
Սեպտեմբերի 9-ից 14-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը:
Այս տարի դասախոսություններով և քննարկումներով հանդես կգան միջազգային 10 ստուդիաների ներկայացուցիչներ՝ OFFICE KGDVS-ը (Բրյուսել, Բելգիա), Neri&Hu-ն (Շանհայ, Չինաստան), Studio Muoto-ն (Փարիզ, Ֆրանսիա), NOMOS-ը (Ժնև, Շվեյցարիա / Լիսաբոն, Պորտուգալիա / Մադրիդ, Իսպանիա), DF_DC-ն (Լոնդոն, Անգլիա), Förstberg Ling-ը (Մալմո, Շվեդիա), Anna & Eugeni Bach-ը (Բարսելոնա, Իսպանիա), PIOVENEFABI-ն (Միլան, Իտալիա / Բրյուսել, Բելգիա), Langarita Navarro Architects-ը (Մադրիդ, Իսպանիա) և DRDH ստուդիան (Լոնդոն, Անգլիա)։
Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Առնո Բաբաջանյան համերգասրահում, Woods կենտրոնում և այլ վայրերում։
«Անցյալ տարվա փառատոնը մեզ ցույց տվեց, որ «Նպատակ»-ը դարձել է այն բացառիկ միջավայրը, որտեղ տարբեր մշակույթներից և աշխարհագրական կետերից եկող ճարտարապետները ոչ միայն կիսվում են իրենց փորձով, այլև միասին ստեղծում են նոր գաղափարներ։»,- նշում են «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնի հիմնադիրները։
«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության եւ ճարտարապետների ներկայությունը միջազգային հարթակներում։




