
Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ Նախարարների խորհրդի որոշման նախագիծը օգոստոսի 25-ից ներկայացվել է ԵԱՀԿ անդամ 57 պետություններին՝ մինչև սեպտեմբերի 1-ը լուռ ընթացակաարգով հաստատելու համար՝ «Ռադիոլուրին» փոխանցել են ԵԱՀԿ քարտուղարությունից։ Կառույցի խոսնակը մանրամասնել է, որ այս ընթացակարգը հնարավորություն է տալիս որոշումն ընդունել սեպտեմբերի 1-ին, եթե որևէ պետություն առարկություն չներկայացնի։ «Քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այս քննարկումների ցանկացած արդյունք»,- մանրամասնել են ԵԱՀԿ-ից։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էին համատեղ դիմել ԵԱՀԿ Նախարարների խորհրդին՝ Մինսկի խումը լուծարելու համար։ Այն միջազգային միակ մեխանիզմն էր, որ 1990-ականներից ստանձնել էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի պատասխանատվությունը։
Ադրբեջանի իշխանությունները սկսեցին խոսել այն լուծարելու մասին 44-օրյա պատերազմից հետո, այնուհետև հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման՝ Բաքվի նախապայմաններից մեկը խմբի լուծարումն է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջև հաստատվելիք խաղաղության պայմաններում ՄԽ-ն կորցնում է գոյության իմաստը, և Հայաստանը դեմ չէ այն լուծարելուն։
Վաշինգտոնյան իրադարձություններից ու խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից 20 օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու միակ նախապայմանն արդեն ՀՀ սահմանադրության փոփոխությունն է․
«Պաշտոնապես խաղաղության համաձայնագիր չստորագրվեց մեկ կոնկրետ պատճառով՝ Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր։ Բայց այն փաստը, որ այս փաստաթուղթը Ադրբեջանի և Հայաստանի կողմից նախաստորագրվել է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ»։
Ալիևի այս հայտարարությունից ժամեր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուսստաընկերությանը տված հարցազրույցում պնդեց՝ Վաշինգտոնում ադրբեջանական կողմը ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը քննարկման առարկա չի դարձրել․
«Վերջին շրջանում Ադրբեջանի հետ չենք խոսել այդ մասին, օրինակ` Վաշինգտոնում Սահմանադրության թեման չի քննարկվել։ Նախորդ շրջանից մենք լսել ենք, որ իրենք կարծում են, որ մեր Սահմանադրությունը պետք է փոխվի, նոր իրենք հանգիստ կլինեն ինստիտուցիոնալ առումով և կարող են ստորագրել համաձայնագիրը, որովհետև պնդում են, որ իրենք կարծում են, որ մեր Սահմանադրության մեջ խնդիր կա՝ որպես անկյունաքար և կարող է խոչընդոտել։ Մենք այդ կարծիքը չենք կիսում։ Մենք հազար անգամ հրապարակային ասել ենք, որ մենք մեր Սահմանդրության մեջ խնդիր չենք տեսնում, զուգահեռաբար, եթե դա ինչ-որ ձև խնդիրներ տեսնում ենք իրենց Սահմանադրության մեջ, բայց կարծում ենք, որ պայմանագիրը էդ բոլոր հարցերը լուծում է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց, որ իր տպավորությամբ Ալիևը հարցազրույցում ավելի շուտ արձանագրել է խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև․
«Բայց երբ մենք արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, մենք չենք արձանագրում, որ այլևս կողմերը որևէ հարց չունեն իրար հետ և նման բան չի լինում»։
Վարչապետի ձևակերպմամբ՝ միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը չընդհատվող պրոցես է, և կողմերն ինչ-որ փուլում անհամաձայնություններ են ունենում, սակայն էականն այն է, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը պարտավորվել են «ամենօրյա խնամքով հոգ տանել» հաստատված խաղաղության մասին։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանը և «Թրամփի ուղու» գործարկմանը, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահին ոչ ԱՄՆ-ի, ոչ Ադրբեջանի հետ քննարկումներ չկան։
«Պայմանավորվել ենք, որ քննարկումները կսկսենք սեպտեմբերից»։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում Միացյալ Նահանգներից պատվիրակություն կգա Հայաստան և Սյունիքով անցնելիք ճանապարհի մասին պայմանավորվածությունները կմտնեն գործնական փուլ։ Նախարարն ընդգծում է, որ այդ գործընթացը և ճանապարհի վերջնական շահագործումը կարող են լինել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների ավարտից հետո․
«Այս ենթակառուցվածքների բացումից առաջ կամ զուգահեռ, կամ մինչև բացումը պիտի լինի սահմանազատում, պիտի այս կողմից դրվի Հայաստանի Հանրապետության դրոշը, այն կողմից դրվի Ադրբեջանի Հանրապետության դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, սահմանային անցակետում պիտի լինեն համապատասխան սահմանային ծառայությունները, մաքսային ծառայությունները, այսինքն` այլ կերպ ո՞նց եք պատկերացնում, չէ՞ որ սա, ինչպես գրված է, լինելու է երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և փոխադարձության սկզբունքին համապատասխան»։
«Թրամփի ուղու» հատվածում որևէ երրորդ կողմ չի ունենալու անվտանգային վերահսկողության գործառույթ՝ ասում է Արարատ Միրզոյանը․
«Հայաստանը և Միացյալ Նահանգները պետք է հիմնադրեն և կառուցեն TRIPP ծրագիրը: Միայն Հայաստանը և Միացյալ Նահանգները իրար հետ համաձայնեցնելով պետք է ընտրեն մի այլ երրորդ պարտնյոր, ինչ-որ մի ընկերություն միջազգային, կամ այլ երկրի, որը տեղում կանի այդ կառուցապատումը և ենթադրաբար նույն ընկերությունը կանի կառավարումը։ Ոչ թե վերահսկողություն կամ անվտանգություն կառավարում պետք է անի, այլ՝ տնտեսական մենեջմենթ»։
Արձագանքելով ընդդիմադիրների և որոշ վերլուծաբանների այն խոսույթին, թե նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը բխում է միայն Ադրբեջանի շահերից, Միրզոյանը ընդգծում է․
«Չկա մի դրույթ, որը էականորեն լավ է մի երկրի համար և էականորեն վատ է մյուս երկրի համար։ Կարող եք բոլոր հոդվածները հերթով ընթերցել»։
Փոխշահավետ է ոչ միայն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, այլև Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հռչակագիրը՝ ընդգծում է Միրզոյանը։ Վերջինում ամենաշահարկված կետը տարածաշրջանի ապաշրջափակման և երկկողմ ու միջազգային փոխադրումների համար երկու երկրների հաղորդուղիների բացման մասին է։ Տարընթերցումների տեղիք է տվել այն ձևակերպումը, ըստ որի՝ «Այս (երկու երկրների) ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Միրզոյանը հստակեցում է․
«Անխոչընդոտ բառի մասով գիտեմ, որ շահարկումներ կան։ Ես ուզում եմ ասել, որ կարող է ոմանց համար նորություն է այն, որ Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում` հետաքրքրաբար, Ադրբեջանի հետ համատեղ ունի տարիներ առաջ ստորագրած միջազգային իրավական փաստաթղթեր, կոնվենցիաներ, որտեղ մենք՝ որպես առանձին երկրներ, ունենք պարտավորություններ։ Ես խնդրում եմ մի հարցի պատասխանեք` մենք հիմա ունենք աշխատող բաց սահման Իրանի և Վրաստանի հետ։ Իրանի համար, իրենց տրանսպորտային միջոցների, իրենց առևտրի համար, Վրաստանի համար մեր տարածք մենք խոչընդոտնե՞ր ենք առաջացնում, իրենց շարժը անխոչընդոտ չի՞, անխոչընդոտ չի նշանակում որ սահմանանին կառուցակարգեր չլինեն»։
Միրզոյանը չի մանրամասնում, թե այս պահին ինչ փուլում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն վստահեցնում է, որ միայն այդ գործընթացի ավարտից հետո կապաշրջափակվի տարածաշրջանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ասել է, որ հաջորդ տարի հավանաբար կավարտեն Նախիջևանից Հայաստան երկաթուղու ու մայրուղիների կառուցումը, և պնդել, որ Հայաստանի տարածքում երկաթգծի կառուցումը չպետք է ձգձգվի, քանի որ ընդամենը 42 կիլոմետրանոց է: Դա հնարավոր է անել ամերիկյան ներդրողների ներգրավմամբ՝ հայտարարել է Ալիևը։




