
2023 թ․ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը հնագիտական-փրկարարական պեղումներ է իրականացրել ՀՀ Արագոծոտնի մարզի Միրաք համայնքի նորահայտ դամբարանադաշտի տարածքում։ Պեղվել է 8 մ տրամագծով մեկ դամբարան, որը, նախնական ուսումնասիրությամբ, թվագրվում է միջին բրոնզի դարի վերջին և ուշ բրոնզի դարի առաջին փուլերով։

Հյուսիսային հատվածում՝ պատի մոտ, բացվել է յոթ կավանոթ՝ հինգ քրեղան և երկու սափոր:
Բոլոր կավանոթները հայտնաբերվել են բեկոտված և խիստ քայքայված վիճակում, խեցին՝ փխրուն և դյուրաբեկ, շերտազատվող՝ հողի, կրային նստվածքների, աղային կուտակումների առկայությամբ։

Բեկորները գիտահետազոտական կենտրոնի Հնագիտական գտածոների վերականգնման բաժնում մի քանի փուլով ենթարկվել են մաքրման և ամրակայման, անոթները վերականգնվել են, պակասող հատվածները՝ լրացվել։




