
Հայաստանում միրգ-բանջարեղենի անվտանգության թեման լայն արձագանք է ստացել քաղցկեղածին թունաքիմիկատների վերաբերյալ հրապարակումից հետո։ Մինչ հանրությունը մտահոգվում և անհանգստանում է ներկայացված տվյալներից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում է՝ ուսումնասիրությունը հենց կառույցի նախաձեռնությամբ է կատարվել, և իրավիճակը ներկայացվում է առավել սուր ձևով, քան իրականում կա։ Ի՞նչ է ցույց տվել մոնիթորինգը, ի՞նչ բացատրություններ է տալիս ՍԱՏՄ-ն և ինչ կարծիք ունեն մասնագետները։
Մնացորդային նյութերի մոնիթորինգային ուսումնասիրությունը և դրա արդյունքների արձագանքը հանրության շրջանում ստեղծել են այնպիսի տպավորություն, որ լրատվամիջոցն ինքն է ուսումնասիրություն կատարել, բացահայտումներ արել, ու ՍԱՏՄ-ն էլ ոչ մի բանից տեղյակ չէ՝ ասում է ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը և բացատրում․
«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ մնացորդային նյութերի ուսումնասիրության նախաձեռնությունը եղել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից դեռևս տարիներ առաջ»։
Խոսքը «Առողջ սնունդ» կայքում հրապարակված «Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ի՞նչ է մեր «առողջ» ափսեի մեջ» հրապարակման մասին է, որում մանրամասնորեն ներկայացվում են 2019 և 2021 թվականներին Հայաստանի ՍԱՏՄ-ի պատվերով անցկացված մոնիթորինգային ուսումնասիրությունները։ Ըստ դրանց արդյունքների՝ լայն սպառում ունեցող տեղական միրգ-բանջարեղենում քաղցկեղածին թունաքիմիկատների անթույլատրելի քանակ է հայտնաբերվել։ Հրապարակման մեջ այս տվյալին զուգահեռվել է մեկ այլ ցուցանիշ՝ վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղի տարածվածությունը 45%-ով ավելացել է։
2019 թ․ փորձաքննվել էր 17 տեսակի միրգ-բանջարեղեն, 2021-ին՝ 13, որոնց մի մասում հայտնաբերվել էին թունաքիմիկատների գերազանցումներ։ Արթուր Նիկոյանը համամիտ չէ այն դիտարկմանը, որ 2019-ի համեմատ՝ 2021-ին ավելի վատ վիճակ է արձանագրվել։
«Վիճակը չի վատացել։ Արդյունքները պետք է այդպիսին լինեին։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ 19-ից հետո՝ 21-ի պլանը կազմելիս, հանվել են մի շարք մշակաբույսեր, պեստիցիդներ, որոնք պետք է փորձաքննության ենթարկվեն։ Այսինքն՝ 21-ին արդեն կոնկրետ կատարվել է թիրախային ուսումնասիրություն այն կողմերից, որոնցում արդեն ռիսկերը բացահայտված էին։ Դրա համար, երբ համեմատում ենք 19 ու 21 թվականները, տպավորություն է ստեղծվում, որ 21 թվականին վիճակը վատթարացել է»։
Ըստ ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի՝ աժիոտաժ է առաջացել, քանի որ նման ուսումնասիրություն Հայաստանում առաջին անգամ էր կատարվում։ Նշենք, որ 2024–ի փետրվարին էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել 2019 և 2021 թթ. անցկացված մոնիթորգինգի արդյունքները, ըստ որոնց՝ տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել էին «պեստիցիդների կամ թունաքիմիկատների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր»։
Թունաքիմիկատները, ըստ մասնագիտական բացատրության, ժամանակակից գյուղատնտեսության անբաժանելի մասն են. դրանք քիմիական կամ կենսաբանական միացություններ են, որոնք ոչնչացնում են վնասատուներին, պայքարում հիվանդությունների և մոլախոտերի դեմ, ավելացնում բերքատվությունը։
«Ֆիքսենք, որ ՀՀ-ում չեն գրանցվում, չեն ներմուծվում, չեն օգտագործվում այնպիսի պեստիցիդներ, որոնք միջազգային պայմանագրերով արգելված են և ունեն այդ վատ՝ ոչ միայն քաղցկեղածին, այլ նաև մյուս վատ հատկությունները»։
Ինչ վերաբերում է թույլատրելի չափաքանակներին ու դրանց գերազանցմանը, կարևոր է, թե ինչ քանակով է մարդը սնունդն ընդունում։ Մեկ բաղադրիչով որոշել, որ տվյալ բաղադրիչը վնասակար է առողջության համար և դրա պատճառով մենք ունենք հիվանդացածության բարձր աճ, իրատեսական չէ՝ ասում էՀիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը.
«Պեստիցիդներն իրենք, այո՛, ռիսկի գործոն են, դրանց չափաքանակների գերազանցումը ռիսկի գործոն են, բայց հիվանդությունների առաջացման պատճառները պարզելու համար անհրաժեշտ են բազմաթիվ հետազոտություններ՝ զուգորդելով նաև լաբորատոր գործիքային հետազոտությունները։ Հետազոտությունների մեջ մենք պետք է հաշվի առնենք ընդունվող չափաքանակները, մարդու ժառանգականությունը, վնասակար սովորությունները՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը և մի շարք այլ գործոններ, որպեսզի կարողանանք հստակ ասել, որ այդ հիվանդությունն առաջացել է տվյալ բանից։ Հետևաբար մեկ բաղադրիչ ընտրելուց և ասելուց, որ այս միրգը կամ բանջարեղենը վտանգավոր է, եկեք խուսափենք։ Ես կարծում եմ՝ ճիշտ չէ»։
Գրիգորյանն ասում է՝ չկան այնպիսի մեթոդներ, որոնք մեկ բաղադրիչով կհաստատեն այս կամ այն հիվանդության լայն տարածումը։
Արթուր Նիկոյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո փոփոխություններ են կատարվել պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կարգում, դրանց որոշ տեսակների ներմուծումն արգելվել է, նաև դիմել են Էկոնոմիկայի նախարարություն «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար։ Այս օրենքով են կարգավորվում ագրոքիմիկատների ներմուծումը, գրանցումը, արտադրությունն ու շրջանառությունը։
«Այն բոլոր գյուղացիական տնտեսություններում, որոնցից նմուշառում էր կատարվել մնացորդային նյութերի հայտնաբերման նպատակով, և որոնցում հայտնաբերվել էին խախտումներ, բացատրական աշխատանքներ են տարվել. ներկայացվել է, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել պեստիցիդները, ինչ չափաքանակով և ինչ ժամկետներով և այլն։ Բնականաբար դրա նպատակն այն է, որ միջոցներ ձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ, իսկ խնդրի լուծումն է՝ նպաստել այն գործոններին, որ հնարավորություն կտան մյուս տարի ստանալ ավելի լավ բերք»։
2024 թվականին ՍԱՏՄ-ի անցկացրած ուսումնասիրությունների տվյալները դեռ ամփոփվում են։ Կառույցի ներկայացուցիչների խոսքով՝ դրանք կներկայացվեն հանրությանը պատրաստ լինելուն պես։




