
Արմավիրի մարզի այգիներում դեղձի ու սալորի բերքահավաք է: Այգեգործները գոհ են իրենց աշխատանքի արդյունքից․ տարին բարենպաստ էր գյուղատնտեսության համար: Դեղձի ու սալորի բերքատվությունը բարձր է, իսկ ծիրանինը՝ համեմատաբար քիչ:
Անցած տարի ծիրանենուն մեծ վնաս էին հասցրել մկնանման կրծողները, իսկ դեղձի ծառերի կեղևները մնացել էին անվնաս: Այս տարի արմավիրցի այգեգործները ոռոգման ջրի խնդիր էլ չեն ունեցել։
Խանջյան գյուղի այգեգործները գոհունակությամբ են մտնում դեղձին այգի ու բերք հավաքում: Գյուղում հիմնականում չրագործության մեջ օգտագործվող սորտերն են մշակում: Դեղձի, սալորի ու խաղողի բերքատվությունը բարձր է, իսկ ծիրանինը՝ համեմատաբար ցածր: Դա էլ գարնանային տեղումնաշատ եղանակի հետևանքն է՝ ասում է Խանջյան գյուղի բնակիչ Արարատ Միրզախանյանը:
«Բերք կա, գինն էլ լավ է, միայն ծիրանն էր քիչ, քանի որ ծաղկավիժում արեց ու բերքը չպահեց: Փոշոտում լավ չեղավ, մեղուն էր քիչ: Անցած տարի 6 տոննա բերք ստացանք, իսկ այս տարի՝ 3 տոննա: Տեղում իրացրեցինք, մասնավոր արտահանողներն եկան, տարան: Գինը սկզբում 300 դրամ էր, վերջում՝ 150 դրամ»:

Արարատ Միրզախանյանի շուրջ 5000 քմ ծիրանի այգում «Երևանի» կամ շալախ սորտն է աճում։ Այն հիմնականում արտահանվում է և չրագործության մեջ չի օգտագործվում: Անցած տարի արտահանման գինն ավելի ցածր էր: Ծիրանի այգիներն անցած տարի տուժեցին նաև մկնանման կրծողներից։ Արարատն ասում է, որ այգուց 5-6 ծառ կեղևազրկել էին, իսկ դեձենուն չէին վնասել:
«Էս տարի մուկ չկա, բայց անցած տարի, նախանցած տարի 10 տարվա, 15 տարվա ծառերի կեղևը շրջանաձև կերել էին: Կեղևը, որ կերան, ծառը չորացավ: Հինգ-վեց ծիրանի ծառ չորացավ: Ասում են՝ դեղձենու կեղևը դառն է, չեն կերել, որը քաղցր է, դա են ուտում»:
Մկնանման կրծողներից գրեթե բոլոր այգիներն են տուժել: Վնասված ծառերը բերք տվել են, բայց ուժը կորցրել են: Դրանց մի մասն արդեն արմատախիլ են արել, մյուսները չորանալու սպառնալիքի տակ են՝ ասում է Գեղեցիկ Մարկոսյանը․
«Գարնանը մկներ կային, գյուղացիները դեղորայք դրեցին ու դեմն առան: Ժողովուրդն ասում էր, որ մկների կրծած ծառերի բերքն ավելի շուտ է հասնում: Էս տարի այդ ծառերը բերք տվել են, բայց կչորանան: Խեղճացած ծառեր են»:

Արմավիրի մարզում դեղձի բերքահավաքը սկսվում է ամռան կեսից, ավարտվում՝ աշնանը: Հիմա միջահաս դեղձն են հավաքում: Խոշորն ավելի բարձր գնով հանձնում են չրագործներին, միջինը՝ արտահանողներին, իսկ մնացորդը՝ վերամշակող գործարաններին:
Արարատ Միրզախանյան.
«Դեղձի երիտասարդ ծառեր են, իր չափով բերք է տվել: Լավ է, 1 կգ.-ը 250 դրամով արտահանում են, 300 դրամով էլ չրագործներն են տանում: Կան տարբեր սորտեր. «Ուսպեխը» ֆուռն է տանում, «Օնոն» չրի սորտ է, խոշորը տանում են չրագործները, միջինը՝ ֆուռը»:
Գեղեցիկ Մարկոսյանն էլ դժգոհ չէ տարվա բերքից, միայն թե իրենց այգին արդեն ծերանում է: Ասում է՝ դեղձենու կյանքը ծիրանենու նման երկար չէ:
«Էս տարի գնի առումով դեղձը շատ լավ էր, բերքն էլ՝ նորմալ: Անցած տարվա համեմատ քանակապես քիչ տարբերություն տվեց: Կոնկրետ մեր այգին արդեն ծերացող այգի է՝ 13-14 տարեկան: Դե, դեղձի ծառն ավելի շուտ է ծերանում»:
Իրացման գնից գոհ են, քանի որ անցած տարի դեղձի արտահանման լավագույն գինը 1 կգ.-ի համար 180 դրամ էր:

Գյուղում ոռոգման ջրի խնդիր չի եղել: Գարնանային առատ տեղումների շնորհիվ Ախուրյանի ջրամբարը լիքն էր, ջուրն էլ ըստ պահանջի տրվել է այգեգործներին:
«Ոռոգման ջրի խնդիրն այս տարի, փառք Աստծո, լավ է: Բայց լինում է, որ տարին անձրևային չի լինում: Մենք խորհրդային տարիներից մնացած արտեզյան հորեր ունենք, որից 1-2–ն է աշխատում, բայց շատ ունենք, որ չեն աշխատում: Շատ կուզեինք, որ աշխատեին: Մեր հողում կա խորքային հոր, բայց չի աշխատում»:
Արարատ Միրզախանյանի ծիրանի, դեղձի ու խաղողի այգիներն ընդհանուր 1 հա են: Ասում է՝ բանջարեղենի համեմատ այգիներն ավելի քիչ են ոռոգում:
«Ծիրանենին առաջին անգամ ապրիլին ենք ջրում, իսկ եթե անձրևային է լինում՝ մայիսին: Լինում է, որ 3 կամ 4 անգամ ենք ջրում մինչև բերքահավաքը: Դա կախված է տարվա եղանակից՝ չորային է, թե անձրևային: Նույնն էլ դեղձն է, որը երևի մի ջուր ավել ենք ոռոգում»:
Արմավիրի համայնքի 10 գյուղերի բնակիչները զբաղվում են հիմնականում այգեգործությամբ՝ ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի ու խաղողի այգիներ ունեն: Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն ասում է, որ ոչ մի գյուղացիական տնտեսություն այս տարի չի տուժել։ Բերքի կորուստ չունեն, իրացման խնդիրներ՝ նույնպես:
«Այս տարի առհասարակ դժգոհություններ չեմ լսել: Ընդհակառակը՝ ծառերի բերքատվությունից մարդիկ գոհ են, գոհ են նաև իրացումից: Ասում են, որ գինը բավականին բարձր է և իրացման խնդիր չունեն: Բերքի մի մասն արտահանվում է, մի մասը սպառվում ներքին շուկայում, մի մասը՝ վերամշակվում: Դա կախված է դեղձի սորտերից»:
Այգիներում դեղձի բերքահավաքին զուգահեռ սկսվել է նաև «Վիկտորիա» սորտի սալորի բերքահավաքը։ Այգեպանները պատրաստվում են խաղողի այգեկութին:




