
Ազգային ժողովն այսօր սկսել է աշնանային նստաշրջանի աշխատանքը, որը նախավերջինն է այս գումարման խորհրդարանի համար։ 10-րդ նստաշրջանը մեկնարկել է ՔՊ խմբակցության երկու նոր պատգամավորների երդմնակալությամբ և քաղաքական հայտարարություններով։ Խորհրդարանական փոքրամասնությունը խոսել է քաղաքական հետապնդումներից, մեծամասնությունը՝ ընդդիմության քաղաքական «բանկրոտից»։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երկու նոր պատգամավոր ունի։ Էսթեր Այվազյանը և Վանիկ Օհանյանը իշխող կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներն են, որոնք մանդատ են ստանում խմբակցության երկու այլ պատգամավորների՝ մանդատները վայր դնելուց հետո։
Պատգամավորական գործունեությունը դադարեցրել են Արեն Մկրտչյանն ու Արսեն Թորոսյանը։ Նրանցից առաջինը Լոռու մարզպետ է նշանակվել, երկրորդը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Ի դեպ, նոր պատգամավորներից Էսթեր Այվազյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը, իսկ մյուսը պատգամավորը՝ առանց դրա, քանի որ ներկա չէր նիստին։
Նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումն առանց քաղաքական բանավեճի չընթացավ։ «Հայաստան» խմբակցության անդամները հիշեցրին, որ իրենց գործընկեր Արթուր Սարգսյանը և «Սրբազան շարժման» ներկայացուցիչներն անազատության մեջ են։ Գեղամ Մանուկյանը տեղի ունեցածը քաղաքական հետապնդում որակեց։
«Քաղաքական հետապնդումների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ»։
Արծվիկ Մինասյանը պայքարը շարունակելու կոչ արեց։
«Պետք է արձանագրել, որ ժողովրդավարական բաստիոն հայտարարված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության որևէ նշույլ չկա, այլ իրավական պետությունը հիմնավորապես ոտնահարվում և առհամարվում է։ Բայց չպետք է ընկճվել, պետք է պայքարել, որովհետև այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում և հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, մենք պետք է կարողանանք հեռացնել ոչ միայն այս իշխանություններին, այլ նաև վերացնել քաղաքական հետապնդումների արատավոր այս շղթան»։
Խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմության ասելիքում որևէ նոր բան չտեսավ։ Նույն չարչրկված և մաշված տեքստերը՝ իշխող խմբակցության անունից ընդդիմադիրներին հակադարձեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Որովհետև ընդդիմությունը գտնվում է կատարյալ «բանկրոտի» մեջ, հատկապես՝ օգոստոսի 8-ին Վանշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո, ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը։ Հիշեցնեմ, որ այն մարդիկ, ում մասին որ խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Մեղադրվում են Հայաստանում զինված հեղաշրջման հրապարակային կոչերում, մեղադրվում են Հայաստանում սահմանադրական կարգի տապալման, ավտոբուսներ այրելու, քաոս ստեղծելու, քաղաքացիների կյանքին վտանգ սպառնալու մեջ և, ահա՛, այս մարդկանց մասին էր խոսում ընդդիմությունը»։
Կոնջորյանի խոսքով՝ եթե ահաբեկչության ծրագիրը հաջողվեր, առնվազն չէր լինի օգոստոսի 8-ը. չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագիրը։
«Որ խաղաղության օրակարգը տապալվեր, որ Հայաստանում տեղի ունենար զինված հեղաշրջում, որ Հայաստանը դառնար մարիոնետական պետություն և ընդդիմությունից որևէ մեկն էլ դառնար այդ մարիոնետը։ Ամբողջ պայքարը դրա մասին էր և այդ պայքարը ձախողվել է։ Այնպես որ՝ կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՜ խաղաղությունը»։
Քաղաքական փոխհրաձգությունից հետո խորհրդարանն անցավ օրենսդրական աշխատանքին։ Առաջին ընթերցմամբ քննարկվեցին Ընտանեկան օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները։ Հիմնական զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ փոփոխություններն առնչվում են Հայաստանի բնակչության շուրջ մեկ քառորդին։
«Ձեզ է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որն ուղղակիորեն վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող ավելի քան 674 հազար երեխաների իրավունքների պաշտպանությանն ու նրանց կյանքի բարեփոխումներին»։
Փոխնախարարը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով՝ համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունը փաստացիորեն կրում են Խնամակալության և Հոգաբարձության հանձնաժողովները, որոնց կամավոր գործունեության անարդյունավետության մասին բազմաթիվ են տեղական և միջազգային զեկույցները:
Փոփոխություններով՝ վարձատրվող մասնագիտական գործառույթ և համակարգ է ներդրվում, սահմանվում են սոցիալական աշխատողների լիազորությունները, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի բացահայտումը, գնահատումը, մշտադիտարկումն ու կանխարգելումը:
«Սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող ու կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխայի պաշտպանության համար»։
Նստաշրջանի առաջին օրվա ընթացքում քննարկված նախագծերից մեկն էլ առողջապահության ոլորտից էր։ Կառավարությունը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներով առաջարկում է սահմանել լաբորատոր գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու պահանջ, միաժամանակ օրենքով գործադիրին վերապահել լիազորություն` սահմանելու որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը:
Նպատակը, ըստ ոլորտի պատասխանատուների, լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտության ու վստահելիության մակարդակի բարձրացումն է։




