
«Կամավորների կոալիցիան» համաձայնության է եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ընդհանուր շրջանակի վերաբերյալ, այսօր Փարիզում՝ խմբի նիստից հետո, հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարևոր դեր են խաղում անվտանգության հարցում: Բացի այդ, հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, առ այն, որ Մոսկվան մերժում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած խաղաղարար նախաձեռնություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Կամավորների կոալիցիայի» նիստից հետո հայտնել է, որ Ուկրաինայում հրադադարից հետո 26 երկիր մտադիր է մասնակցել խաղաղապահ առաքելությանը։
Այս երկրները «պաշտոնապես համաձայնել են կամ իրենց զորակազմն ուղարկել Ուկրաինա, կամ որոշակի միջոցներ տրամադրել այս կոալիցիային աջակցելու համար՝ ծովում կամ երկնքում անվտանգությունն ապահովելու համար»,-բացատրել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին վերջնականապես կորոշվի առաջիկա օրերին, և ապագայում Կիևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուղղակիորեն կհամակարգի Վաշինգտոնի հետ:
Փարիզում կայացած խորհրդակցություններին մասնակցել են ընդհանուր առմամբ 35 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։




