
Հայաստանում անկանխիկ գործարքների թիվը վերջին շրջանում մի քանի անգամ ավելացել է։ Գործարքների հիմնական մասը կատարվում է ազգային վճարային համակարգի՝ ArCa-ի միջոցով։ Սակայն համակարգը պարբերաբար խափանվում է՝ խնդիրներ ստեղծելով օգտվողների համար։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ համակարգի հաճախակի դարձած խափանումների հիմնական պատճառը ծանրաբեռնվածությունն է։ Վճարային համակարգը վերջին հիմնական խափանումներից հետո հաղորդագրություններով պարզաբանում էր, որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք կարգավորվել են։
Մոտ 80 մլն դրամի անկանխիկ գործարք Հայաստանում։ ՊԵԿ-ի հրապարակած տվյալները ներկայացնում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Գրեթե բոլոր գործարքները կատարվում են ազգային վճարային համակարգի՝ ArCa-ի միջոցով։ «Արմենիան քարդ»-ը ազգային վճարային համակարգ է դեռևս 2000 թվականից։ Վերջին շրջանում համակարգը սկսել է հաճախ խափանվել, անհարմարություններ ստեղծելով օգտվողների համար։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝ համակարգի խափանումները սպառողին փաստի առաջ են կանգնեցնում․
«Գնում ենք, օրինակ, տերմինալով, ցանկանում ենք գործարք անել, բայց չենք կարողանում։ Այո՛, չի բացառվում, որ խնդիրը ArCa-ի հետ կապված չլինի, բայց նաև շատ են դեպքերը, որ հենց այդ համակարգի խնդիրն է։ Հաշվի առնելով, որ մենք չգիտեք, որ էս տերմինալով գործարքը իրականում ArCa-ի պրոբլեմն է, մենք ենթադրում ենք` տերմինալը խնդիր ունի, բանկոմատում գումար չկա։ Իրականում ինքներս մեզ համար տարբեր մեկնաբանություններ ենք անում, մինչդեռ իրականում պրոբլեմը հենց շատ դեպքերում լինում է ArCa-ի խնդիր»։
Տեսանելիին զուգահեռ՝ շատ են նաև անուղղակի խնդիրները՝ շեշտում է մասնագետը։ Նշում է, որ առկա է համակարգային խոր խնդիր։ Այստեղ առանցքայինը հենց համակարգի ծանրաբեռնվածությունն է՝ ասում է Պիպոյանը։
Համակարգի աշխատանքը միայն գումար փոխանցելը չէ․
«Մոտավորապես տեսել եք, թե մեր երկրում ինչպես են մարդիկ կանխիկացնում գումարը։ Նախ հարցում են անում, հետո նոր՝ գումար հանում, ապա՝ մնացորդը ստուգում։ Իրականում սա մեկ գործարք է, բայց երեք հարցումով։ ArCa-ի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է»։
Հանրային տրանսպորտում ամեն օր շուրջ 400 հազար փոխադրում է կատարվում։ Այստեղ վճարման երկու մեխանիզմ է գործում՝ տոմսով ու բանկային քարտով կամ հեռախոսով։ Այս դեպքում նույնպես ArCa-ն է գործում։ 180-200 հազար վճարում կատարվում է այդ համակարգով․
«Միայն տրանսպորտը 40%-ից ավելի ծանրաբեռնվածություն է բերել համակարգ։ Այստեղ պետությունը պետք է առաջին հերթին իր գործառույթը կատարի՝ հասկանալով, որ պետք է այդ համակարգը կարգի բերի։ Անկանխիկը լավ բան է, բայց պետք է ենթակառուցվածքների հզորությունը հասցնի այնտեղ, որ հասկանա, որ փոփոխություն անելիս համակարգը ծանրաբեռնվելու է ու խնդիր է առաջացնելու»։
Կենտրոնական բանկում արձանագրում են՝ անկանխիկ գործարքների թիվն իրականում մեծացել է։ Ըստ իրավիճակների՝ խափանումների պատճառները տարբեր են։ Օգոստոսի 26-ի լայնածավալ խափանման պատճառը, օրինակ, սարքի խափանումն էր՝ արձանագրում է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը․
«ԿԲ-ն 2022 թվականից ունի վերահսկողական գործառույթ։ Ուսումնասիրություններ արել ենք ու շարունակում ենք անել։ ՀՀ-ում մի քանի անգամ աճել են անկանխիկ գործարքները։ Մեծացել է համակարգի ծանրաբեռնվածությունը։ Մինչև այս պահը որոշակի էական խափանումներ մենք չէինք տեսել»։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ընդգծում է՝ ArCa-ում, բացի Կենտրոնական բանկից, բաժնետեր է ևս 15 առևտրային բանկ: Համակարգն ավելի քան 3 միլիոն քարտապան ունի, դրանից օգտվում է ավելի քան 100 հազար տնտեսվարող, իսկ տարեկան գործարքների ծավալը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։
«Հասկանալով, որ դա անհարմարություն է բոլորիս համար, պետք է նաև ըմբռնումով մոտենանք այդ հարցին։ Այսպիսի դեպք հնարավոր է․ սա իսկապես խնդիր է, որից բոլորս ենք տուժում։ Որևէ մեկը դրանից չի օգտվում։ Հորդորենք մեր գործընկերներին՝ վստահաբար պրոֆեսիոնալ ձևով ավարտեն ուսումնասիրությունը և այնպիսի մեխանիզմներ դնեն, որ խնդիրներ չլինեն»։
Համակարգի խափանումների պատճառով բանկերը որոշակի խնդիրներ ունեցել են․ թե որքան գումար են կորցրել, առայժմ չի գնահատվել։




