ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Ռուսների օդային հարվածից Կիևում սպանվել Է առնվազն 23 խաղաղ բնակիչ

Շչակների ահասարսուռ ոռնոցը, Կիևի ՀՕՊ աշխատանքը, երկինքը փակել չի հաջողվում, հրթիռներն ու անօդաչուները հարվածում են բնակելի շենքերին, գիշեր Է, մեծ քաղաքում շատերը քնած Էին: Ավեր, արյուն, մահ: Սա 21-րդ դարն Է, երբեմնի սլավոն եղբայրը հրթիռակոծում Է մյուս սլավոն եղբոր մայրաքաղաքը, որը համարվում Է ռուսաց աշխարհի օրրանը: Նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում տեղադրած գրառմամբ ցավակցությւն Է հայտնել զոհվածների ընտանիքներին. «Հենց հիմա. Կիև, փրկարարները մաքրում են ավերակները, ռուսները հարվածել են բնակելի թաղամասին: Զոհերի թվում կա երեխա: Այդ ռուսական հրթիռները և ԱԹՍ-ները հստակ պատասխան են նրանց, որոնք ամիսներ շարունակ հրադադար հաստատելու և գործնական դիվանագիտություն վարելու կոչեր են անում»:

Օդային գրոհից ժամեր անց պարզվել Է, որ սպանվել Է առնվազն 23 խաղաղ բնակիչ, կան վիրավորներ, անհետ կորածներ: Օգոստոսի 28-ին ռուսները Կիևի վրա են արձակել մոտ 600 դրոն և հրթիռ: Օգոստոսի 29-ին վաղ առավոտյան նոր գրոհ են իրականացրել:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին հայտնել Է, որ ռուսները շարունակում են «հատուկ ռազմական գործողությունը»: Պաշտոնական Ռուսաստանն այդպես Է անվանում այս պատերազմը:

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Ռուսաստանի զինված ուժերը նույնպես կատարում են իրենց խնդիրները,  շարունակում են հարվածել ռազմական կառույցներին և դրանց հետ առնչություն ունեցող թիրախներին: Հարվածները հաջող են, թիրախները ոչնչացվում են, և հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել Է Պեսկովը։

Հազարավոր կիևցիներ ապաստանել են մետրոյի ստորգետնյա կայարաններում: Կիևի մետրոն վաղուց Է ծառայում որպես ռմբապաստարան, բայց, ավաղ, ոչ բոլորն են հասցնում դուրս գալ  տներից և հասնել մոտակա կայարան:

19-ամյա Վլադիսլավ Կալաշնիկովը վազել Է քանդված շենքի մոտ, որ օգնի տուժածներին, նա սահմռկեցուցիչ պատմություն Է պատմում. «Հրթիռը հարվածեց, և պայթյունի ալիքը մարդկանց պարզապես դուրս շպրտեց շենքից: Նրանք այնտեղ պառկած Էին գետնին: Ես տեսա մի կնոջ ու նրա երեխային: Կինը բետոնե սալի տակ Էր, գլուխը ջարդված, բացված, մենք չկարողացանք բարձրացնել այդ սալը, դա արեցինք երբ փրկարարներն իրենց տեխնիկայով հասան, բայց կնոջը չփրկեցինք»:

Վլադիսլավը հանգիստ Է պատմում, կամ արդեն սովորական Է դարձել այդ մղձավանջը, կամ Էլ ինքն Է դեռ շոկի մեջ: Նա չի ուզում հեռանալ Կիևից, ցանկանում Է շարունակել ուսումը: Նրա խոսքով, Ուկրաինայի և Ռուսաստանի ուժերը հավասար չեն. «Եթե համեմատենք Ուկրաինան և Ռուսաստանը, Ռուսաստանը շատ ավելի մեծ Է, կարող Է երկար դիմանալ, մեր միջոցները սպառվում են, իսկ նրանք դեռ ունեն պաշարներ»:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առանց վարանելու մատնանշում Է պատասխանատուին. «Պուտինն է մեղավոր այս պատերազմի համար, որը նա սկսել Է և չի ուզում ավարտել, նա չի ցանկանում գրավել ընդամենը Դոնեցկը կամ Ղրիմը, նա մեր ամբողջ երկիրն Է ուզում, նա ոչնչացնում Է մեր քաղաքներն ու սպանում Է մարդկանց»:

Արևմուտքը խստորեն դատապարտել Է ռուսների այդ գրոհները: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն.

«Ես վրդովված եմ Կիևի վրա հարձակումից, որի թիրախը նաև Եվրոպական միության գրասենյակն Էր: Սա հուլիսից ի վեր մայրաքաղաքի վրա կատարված ամենամահացու օդային գրոհն Է: Դա հարձակում է նաև մեր պատվիրակության վրա։ Երկու հրթիռ ընկել է պատվիրակությունից 50 մետր հեռավորության վրա՝ 20 վայրկյանի տարբերությամբ: Սա ևս մեկ մռայլ հիշեցում է առ այն, որ Կրեմլը ոչնչի առաջ չի կանգնի Ուկրաինան ահաբեկելու համար, սպանելով քաղաքացիական անձանց՝ տղամարդկանց, կանանց և երեխաների, և նույնիսկ թիրախավորելով Եվրոպական Միությունը»։

Անշուշտ, այդ հարվածների թիրախը նաև ԱՄՆ միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացն Է: Ըստ Էության, դա նաև վիրավորանք Է անձամբ ԱՄՆ նախագահին: Սպիտակ տունը հայտնել Է, որ նախագահն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ, այդ մասին ասել Է նրա խոսնակ Քարոլին Լևիթը, նա Կիևի վրա գրոհի թեման քննարկել Է Թրամփի հետ:

«Դոնալդ Թրամփը բնավ ուրախ չԷր, առնելով այդ լուրը, բայց նաև զարմացած չԷր, երկու երկրները շատ երկար ժամանակ պատերազմի մեջ են։ Ռուսաստանը հարձակում է սկսել Կիևի վրա։ Նմանապես, Ուկրաինան վերջերս հարված է հասցրել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Եվ այս սպանությունները, ցավոք, կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմն Է շարունակվում, այդ պատճառով էլ նախագահը ցանկանում է, որ այն ավարտվի։ Բայց այս երկու երկրների առաջնորդներն Էլ պետք Է զգան պատերազմն ավարտելու կարիքը: Կարծում եմ, նախագահը ավելի ուշ կանի լրացուցիչ հայտարարություններ այս մասին»,- ասել Է Լևիթը:

Թրամփի հայտարարությունը մեր հաղորդման հեռարձակման պահին դեռ չի հրապարակվել:

Կարդացեք նաև

Back to top button