ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծիծեռնակաբերդի խոնարհված սյուներն ավելի են խոնարհվում շինարարների ձեռամբ․ վերականգնման աշխատանքները կշարունակվեն

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժության տաճարի 12 բազալտե մույթերի՝ խոնարհված սյուների հիմնանորոգումը շարունակվում է՝ մի շարք քաղաքացիների, ոլորտի մասնագետների և հենց հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարի դժգոհության պայմաններում։ Այս փուլում քանդված են 12 սյուներից 3-ը, վերահսկող ճարտարապետն ասում է՝ անհրաժեշտ աշխատանքը կատարվել է անփութորեն՝ վնասելով հուշահամալիրի այն քարերը, որոնք պետք է ապահով մնային։

Գիտամեթոդական խորհուրդը հերթական՝ շուրջ երեք ժամ տևած նիստին որոշեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի երեք մույթերի վերանորոգումն այնուամենայնիվ կշարունակվի, բայց այդ աշխատանքից հետո առանձին կքննարկվի մյուս մույթերի վերականգնման հարցը։

Ծավալուն քննարկման անհրաժեշտությունը սրվեց օրերս՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների շուրջ բարձրացած աղմուկից հետո։

Սա պարզապես վերանորոգում է՝ ասում էին պատասխանատուները։
Սա հանցավոր անփութություն է՝ ասում էին քննադատները։

1967-ին՝ 58 տարի առաջ կառուցված հուշահամալիրը նախկինում կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել։ Բայց քանի որ կառուցման ժամանակ ջրահեռացման պատշաճ համակարգ չի ներդրվել, տարիների ընթացքում անձրևաջրերը հոսել են հուշահամալիրի ներս՝ տեղաշարժելով քարերն ու առաջացնելով քարաթափման վտանգ։ Այդպես թողնել չէր կարելի՝ ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը․

«2020-ին դիմեցինք Ճարտարապետության և շինարարության համալսարանին` խնդրելով գալ և գնահատել իրավիճակը․ մասնակից էր նաև հուշահամալիրի ճարտարապետներից մեկը՝ Սաշուր Քալաշյանը, որը նաև հիմա վերահսկում է էս բոլոր աշխատանքները, և եզրակացությունը տրվեց, որի հիման վրա մենք դիմեցինք կառավարությանը և խնդրեցինք գումար հատկացնել, որպեսզի կարողանանք հուշահամալիրը փրկել։ Ասեմ, որ 2015-ին՝ 100-ամյակի կապակցությամբ, հուշասյունն ամբողջությամբ վերանորոգվել էր, նույն խնդրի պատճառով նույն լուծումն էր տրվել, այսինքն` բոլոր քարերը հանվել էին, այդ համակարգը ստեղծվել էր, և նոր քարեր էին ամրացվել։ Հիմա նույն աշխատանքը պետք է հուշահամալիրի հետ անցկացվի»։

Թե՛ թանգարանում, թե՛ հուշահամալիրում կար շատ վատ իրավիճակ, բայց կար նաև աշխատանքները առավելագույն նրբանկատությամբ կազմակերպելու անհրաժեշտություն, ինչը և արվել է՝ օրերս վստահեցնում էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․

«Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ։ Սա կարևորագույն հուշարձան է, և նախագծի մշակման փուլում որևէ բան չէր կարող դրական եզրակացություն ստանալ, եթե չէր անցել գիտամեթոդական խորհրդով։ Շինարարության ընթացքում ամեն ինչ չէ, որ կատարվում է ըստ պլանի․ երբեմն որևէ սալիկ հեռացնելուց հետո պարզ է դառնում, որ ներսում լրացուցիչ աշխատանքների կարիք էլ կա, բայց նույնիսկ այդ պարագայում դրանք նույնպես շատ մանրակրկիտ քննարկվել են մասնագիտական խորհրդում, որտեղ մեծ մասը դաշտը ներակայացնող ու փորձառու, վաստակով ճարտարապետներ են»։

«Ռադիոլուր»-ը զրուցել էր այդ ճարտարապետներից մեկի՝ հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար Սաշուր Քալաշյանի հետ։ Տասն օր առաջ նա անվերապահ վստահություն ուներ, որ ամեն ինչ արվելու է պատշաճ կերպով, և բոլոր անհանգստություններն անհիմն են․

«Երկու օր է՝ ինձ զանգ է գալիս՝ քանդում են հուշարձանը, եկեք փրկեք։ Բազմաթիվ քարեր ճաքել են, քարեր կան, որ արդեն պոկվել ընկնում են ներքև։ Եվ աղմուկը չեն բարձրացնում դրա համար, այլ որ ուզում ենք հիմնանորոգել։ Հիմա խնդիրն այն է, որ մեջքի սալերը հանենք, գիդրոիզալացիան թարմացնենք ու այդ սալերը դնենք տեղը»։

Այս կարծիքը հայտնելուց մի քանի օր անց, սակայն, Սաշուր Քալաշյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում համաձայնել է մտահոգված քաղաքացիների անհանգստությանը։ Կատարվող աշխատանքն ինձ չի գոհացնում՝ ասում է հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը․

«Այն ձևը, որով իրենք այդ շինարարությունն են կատարում, հուշարձանի հետ տարվող աշխատանք չէ։ Քանդուքարափ են անում։ Մենք ինքներս էինք եզրակացություն տվել, որ պետք է քանդվի, բայց քանդելու ձև կա։ Մենք ցուցում էինք տվել ոչ թե քանդելու, այլ ապամոնտաժելու՝ քարերը զգուշությամբ հանելու և շարելու։ Իսկ իրենք ասում են, թե չէին հանվում, բռնեցինք ջարդեցինք։ Բա մեզ զգուշացնեիք, որ չեն հանվում»։

Խնդիրը վերականգնվող է՝ ասում է Սարուշ Քալաշյանը։ Բայց այս պահին արդեն քննադատությունները նոր թափ են առնում։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Օվանեսովը, օրինակ, գրում է․ «Հուշարձաններն ու հուշահամալիրները զուտ քարե կառույցներ չեն․ դրանք մեր ինքնության, պատմական Հիշողության և մշակութային ժառանգության հենասյուներն են։ Հետևաբար դրանց վերականգնումն ու ամրակայումը պահանջում են հատուկ, գիտականորեն հիմնավորված մոտեցում՝ խստորեն պահպանելով հուշարձանների պահպանության և վերականգնման միջազգային ու ազգային չափանիշները։ Այդ իսկ պատճառով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման և ամրակայման աշխատանքները պետք է իրականացնեն բացառապես վերականգնող ճարտարապետները, հուշարձանների պահպանման և վերականգնման փորձառու մասնագետները, ինչպես նաև այդ բնագավառում մասնագիտացված կազմակերպությունները»։

Ակտիվիստ և բլոգեր Էդուարդ Հայրումյանը ևս իր լսարանին ծանուցում է՝ վերականգնող ընկերությունը պատմամշակութային հուշարձանների հետ աշխատելու փորձ չունի։

«Առաջին անգամ չէ, երբ այս շինարարական ընկերությունը կատարում է վատ որակի աշխատանք, ու ես բարձրաձայնում եմ։ Ընկերությանը, որը վերանորոգում է հուշահամալիրը, բոլորս ծանոթ ենք Փակ շուկայի գետնանցման, նաև Նոր Հաճնի կամրջի վերանորոգումից։ Հիմա այս կազմակերպությանը վստահված է մեր երկրի թիվ մեկ հուշահամալիրի վերանորոգումը։ Այդ մարդիկ չունեն հուշարձանի հետ աշխատելու առնվազն դրական փորձ, չունեն որևէ մասնագետ, որը երբևէ վերանորոգել է թեկուզ մի հուշաքար»։

Աշխատանքը կատարում է «Բիդեք» ընկերությունը։ Սա միակ ընկերությունն է, որը մասնակցել է նախարարության հայտարարած մրցույթին ու ստանձնել շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ աշխատանքն անելու պատասխանատվությունը։ Բարձրացված աղմուկից հետո ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր քանդումը և սպասում էր գիտամեթոդական խորհրդի որոշմանը։

Խորհուրդը որոշել է վերահաստատել գոյություն ունեցող նախագիծը՝ շարունակելով նորոգման ընթացքի մեջ գտնվող երեք մույթերի վերականգնումը, լրամշակել նախագիծը, երեք մույթերի վերականգնումից հետո քննարկել մյուս իննի վերականգնման մեթոդները:

Կարդացեք նաև

Back to top button