
Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության արդյունքում առաջին անգամ հանձնվել է Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակ, որի նպատակը անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումն է։ Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 108 գրող 25 երկրից՝ Մալթա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Իսրայել, Նիգերիա, Գերմանիա և այլն։

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակին արժանացել է Լուսինե Խառատյանը։ Մրցանակը հանձնել է Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Անվանակարգի հաղթողը նվեր է ստացել Սարոյանի բնօրինակ նկարներից մեկը։
Փառատոնի փակման արարողության ու մրցանակաբաշխության ժամանակ գրական մրցույթում մրցանակների են արժանացել Անի Առաքելյանը «Դրամատուրգիա» անվանակարգում, Մհեր Արշակյանը «Պոեզիա» անվանակարգում, Կարինե Հայրապետյանը «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում եւ Սոնա Գևորգյանը «Արձակ» անվանակարգում։

Փառատոնի երեք օրերի ընթացքում տեղի են ունեցել գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին մասնակցել են անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից։

Հանրապետության հրապարակում անցկացված գրքի տոնավաճառին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ։
Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ սեպտեմբերի 28-ին այցելելով Գյումրի, հոկտեմբերի 4–ին՝ Կապան։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։




