ԿարևորՄիջազգային

5 հազար դոլար կանխիկ, 1 տարվա սննդի, 4 տարվա բնակարանի ծախս Գազան լքելու համար. ամերիկյան ծրագրի մանրամասները

The Washington Post պարբերականը մանրամասներ է հայտնել Գազայի «վերակառուցման» 38 էջից բաղկացած ամերիկյան ծրագրից։

Այն նախատեսում է, որ Գազայի մոտ երկու միլիոն բնակիչները «կամավոր» վերաբնակեցվեն այլ երկրներում կամ անվտանգ գոտիներում՝ հատվածի վերականգնման ընթացքում։

Տարածքը պետք է անցնի ամերիկյան կառավարմանը տասը տարով՝ այն զբոսաշրջային և տեխնոլոգիական կենտրոնի վերածելու նպատակով։ Փաստաթղթում, որի հետ ծանոթացել է պարբերականը, նշվում է, որ նրանք, ովքեր կհամաձայնեն լքել Գազան, յուրաքանչյուրը կստանա 5000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև աջակցություն՝ բնակարանի չորս տարվա վարձավճարի և մեկ տարվա սննդի ծախսերի համար։

Հողատերերին կառաջարկվեն  «թվային ժետոններ», որոնք հնարավոր կլինի օգտագործել նոր վայրում նոր կյանք սկսելու համար կամ փոխանակել բնակարանի հետ Գազայի հատվածում կառուցվելիք 6–8 նոր «արհեստական բանականությամբ խելացի քաղաքներից» մեկում։

Այնտեղ պետք է ստեղծվեն էլեկտրամոբիլների արտադրության գործարաններ, տվյալների մշակման կենտրոններ և հյուրանոցներ, որոնք կֆինանսավորվեն պետական ու մասնավոր ներդրումներով։

Վերականգնման ժամանակաշրջանում այս պաղեստինյան տարածքը պետք է անցնի Gaza Reconstitution, Economic Acceleration and Transformation Trust կառույցի (GREAT Trust – «Գազայի վերականգնման, տնտեսության արագացման և վերափոխման հիմնադրամ») կառավարմանը։ Ըստ ծրագրի՝ այդ մարմինը կղեկավարի հատվածը տասը տարի, ապա իշխանությունը կհանձնի «վերափոխված և ապաարմատականացված պաղեստինյան կառույցի»։

Washington Post-ի տեղեկություններով՝ նախագծի հեղինակները Իսրայելի այն ներկայացուցիչներն են, որոնք կանգնած են եղել Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) ստեղծման ակունքներում։ Հիմնադրամը, որին աջակցում են Իսրայելը և ԱՄՆ-ը,   արդեն լայն քննադատության է ենթարկվել հումանիտար օգնության բաշխման գործընթացում։

AFP-ի լրագրողները մեկնաբանության համար դիմել են ԱՄՆ պետքարտուղարությանը, որը դեռ չի արձագանքել։

Դոնալդ Թրամփը դեռևս փետրվարին առաջարկել էր, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ վերցնի Գազայի հատվածը՝ այն «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» դարձնելու նպատակով, պայմանով, որ բնակչությունը վերաբնակեցվի Եգիպտոսում և Հորդանանում։

RFI-ն հիշեցնում է, որ այդ ժամանակ ծրագիրը ողջունել են Իսրայելի ծայրահեղ աջ շրջանակները, սակայն մերժել են արաբական և արևմտյան երկրների մեծ մասը։ ՄԱԿ-ը, իր հերթին, այդ ժամանակ զգուշացրել էր Գազայում «էթնիկ զտման» վտանգի մասին։

Կարդացեք նաև

Back to top button