ԿարևորՄիջազգային

Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, արևմտյան երկրները պատրաստ են օգնություն ցուցաբերել

Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, աղետի հետևանքով վիրավորվել է առնվազն 3251 մարդ, 8000 տուն ավերվել է։ Նոր տվյալները հրապարակել են տեղական իշխանությունները։ Ավելի վաղ Աֆղանստանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր 1100 զոհի մասին և զգուշացրել, որ զոհերի թիվը կարող է աճել։

Փրկարարական խմբերը շարունակում են փնտրել ողջ մնացածներին։ BBC-ի թղթակիցները հաղորդում են, որ շատ տեղացիներ գիշերը անցկացրել են դրսում։

Մահացածների մեծ մասը լեռնային Կունար նահանգի բնակիչներ էին, որը ամենամոտն է կիրակի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնին։

Արևմտյան երկրները երկրաշարժից հետո խոստացել են օգնել։

Մեծ Բրիտանիան խոստացել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ երկրի Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ գումարը կտրամադրվի գործընկերների միջոցով, որ օգնությունը չհայտնվի Աֆղանստանը կառավարող «Թալիբան» շարժման ձեռքում։

Չինաստանը, Հնդկաստանը և Շվեյցարիան նույնպես խոստացել են մարդասիրական օգնություն։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ իր երկիրը 1000 վրան է հասցրել Քաբուլ և 15 տոննա սնունդ է տեղափոխել Կունար։

ՄԱԿ-ը խոստացել է 5 միլիոն դոլար Արտակարգ իրավիճակների արձագանքման իր հիմնադրամի միջոցով։

2021 թվականին «Թալիբան»-ի իշխանության գալուց ի վեր Աֆղանստանին տրամադրվող արտաքին օգնությունը կտրուկ կրճատվել է։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալներով՝ Աֆղանստանի բնակչության մոտ 85%-ը ապրում է օրական մեկ դոլարից պակաս գումարով։

Կարդացեք նաև

Back to top button