
Մեծ Բրիտանիան պլանավորում է ճանաչել Պաղեստինի պետությունը և չի համարում, որ այս քայլով խրախուսում է ՀԱՄԱՍ խմբավորմանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին պալատ):
«Նրանց, ովքեր ասում են, որ Պաղեստինի ճանաչումը ՀԱՄԱՍ-ի համար պարգև է կամ Իսրայելի անվտանգության համար սպառնալիք, պատասխանում եմ՝ դա այդպես չէ: Ճանաչումը ներառված է «երկու պետություն» սկզբունքում, որը ՀԱՄԱՍ-ը մերժում է: Մենք հստակեցրել ենք, որ պաղեստինյան պետությունը պետք է ապառազմականացվի: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դա հաստատել է գրավոր: Մենք որևէ հակասություն չենք տեսնում երկու պետության ստեղծման և Իսրայելի անվտանգության հարցում մեր խորը հանձնառության միջև, քանի որ անվտանգությունը նշանակում է կայուն սահմաններ, այլ ոչ թե անորոշ օկուպացիա», — շեշտել է նա:
Լամմին նաև դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը Գազա քաղաքում: «Ռազմական գործողությունների շարունակությունը Գազա քաղաքում միայն կերկարաձգի և կխորացնի այս ճգնաժամը: Մենք և մեր գործընկերները պահանջում ենք, որ այս գործողությունը անհապաղ դադարեցվի: Ամեն շաբաթ նոր տառապանքներ է բերում», — ասել է բրիտանացի նախարարը:
Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազային մարդասիրական օգնության մատակարարումը և չդադարեցնի իր ռազմական գործողությունները անկլավում, Լոնդոնը կճանաչի Պաղեստինի պետությունը մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանի մեկնարկը:




