
Շանհայի համագործակցության ամենամյա գագաթնաժողովի շրջանակում աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի ղեկավարների հետ, քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Փաշինյանը ռազմավարական համագործակցության մասին հուշագիր է ստորագրել Չինաստանի նախագահի հետ։ Հանդիպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի, Ռուսատանի և Թուրքիայի ղեկավարները և ի թիվս այլ հարցերի քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Թեև գագաթնաժողովը միայն քաղաքական ու տնտեսական բաղադրիչ ունի, փորձագիտական շրջանակաները վերլուծում են դրա ուղերձները նաև երկրների դիվերսիֆիկացիայի և Արևելք-Արևմուտք հակասությունների համատեքստում։
Վաշինգտոնյան բանակցություններից ու խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջին անգամ հանդիպել են Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության ամենամյա գագաթնաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից կարճ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում: Իսկ ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում գումարված վերջին գագաթնաժողովին ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության գործընթացի առաջխաղացումը և հարաբերությունների կարգավորմանը միջազգային հանրության աջակցությունը: Վարչապետն ավելի վաղ առանձնազրույցներ էր ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ։ Արևելագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ նման մեծամասշտաբ գագաթնաժողովները կարևոր ձևաչափ են հատկապես այն պետությունների համար, որոնք խնդիրներ կամ սառեցված հարաբերություններ ունեն միմյանց հետ։
«Եթե չեմ սխալվում, Հայաստան-Ադրբեջան շփումները տևական դադարից հետո անցյալ տարի Կազանում 2 երկրների առաջնորդների հանդիպումից հետո նորից ակտիվացան։ Այսինքն՝ էլի նույն ՇՀԿ-ի շրջանակում, Կազանյան գագաթնաժողովի արդյունքում։ Տևական ժամանակ կողմերի միջև չկային բանակցություններ, ուղիղ հանդիպումներ չկային, Կազանից նորից նույն ՇՀԿ–ի շրջանակում բանակցային գործընթացը սկսվեց։ Հիմա այս գագաթնաժողովները շատ լավ առիթ են այլ նման հարաբերությունները, այսպես ասած՝ սառած կամ թեկուզ կենդանի գործընթացներում գտնվող, ավելի առաջ մղելու, կողմերի միջև եղած խնդիրները լուծելու և նոր պայմանավորություններ ձեռք բերելու համար»։
Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության, կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական և ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։ Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային բնույթի, որոնք անհրաժեշտ է քննարկել: Ռուսաստանի ղեկավարը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Վերջինս հանդիպումից հետո հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության։ Կովկասում երկարաժամկետ կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից»։ Ուշագրավ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վրա վերջին անգամ միջազգային նման ուշադրություն էր հրավիրվել ԱՄՆ-ում, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախաստորագրեցին Խաղաղության համաձայնագիրը և հայտարարեցին, որ Թրամփն արեց այն, ինչ 30 տարուց ավելի ոչ մի առաջնորդ չէր կարողանում։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների համատեքստում իրադարձությունների նման ընթացքը առաջին հայացքից տարօրինակ է, սակայն այդ իրավիճակը փոխել է խաղի կանոնները։
«Այն, ինչ֊ տեղի է ունենում աշխարհում այսօր տարբեր տարածաշրջաններում, առանձին պետությունների արտաքին քաղաքականության վերանայման համատեքստում, այդ ամբողջը տեղավորվում է ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների մեջ։ Այսինքն` բոլոր պետությունները, բոլոր տարածաշրջանները դիվերսիֆիկացնում են իրենց կապերը, ընդլայնվում են փոխկապակցվածության հնարավորությունները և փորձում են ապագայի արդեն աշխարհակարգի տրամաբանության մեջ իրենց տեղը և դերը ունենալ»։
Հակասություն չկա նաև ժամեր առաջ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված ռազմավարական գործընկերության և ամիսներ առաջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նույնաբովանդակ գործընկերության միջև՝ բացատրում է արևելագետը․
«Արտաքուստ որոշակի հակասություններ կարելի է տեսնել, որ մի երկիրը միաժամանակ ռազմավարական հարաբերություններ է հաստատում, ենթադրենք այս պահին տարբեր բևեռներում գտնվող դերակատարների հետ։ Տվյալ դեպքում, օրինակ, Հայաստանը Միացյալ Նահանգների, Եվրամիության մի քանի երկրների հետ է փորձում նման հարաբերություններ հաստատել, Մեծ Բրիտանիայի հետ է քննարկում նման հարաբերություններ և միաժամանակ Իրանի հետ է քննարկում նման հարաբերություններ, և հաստատում է նման հարաբերություններ Չինաստանի հետ։ Առաջին հայացքից, կրկնում եմ, նման տպավորություն կարող է ստեղծվել, բայց այս ամբողջ գործընթացը տեղավորվում է աշխարհում ընթացող տարբեր գործընթացների տրամաբանության մեջ»։
Ընդ որում, ընդգծում է Արմեն Պետրոսյանը, Հայաստանը միակը չէ տարածաշրջանում, որ վարում է նման արտաքին քաղաքականություն։ Ադրբեջանը և Վրաստանը ևս շարժվում են նույն տրամաբանությամբ։ Միևնույն ժամանակ նկատում է, որ բազմավեկտոր քաղաքականությունը ևս վտանգներ ունի։
«Որքան էլ ես նշեցի, որ հնարավորություններն առկա են նման հարաբերություններ հաստատելու, դրանք բավականաչափ զգուշավոր պետք է լինեն և շատ լավ հաշվարկված։ Այսինքն` մի ուղղության հետ կամ մի կազմակերպության հետ համագործակցությունը որևէ կերպ չպետք է բովանդակային առումով հակասի մեկ այլ ուղղության հետ համագործակցությանը։ Նույն Շանհայի համագործակցության կազմակերպության հետ կամ Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը որևէ կերպ չպետք է հակասի Միացյալ Նահանգների հետ ունեցած ռազմավարական համագործակցությանը, Եվրամիության հետ վարվող քաղաքականությանը»։
Քաղաքագետ Ջոնի Մելիքյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում թվարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության 3 հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ուժի կիրառման բացառում, սահմանների անձեռնմխելիություն, և նկատում է, որ կազմակերպության անդամ երկրներից շատերը նման խնդիրներ ունեն միմյանց հետ։
«Քանի որ ռազմական բաղադրիչ այստեղ գոյություն չունի, կան խնդիրներ, բայց տեսեք, կան խնդիրներ Ղրղզստանի և Տաջիկտանի միջև, այլ պետությունների, բայց վերջին տարիների զարգացումները բերեցին նրան, որ կենտրոնական, կենտրոնասիական հինգյակը կարողացավ այսպես ասենք, մոտիվացիա տալ՝ իրար հետ տեղի ներքին խնդիրները լուծելու, որ իրենց տարածքում լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր իրականանան։ Հիմա արդեն նախկինում իրար դեմ աշխատող, իրար հետ կոնֆլիկտ արած պետություններ փաստաթղթեր են ստորագրում, որով ասենք, նույն չինական ներդրումներով երկաթգիծ է անցնում»։
Տյանցզինում գումարված գագաթնաժողովին ընդունված հռչակագրով՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները որոշել են միավորել «դիտորդ» և «երկխոսության գործընկեր» կարգավիճակները «Շանհայի համագործակցության գործընկեր» միասնական կարգավիճակի մեջ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամների։ «Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»,- նշել է Ծինփինը: Քաղաքագետի խոսքով՝ այս կառույցին անդամակցությունը կարող է կանաչ լույս վառել Հայաստանի տնտեսության և ներդրումների համար․
«Այս կառույցին միանալը նաև կարող է կանաչ լույս դիտարկվել նաև Չինաստանի համար՝ այլ պետությունների համար ներդրումներ կատարելու այս տարածաշրջանում»։
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում կմնա մինչև սեպտեմբերի 3-ը, այնուհետև կմեկնի Ճապոնիա։ Աշխատանքային երկօրյա այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետների հանդիպումը:




