
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն այսօր իր մեծ հարգանքն է հայտնել Հայաստանի ընտրանու նկատմամբ:
«Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ: Տեսել եմ, թե ինչի է հասել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ակումբում, որտեղ նախկինում աշխատել է: Մեզ համար մեծ փորձություն է այստեղ խաղալն ու մեծ սպասելիքներ ունենք աշխարհի առաջնության ընտրական այս փուլից»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ Մարտինեսի խոսքերն է փոխանցել «Արմենպրես»-ը։
Նրա խոսքով` Հայաստանի ազգային թիմի հետ նախկինում ունեցած խաղերն այժմ կարևոր չեն, քանի որ այս մրցափուլը նոր է և կարիք չկա վերհիշել նախորդ հանդիպումները:
«Հայաստանի հավաքականին նոր ուժ կտա նոր մարզիչը: Մեզ համար բարդ կլինի մեկնարկային խաղում, քանի որ Ազգերի լիգան հաղթելուց հետո նոր մեկնարկը միշտ դժվար է լինում»,- շեշտել է Մարտինեսը:
Հայաստան- Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 6-ին ժամը 20։00-ին։




