
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ճեպազրույցում խոսել է առաջիկա օրերին թուրքական պատվիրակության հետ նախատեսված հանդիպման մասին։ Նա ասել է, որ օրակարգում կլինեն հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նշել է, որ հնարավորություններ կան Անիի պատմական կամրջի և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և ընդհանրապես հարաբերությունների կարգավորման համար։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու Թուրքիան պետք է հապաղի սահմանների բացման և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։
«Համենայն դեպս, հայկական կողմից որևէ հապաղման խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Ի դեպ, վերջերս Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, և դա նույնպես շատ նշանակալի իրադարձություն է։ Հույս ունեմ` Թուրքիայի հետ նույնպես նման քայլի կգնանք»,- ասել է Ռուբինյանը։




