սկսել խորհրդարանում սեպտեմբերի 9-ին։




