ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

2025թ Արմավիրի սուբվենցիոն ծրագրերի թիվն ավելացել է

Արմավիրում 2025 թ սուբվենցվիոն ծրագրերով 2.5 միլիարդ դրամի աշխատանքներ են նախատեսված: Քաղաքի տարբեր հատվածներում խմելու ջրի մատակարարման մետաղյա ցանցը փոխարինվում է պոլիէթիլենայինով։ Դրանից հետո բարեկարգվելու են բակերն ու փողոցները: Բնակիչներն առաջարկում են նորացնել նաև կոյուղին:

Արմավիր քաղաքի փողոցներով անցնելիս հաճախ ենք նկատում ժապաններով առանձնացված ճանապարհի որոշակի հատված: Այդ ժապավենները խոսում են վթարված ջրագծերի վերականգնման մասին։ Իսկ այդպիսիք քիչ չեն Արմավիրում: Բնակիչներն են բարձրաձայնում դրանց մասին.

«40 տարվա երկաթյա խողովակները նոր փոխում են: Ջրագծերի վթարները շատ հաճախ են լինում, շաբաթը մի անգամ»:

Արմավիրում խմելու ջրագծի նոր համակարգը դեռ 2000-ականների սկզբին կառուցել էր հայ-գերմանական «Նոր ակունք» ընկերությունը: Այն նույնպես մետաղյա էր և շարքից շուտ դուրս եկավ: Քաղաքի խմելու ջրի ցանցն արդեն մի քանի տարի նորացվում է: Այդ աշխատանքները հիմա հասել են ծայրամասային թաղամասեր: Բաղրամյան փողոցի բնակիչներն են հետևում ընթացքին:

«Երկաթը փոխարինել են պլաստմասսայե խողովակներով, որոնք շատ հին էին ու անընդհատ վթարվում էին: Շատ լավ կատարել են. տակը ավազները փռել են, լրիվ ստուգել են, ճնշումը շատ բարձրացրել: Մի խոսքով, իսկապես, ամեն ինչ շատ բարեխիղճ է արվում»:

Արմավիրի բնակիչները մատակարարվող ջուրը գրեթե չեն խմում, գնում են ջրի շրջիկ ավտոցիստեռներից կամ վաճառքի սարքերից: Հույս ունեն, որ ջրագծերը փոխելուց հետո կփոխվի նաև խմելու ջրի որակը:

«Դե, նույն ջուրը գալիս է, բայց այսպիսի հարց կա. երկաթից 100 տարվա խողովակներ են եղել: Հիմա դրանք ժանգոտվել են, փչացել են, ծակեր են առաջացել, որտեղից կարող է մեջը ավազ լցվի, հնարավոր է կոյուղու ջուր էլ լցվի ու մեր խմելու ջրի հետ խառնվի: Բայց դե, մենք այդ ջրից օգտվում ենք, մեկ-մեկ էլ խմում: Բոլոր երեխաներն ամբողջ օր բակի ցայտաղբյուրից ջուր են խմում»:

 Ջրամատակարաման նոր համակարգը կառուցվում է համայնքի ու պետական բյուջեի համաֆինանսավորմամբ: Խմելու ջրագծերը փոխելուց հետո ասֆալտապատելու են բակերը: Սակայն թաղամասի բնակիչները դժգոհում են կոյուղու  քայքայվածությունից: Հույս ունեին, որ դա էլ էր փոխվելու:

 «Ավելի շատ կոյուղու խցանումների խնդիր կա, որին ձեռք չեն տալիս»:

«Ջուրը դուրս է տալիս, լցվում բակերն ու գարշահոտություն տարածվում: Մենք չգիտենք հստակ, թե խնդիրն ինչից է»:    

«Կոյուղագծերը շատ վթարային վիճակում են: Եթե այդքան ծախս եք անում, գոնե, կոյուղու խողովակներն էլ փոխեք, հետո միանգամից ասֆալտապատեք, որ ասֆալտը, գոնե, երկար ծառայի»:

«Կոյուղու համար մենք առաջարկեցինք, ասեցին՝ ծրագրում չկա: Հիմա ջրագիծը փոխում են, դրանից հետո կասֆալտեն, երևի վաղվանից է սկսվում այդ աշխատանքը, իսկ կոյուղին լրիվ վթարային վիճակում է: Մենք գումար ենք հավաքել, մաքրել ենք տվել, հետո վնասված խողովակն ենք փոխել: Առաջարկեցինք գծերը փոխեն, ասեցին՝ ֆինանս չկա»:        

Սայաթ-Նովա փողոցը Արմավիրի ամենաբանուկ փողոցներից է։ Այն մաս-մաս է նորոգվում: Հիմա աշխատանքները հասել են արևելյան թաղաղամաս: Ճանապարհը կառուցվում է, իսկ տեղի երիտասարդները սպասում են իրենց բակերի բարեկարգմանը:

««Բանգլադեշ» թաղամասից եմ, ու հիմա մեր Սայաթ-Նովա փողոցն է վերանորոգվում, որի համար շատ ուրախ ենք, որ այստեղ առաջընթաց կա: Մեր տան բակերը ոչ նորմալ վիճակում են, բայց հույս ունենք, որ այդտեղ էլ կանդրադառնան, որովհետև, ոնց տեսնում ենք, մեր քաղաքում առաջխաղացումներ կան»:

Արմավիրում տարեցտարի ավելանում է սուբվենցիոն ծրագրերի քանակն ու ներդրված գումարը՝ ասում է համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը.

«Բազմաթիվ ընթացային աշխատանքներ ենք պլանավորել Արմավիր համայնքում, նաև ուղղված կանաչապատմանը: Բանուկ հատվածներում արդեն կտեսնեք նոր կանաչապատ տարածքներ: Աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ ենք պլանավորել 2025թ սուբվենցիոն ծրագրերով: Մոտ 2.5 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներին ուղղված ծրագրեր ունենք»:

Պլանավորած աշխատանքների մի մասն արդեն արվել է. Արմավիրում ավելացել են ճանապարհային ու հետիոտնային անցման լուսացույցները, գիշերային լուսավորության ցանցը, կանաչապատ տարածքներն ու բարեկարգ փողոցները:

Կարդացեք նաև

Back to top button