
Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցներն են, և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը համապատասխանում է ոչ միայն այդ երկրների, այլև Ռուսաստանի շահերին, Ria Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Մոսկվան աջակցում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացին, որը սահմանվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով։
«9-րդ կետը նախատեսում է հաղորդակցությունների ապաշրջափակման և նորմալ տնտեսական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը։ Մենք աջակցում ենք դրան, որովհետև նրանք մեր դաշնակիցներն են։ Հայաստանի հետ մենք դաշնակիցներ ենք նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում»,-նշել է Օվերչուկը։
Ռուսաստանցի փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի փակ սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարիներ շարունակ խոչընդոտել են երկրի բնականոն զարգացմանը։ «Արտաքին աշխարհ տանող հիմնական ուղին Վրաստանի տարածքով է, որտեղ Ռուսաստանի հետ կապն իրականացվում է մեկ ավտոմոբիլային անցակետով, որը կախված է եղանակային պայմաններից։ Շատ կարևոր է, որ Հայաստանը ստանա նորմալ տրանսպորտային և լոգիստիկ կապեր»,-ընդգծել է նա։
Օվերչուկը նշել է նաև, որ ապաշրջափակումը կենսական նշանակություն ունի Ադրբեջանի համար։ «Ադրբեջանը ձգտում է վերականգնել Նախիջևանի հետ ամենակարճ կապը։ Խորհրդային տարիներին Արաքս գետի ափով անցնող երկաթուղին ապամոնտաժվել է, սակայն այս ուղղությունը կարող է վերականգնվել։ Բացի այդ, Ադրբեջանը նպատակ ունի դառնալ տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն ողջ Եվրասիայի համար»,-ասել է նա։
Խոսելով տարածաշրջանի ապաշրջափակման ընդհանուր գործընթացի մասին՝ Օվերչուկն այն համեմատել է «բազմաթիվ մասերից կազմված հանելուկի» հետ։
Նրա խոսքով՝ կան քաղաքական հարցեր՝ կապված խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հետ։
Պատասխանելով Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին՝ Օվերչուկը նշել է․ «Իհարկե, կան մտավախություններ, որ տարածաշրջանից դուրս ներկայացվածության ուժեղացումը կարող է խախտել այս փխրուն հավասարակշռությունը»։




