
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը մտել է վճռական փուլ․ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետը խոսել է Վաշինգտոնում կողմերի միջև ստորագրված Խաղաղության հռչակագրի և նախաստորագրված համաձայնագրի մասին։ Փաշինյանը սա շրջադարձային կետ է համարել ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի համար։ Հայաստանի վարչապետը նկատել է նաև, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցվել է Վաշինգտոնում: Նախօրեին Իլհամ Ալիևը կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ համաժողովի մասնակիցներին հիշեցնելով, որ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խաղաղության Հռչակագիր են ընդունել, նախաստորագրել խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ քննարկվում է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա։
«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, և կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը»։
ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանն ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահը կրկին օգտագործել է «Զանգեզուրի» միջանցք ձևակերպումը։ Այն շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։ Հայաստանով անցնող երթուղու մասին խոսելիս՝ Ալիևը նաև ասել է, որ իր ձևակերպմամբ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր հարևաններին»։
Վերլուծաբաններն էլ կարծում են, որ սա օրինակներից մեկն է, որն ապացուցում է խաղաղության հարցում Բաքվի հայտարարությունների ու իրական մտադրությունների հակասությունը։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ասում է, որ Ադրբեջանն ազնիվ չէ խաղաղության գնալու իր մտադրություններում։
«Ալիևի նպատակը բոլորովին այլ է և դա չի վերաբերում միայն այդ արտահայտությանը։ Այսինքն՝ Ադրբեջանն անընդհատ Հայաստանի առջև պահանջներ է դնում ոչ թե նրա համար, որ Հայաստանը կատարի այդ պահանջները, այլ հակառակը՝ որպեսզի չկատարի և իրենք հնարավորություն ունենան կամ չստորագրել Խաղաղության համաձայնագիրը՝ մեղքը բարդելով Հայաստանի վրա։ Կամ էլ, անգամ ստորագրելուց հետո, կարողանան հարցը ներկայացնել այնպես, թե, իբր, Հայաստանը իր ստանձնած պարտավորությունները չի կատարել, հետևաբար՝ մենք էլ չենք կատարի»։
ՇՀԿ+ ձաևաչափով հանդիպմանը վարչապետ Փաշինյանն ասել է, որ ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության տարածքով, անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Հայաստանի վարչապետը նաև հավելել է.
«Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ մասնավորապես Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում։ Մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
Վարչապետի խոսքով՝ այդ ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստորագրել են երկկողմ հուշագիր՝ այդ նախագիծը զարգացնելու և ներդրումներ իրականացնելու ուղղությամբ։
«Այս ամենի արդյունքում՝ այս նախագծերի իրականացման արդյունքում, ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել։ Եվ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ մեր և Ադրբեջանի անմիջական հարևանների համար»։
Ի դեպ, Փաշինյանի և Ալիևի ելույթներից առաջ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումը, որն առաջինն էր Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո:
Երկու ղեկավարներն էլ Չինաստանում են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Երկու երկրները կառույցին անդամակցելու հայտ են ներկայացրել։
Պաշտոնական Երևանը գագաթնաժողովը պատմական է համարում նաև Հայաստան–Չինաստան հարաբերությունների համատեքստում։
«Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների», X–ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուրախ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու Չինաստան, որտեղ կարևոր քայլ կատարեցինք՝ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելով: Անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների՝ փոխկապակցվածության և ավելի լայն հնարավորություններով նոր փուլում»։
Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Արևելք-Արևմուտք հարաբերություններն առաջին հայացքից տարօրինակ, բայց նաև օրինաչափ ընթացք են արձանագրում։
«Այն, ինչ֊ տեղի է ունենում աշխարհում այսօր տարբեր տարածաշրջաններում, առանձին պետությունների արտաքին քաղաքականության վերանայման համատեքստում, այդ ամբողջը տեղավորվում է ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների մեջ։ Այսինքն` բոլոր պետությունները, բոլոր տարածաշրջանները դիվերսիֆիկացնում են իրենց կապերը, ընդլայնվում են փոխկապակցվածության հնարավորությունները և փորձում են ապագայի արդեն աշխարհակարգի տրամաբանության մեջ իրենց տեղը և դերը ունենալ»։
ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001 թվականին։ Կառույցը միավորում է աշխարհի խոշոր տնտեսություններից և տարածաշրջանային ուժային կենտրոններից մի քանիսը՝ Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Իրան և Կենտրոնական Ասիայի պետություններ։ 2024 թվականի հուլիսին Բելառուսը դարձավ կազմակերպության 10-րդ լիիրավ անդամը։




