— Հո՜վ, Հովհաննե՜ս․․․ արի նավով գնանք։
— Չէ։
— Ո՞նց չէ։
— Լողում եմ։
— Չէ, ոնց որ լավ չես
— Լավ եմ։
Սևանա լիճ մտնելուց 23 ժամ 37 րոպե հետո Հովհաննես Գաբրիելյանը համառորեն պնդում էր՝ լավ եմ, պիտի լողամ։ Այդ ժամերի ընթացքում նա չէր կանգնել, չէր հանգստացել, չէր դիպել որևէ նավի։ Ու թեև ընկերները, առողջությունն ու անվտանգությունը հսկող մասնագետները տարածքում էին, սա նրա ու Սևանի անձնական ճանապարհն էր, որը ուղիղ գծով ձգվեց ՝ 52, լողի հետագծով՝ 68 կիլոմետր։
Օգոստոսի 27-ին Հովհաննեսն ընկերներին ասաց՝ կհանդիպենք Սևանի մյուս ափին մոտ 30 ժամից ու նետվեց ալիքների մեջ 74 կիլոմետր լողալու՝ Սևանն ամենաերկար հատվածով հատելու ու Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանելու ակնկալիքով։
Նա արդեն տեսնում էր վերջնական նպատակակետը՝ ոչ այնքան մեծ հեռավորության վրա, բայց բժիշկները ավելի վստահ տեսնում էին նրան ջրից դուրս հանելու անհրաժեշտությունը։
Գինեսի ռեկորդն այս տարի չի լինի, բայց հաղթանակն արդեն կա։




